Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավարը՝ Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Երևանի Կենդանաբանական այգու ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավար էդմոնդ Ղազարյանը: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Լիանա Բրյանը:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներից անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանն ասել էր, որ տնօրեն պետք է նշանակվի ոլորտից հասկացող անձ:
«Եթե այգու տնօրեն լինի Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավարը, ապա որևէ փոփոխություն չեմ ակնկալի, որովհետև ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Կենդանաբանական այգու տնօրենը պետք է լինի մասնագետ: Ոչ մասնագետ անձանց փոփոխությունը բերեց, հանգեցրեց այս հետևանքներին: Իսկ Էդմոնդ Ղազարյանը միջազգային հարաբերությունների ֆակուլտետն է ավարտել, էլի կիլոմետրերով հեռու կենդանիներից ու խնդիրներից, որոնք չի կարող լուծել»,- նշեցլ էր այգու նախկին աշխատակիցը:
Մանուկ Մանուկյանը, ով աշխատել է Կենդանաբանական այգում, ևս վստահ է՝ նշանակվող անձը ոլորտից հեռու չպետք է լինի:
«Իրավունք» թերթը պարզել է, որ Էդմոնդ Ղազարյանը 2006-2010թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2017թ. ավարտել է Club Class անգլերեն լեզվի դասընթացը (Մեծ Բրիտանիա, Լոնդոն): 2004-2010թթ. աշխատել է «Կարուշ» ՍՊԸում որպես գլխավոր տնօրեն: 2010-2016թթ. հիմնադրել է «Գրանդ Լեվլ» ՍՊԸ-ն եւ աշխատել որպես տնօրեն (ՌԴ): 2019թ. հիմնադրել է «Գրանդ Միլկ» ՍՊԸ-ն եւ աշխատել որպես հիմնադիր տնօրեն:
2019թ. նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: 2020թ. ապրիլի 22-ին նշանակվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար: 2022թ. հունվարի 24-ին վերանշանակվել է նույն պաշտոնում»:
Հիշեցնենք, որ Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանն օրերս սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: