Վերջին պատմական շանսն է՝ ճանաչել Արցախը, եթե ՀՀ իշխանությունը դա չի անում, ուրեմն հրաժարվում է Արցախից. Մելքոնյան
Աշխարհը մտնում է նոր փուլ. այս տարի հունվարին հայտարարել էին Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները, ուստի, այդ համատեքստում նայելով տարծաշրջանային զարգացումներին և Արցախի խնդրին, պետք է շատ հստակ արձանագրել՝ Մերձավոր Արևելքի մաս համարվող Հարավային Կովկասում այլևս ուժեղանում է թուրքական ազդեցությունը։
Կարևոր է նաև հիշել, որ արցախյան պատերազմից հետո մեր տարածաշրջանում Թուրքիան ձեռք բերեց ամուր դաշնակից՝ Ադրեջանին, որի վրա իր նպատակներին հասնելու համար կարող է ավելի ուժեղ հենվել ու ունենալ ազդեցության ամուր լծակներ, փոխարենը՝ Ռուսաստանն այլևս չի կարող ավելի ամուր հենվել Հայաստանի վրա, որովհետև Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի համար վստահելի գործընկեր ու դաշնակից չէ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, վերլուծելով տարածաշրջանային զարգացումները, նման տեսակետ հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, «Հայկական նախագծի» անդամ Սերգեյ Մելքոնյանը՝ հավելելով.
«Ռուսաստանը մեզ այլևս վստահելի դաշնակից չի դիտարկում, որովհետև տեսնում է, որ Հայաստանի իշխանությունն իր արտաքին քաղաքականության վեկտորը 180 աստիճանով փոխել է դեպի Թուրքիա։ Ռուսաստանը տեսնում է, որ դա անող իշխանության համար կարևոր չէ ո՛չ Արցախի, ո՛չ Սյունիքի հարցը, և ոչ էլ այն, որ Հայաստանից օկուպացված տասնակ կիլոմետրեր կան Ադրբեջանի ձեռքում»։
Դիտարկմանը, որ, ըստ իշխանամերձ շրջանակների, ՀՀ իշխանությունը փորձում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել՝ Թուրքիային դիտարկելով որպես Ռուսաստանին այլընտրանք՝ հատկապես հեռանկարում ունենալով տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման հավանականությունը, Մելքոնյանը նկատեց.
«Թուրքական պետականաշինությունը հիմնված է ցեղասպանության վրա, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը դրանից երաշխավորված չէ։ Եթե ՀՀ իշխանությունն ընտրում է թուրքական պրոյեկտը, ապա մոտ ապագայում երկու տերությունները կընտրեն նոր ազդեցության գոտիներ մեր տարածքներում, ինչից հետո Երևանում նստած կասեն՝ մեզ նորից դավաճանեցին»։
Նրա փոխանցմամբ՝ Թուրքիան չի փոխվել, չի փոխել իր պետական քաղաքականությունը, և ասվածի ապացույցն է նաև Սիրիան և Իրաքը։
«Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Սիրիայում և Իրաքում, մենք ինչո՞վ ենք նրանցից առավել։ Ո՞վ է ասել, որ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը կարող է դիմագրավել Թուրքիային։ Ի վերջո, հայաթափությունը թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակն է, և հիմա դա իրենք իրականացնում են Արցախում, ու չնայած դրան, Արցախից հրաժարվում է Հայաստանի իշխանությունը՝ ողջ պատասխանատվությունը թողնելով Ռուսաստանի ուսերին»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով՝ դեպի Թուրքիա գնացող Հայաստանի հետ Ադրբեջանը փորձում է գործ չունենալ ու Արցախի հետ կապված բոլոր հարցերը լուծել Ռուսաստանի հետ։
«Ուստի, հիմա վերջին պատմական շանսն է՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Կարող է այլևս նման շանս չլինել. եթե հիմա Հայաստանի իշխանությունը չի ճանաչում Արցախը, ապա դա նշանակում է՝ հրաժարվում է Արցախից՝ որպես իր պատմական տարածքից»,- ասաց Սերգեյ Մելքոնյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հռչակած խաղաղության դարաշրջանի բացմանն ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա պատմական գիտությունների թեկնածուն վստահեցրեց՝այդ պայմանագիրը բացարձակապես երաշխիք չէ, որ դրա կնքումից հետո Ադրբեջանը չի հարձակվելու Հայաստանի վրա։
«Չէ՞ որ իրենք ասել են, որ վերադառնալու են Սյունիք, Սևան, հետևաբար՝ երբ ասում են՝ խաղաղության պայմանագիր, պետք է ասեն՝ դրա գինը ո՞րն է։ Եթե գինը Սյունիքով միջանցքն է, ապա դա մեզ համար ստեղծելու է նոր սպառնալիք, եթե մենք հրաժարվում ենք Արցախի հարցից, Ցեղասպանության մասին էլ մոռանում ենք, ապա հարց է առաջանում, արդյո՞ք դա այն գինն է, որի դիմաց ուզում ենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ. չէ՞ որ այդ պայմանագիրը երաշխիք չէ, որ պատերազմ չի լինելու, երաշխիք չէ, որովհետև միակ երաշխիքը ռազմական ուժն է։ Հիշե՛ք, մինչև Սիրիայի պատերազմը Ասադն ու Էրդողանը հանդիպում էին եղբոր պես, մեկ տարի անց թուրքական բանակը մտավ Սիրիա»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում