«Մեզ համար նա ու իր նմանները՝ ադրբեջանական նավթադոլարներով կաշառվածները, գոյություն չունեն». Ջամալյան
«Այն ողբալի վիճակում, որին մեզ հասցրել է գործող իշխանությունը, մենք ունենք ընդամենը մեկ ելք՝ սերտ հարաբերություններ բարեկամ Իրանի հետ և նոր ինտեգրացիոն սխեմա՝ դաշնակից Ռուսաստանի հետ, որի արդյունքում հայոց պետականության մեջքը կշտկվի, և մենք ռեգիոնում կլինենք սուբյեկտ, անվտանգության նոր ձևավորվող համակարգի կարևոր հանգույց»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով առկա մարտահրավերներին՝ նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Այս համատեքստում նա հարկ համարեց ընդգծել, որ հակառուսական տրամադրություններ ստեղծող ցանկացած հայտարարություն՝ հենց հնարավոր նոր դաշինքին ուղղված կրակոց է:
Որպես օրինակ՝ փորձագետը հիշեցրեց ադրբեջանասեր ռուս փորձագետ Իգոր Կորոտչենկոյի վերջին հայտարարությունները. «Ուզում եմ ընդգծել, որ մենք՝ պետականակենտրոն դիրքորոշում կրողներս, ՌԴ-ում հարաբերվելու ենք դաշնակիցների հետ, այլ ոչ թե ադրբեջանական նավթային փողերով կաշառված փորձագետ կոչեցյալների: Երեկ Կորոտչենկոն իրեն թույլ է տվել ուղղակի լկտիաբար արտահայտվել մեր երկրի վերաբերյալ՝ ասելով, թե մենք պետք է կամավոր դենացիֆիկացվենք, ուրեմն թող Կորոտչենկոն դեադրբեջանականացվի:
Մենք՝ ՌԴ-ի հետ դաշինքի կողմնակիցներս, Կորոտչենկոներին չենք ընկալում՝ իբրև Ռուսաստան, իբրև մեկը, ում հետ կարելի է խոսել ու պայմանավորվել: Մեզ համար նա ու իր նմանները՝ ադրբեջանական նավթադոլարներով կաշառվածները, գոյություն չունեն: Մենք ՌԴ ասելով՝ հասկանում ենք պետականակենտրոն ուժեր, որոնք ՌԴ-ում այսօր կան. այնպես որ, ադրբեջանական փողերով վարձվածի վայրահաչոցը պետք է ընկալել ընդամենը իբրև ադրբեջանական կողմի կրակոց դեպի հայ–ռուսական դաշինքը, և ոչ ավելին»:
Հիշեցնենք՝ ադրբեջանահաճո հայտարարություններով հայտնի ռուս փորձագետ Իգոր Կորոտչենկոն հայերի հանդեպ ատելության հերթական չափաբաժինն ուղղել էր օրերս՝ տելեգրամյան իր էջում մասնավորապես գրելով. ««Սպուտնիկ. Արմենիա»-ն հայտնում է, որ «Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության օգտին»։ Այնտեղ՝ Երևանում, դրանք լրիվ անադեկվա՞տ են։ Թե՞ խառնել են ափերը:
Ավելի լավ է՝ Հայաստանում փակեք ամերիկյան ռազմական կենսաբանական լաբորատորիաները և կամավոր ապազգայնականացում իրականացրեք։ Մենք Ռուսաստանում ոչ միայն չենք սիրում ուկրաինական Բանդերային, այլև հայկական Բանդերային՝ Նժդեհին»։