Դելյագինի հայտարարություններն ու տելեգրամյան հարցումը գրգռել են ադրբեջանցիներին
Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը երեկ «Ռոսիա 24» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում խոսել է Արցախում ադրբեջանական սադրանքների մասին՝ դրանք պատժելու հստակ պահանջով: Դելյագինի հայտարարությունները երեկվանից ադրբեջանական քարոզչամեքենաների ու փորձագիտական դաշտի քննադատությունների թիրախում են:
«Ադրբեջանցիներն իսկապես խախտել են զինադադարը, և մերոնք (ՌԴ պաշտպանության նախարարությունը) ասացին, որ նրանք հետ են քաշվել այն բանից հետո, երբ մենք զրուցել ենք նրանց հետ։ Բայց նրանք (Բաքուն) պաշտոնապես հայտարարեցին, որ իրենք ոչ մի տեղ չեն գնացել զբաղեցրած տարածքներից։
Ագրեսիայի այս քաղաքականությունը ամերիկացիների և այս դեպքում՝ Թուրքիայի սատելիտների կողմից, թուրքական վստահորդի կողմից, որին անվանում ենք պետություն, այսօրեական իրական վտանգ է։ Եվ եթե սա չպետք է խիստ պատժվի. մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի նավթարդյունաբերությունը. մենք դրա կարիքը չունենք, այն չափազանց խոցելի է:
Եթե մարդիկ խոսքերը չեն հասկանում, հավանաբար ստիպված կլինեն հասկանալ գործերը»,- մասնավորապես նշել էր Պետդումայի պատգամավորը:
Բայց սա էլ դեռ ամենը չէ՝ «Delyagin’s special» տելեգրամյան ալիքում հարցում էր իրականացվել, թե արդյո՞ք Ռուսաստանի անզորության համոզմամբ առաջացած ադրբեջանական ագրեսիայով պայմանավորված՝ արդարացված են համարում մարտավարական միջուկային զենքի կիրառումն Ադրբեջանի նավթարդյունաբերությունը վերացնելու համար:
Ի դեպ, քանի որ այս դիտարկումները գրգռել էին ադրբեջանական կրքերը, այսօր լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ դրանց անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այդ հայտարարությունը ոչ մի կերպ չի համապատասխանում և չի կարող համապատասխանել Ռուսաստանի Դաշնության պաշտոնական գծին։ Դա ավելի շուտ հայտարարություն է, որն ընկած է անձնական հույզերի հարթության վրա, որոնք վառ ձևով են արտահայտվել: Անշուշտ, մենք կոչ կանենք վերահսկել այդ հույզերը և զերծ մնալ նման հայտարարություններից, առավել ևս մեր գործընկերների նկատմամբ: Ադրբեջանը դասվում է մեր գործընկեր երկրների շարքին, առավել ևս այն պայմաններում, երբ Ռուսաստանը շատ եռանդուն ջանքեր է գործադրում Ղարաբաղում խաղաղության պահպանման և բոլոր կողմերի կողմից համապատասխան պարտավորությունների կատարման ուղղությամբ»,- ասել է Պեսկովը լրագրողներին: