«Արցախի համար անընդունելի է Ադրբեջանի կազմում լինելու ցանկացած տարբերակ. սա մեր «կարմիր գիծն» է». Դավիթ Բաբայան
«Ռուս-հայկական եղբայրությունը մեր պետականության հուսալի ապագայի ու մեր ժողովրդի անվտանգության կարևոր գրավականներից մեկն է։ Այն որևէ կերպ չպետք է դիտարկել որևէ երկրի դեմ ուղղված ինչ-որ քայլ: Այսինքն՝ մեր եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի հետ ուղղված չէ ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ էլ այլ երկրի դեմ»,- այս մասին 168.am–ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախում վերջին իրադարձություների համատեքստում հակառուսական հայտարարարություններին և տրամադրություններին, որոնք մեծամասամբ մեղադրանքներ էին՝ ուղղված ռուս խաղաղապահներին։
Նման մեղադրանքներ հնչեցին նաև ՀՀ իշխանոթւյան տարբեր ներկայացուցիչների կողմից։
Դավիթ Բաբայանի խոսքով՝ աշխարհաքաղաքականությունն ունի իր կանոնները, և այդ կանոններից ամենակարևորն այն է, որ եղբայրական երկրների ու ժողովուրդների հետ մշտապես պետք է պահպանել եղբայրական հարաբերություն և չմտնել վիրտուալ դաշտ։
«Մենք պետք է հասկանանք, որ ռուս խաղաղապահներն այս պահին պահպանում են Արցախը, եթե չլինի ռուս խաղաղապահ առաքելությունը՝ Արցախը չի լինելու, սա պետք է գիտակցենք։ Չենք ընդունում որևէ հակառուսական տրամադրություն, Արցախում նման տրամադրություն ունեն 1-2 հոգի, Հայաստանում էլ, համոզված եմ, քիչ տոկոս են կազմում։ Արցախում տեղի ունեցող բոլոր սրացումներն Ադրբեջանի պատճառով են, այլ ոչ թե ռուս խաղաղապահների։ Սա է մեր ապագայի գրավականը»,- հավելեց Արցախի արտգործնախարարը։
Ինչ վերաբերում է ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարությանը, որ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, պետք է անհապաղ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ, և հարցին՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը կարո՞ղ է լուծել Արցախում ստեղծված իրավիճակը, Դավիթ Բաբայանը պատասխանեց.
«Մշտապես ասել եմ, որ այս պայմանագիրը վերջնանպատակ է ադրբեջանաղարաբաղյան խնդրի կարգավորման հարթությունում, ուղղակի երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն համապատասխան քայլերի գնալ։ Այդ պայմանագիրը որևէ կերպ չի կարող կանխորոշել Արցախի ապագան։
Բնականաբար, Արցախի համար անընդունելի է Ադրբեջանի կազմում լինելու ցանկացած տարբերակ․ սա մեր «կարմիր գիծն» է։ Մնացածը, եթե դա կարող է խաղաղություն ու կայունություն ամրապնդել՝ լավ է, բայց մենք Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ որևէ քայլ չենք տեսնում, մասնավորապես՝ Արցախի վերաբերյալ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։