«Նման մարդիկ երկրի շահերով չեն առաջնորդվել, առաջնորդվում են միայն իրենց անձնական շահերով, նրանք հայ չեն». Հրաչ Ջաբրայանը՝ Խաչատուր Սուքիասյանի կոչի մասին

Մարտի 28-ին ԱԺ-ում Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններին։

«30 տարվա պետություն ենք, պետք է նայենք, թե այս կառավարությունն ինչով է տարբերվում մյուս կառավարություններից։ Տեսնենք, թե ինչ է անում այս կառավարությունը Ղարաբաղի համար, ոնց է հարաբերվում Ղարաբաղի իշխանությունների հետ։

Ղարաբաղի իշխանություններին ամենամեծ կարգավիճակ տվողն այս իշխանությունն է եղել, նաև ամենամեծ գումար տվողն է եղել։ Արդյունքը՝ դա 30 տարվա վարած սխալ քաղաքականության արդյունքն է։ Հիմա ծանր ժամանակահատված է, ես ուզում եմ կոչով դիմել մեր հարևաններին, մեր եղբայր հարևաններին՝ վրացիներին, աբխազներին, ադրբեջանցիներին, թուրքերին, որ դարեր շարունակ այս տարածաշրջանը դարձրել են պատերազմական գոտի, դարեր շարունակ մեկին մյուսի հետ կռվացրել են։ Բայց այդ մարդիկ հազարամյակներով այս տարածաշրջանում են ապրել, բացի մեկ-երկու եկող, այսպես ասած՝ ցեղերից կամ ազգերից։ Հիմա ես ուզում եմ մեկ բան հասկանալ, լավ, ինչքա՞ն մենք պետք է կռվենք, ավերվենք, մեր երիտասարդները զոհվեն, ամեն ինչ քանդ ու քարափ լինի։ Նման հարաբերությունները, այս ձևի մտածելակերպը պետք է վերանա այս տարածաշրջանում, հակառակ դեպքում գուցե հազարամյակներ մեր սերունդները այդ վատ տարածքում պետք է ապրեն։ Մեր ուզածն ի՞նչ է, կա դիվանագիտական լեզու, դիվանագիտական համակարգ, ինստիտուտ, եթե մի բան ես պետք է անեմ, տարածքներ հանձնեմ, դարեր շարունակ չկարողանամ ինքնուրույն պետություն ստեղծեմ, իհարկե, ինչ ուզում ես՝ խոսի, դա ամենավատ բանն է։ Լավ, չե՞նք կարող մի զարգացած տարածաշրջան ստեղծել, մեկս մյուսի հետ նորմալ հարևանություն անել, մենք իրենց համար ցավենք, եթե ինչ-որ խնդիր ունեն, իրենք մեզ համար ցավեն»,- իր խոսում նշել է Խաչատուր Սուքիասյանը։

Իշխանական պատգամավորը ՀՀ շահերից ելնելո՞վ է նման ելույթ ունեցել, թե՞ իր բիզնես շահերից, առհասարակ, երբվանի՞ց թուրքերն ու ադրբեջանցիները Խաչատուր Սուքիասյանի համար դարձան եղբայր ժողովուրդներ։

168.am-ի հետ զրույցում կանադահայ բարերար, գործարար Հրաչ Ջաբրայանն անդրադառնալով իշխանական պատգամավորի այս կոչին՝ նկատեց.

«Նման մարդիկ, ոչ միայն այժմ, այլև բոլոր ժամանակներում երկրի շահերով չեն առաջնորդվել, նրանք միայն առաջնորդվում են իրենց անձնական շահերով։ Սա է պատճառը, որ նման մարդիկ միլիարդներ ունեն և կտրված են առօրյա իրականությունից։ Այդ մարդն ինչպե՞ս կարող է առնչություն ունենալ այն մարդկանց հետ, որոնք իրենց աշխատանքի դիմաց ստանում են ընդամենը 100-150 հազար դրամ։ Սա է իրականությունը, այդ մարդկանց հոգեբանությունն այդպիսին է։ Ես մշտապես ասել եմ՝ նման մարդիկ հայ չեն, չեն կարող հայ լինել և, անկեղծ ասած՝ նրանք ինձ առհասարակ չեն հետաքրքրում»,- նշեց Հրաչ Ջաբրայանը։

Նա ընդգծեց, որ ինքն էլ է գործարար և անհնարին բան է համարում նման կոչով ադրբեջանցիներին ու թուրքերին դիմելը։

«Ասել եմ, նորից կասեմ՝ հայրենիքը սրբություն է, այն լոկ ապրելու տեղ չէ, և մենք վաճառելու հայրենիք չունենք։ Չնայած ներկայիս իշխանությունները վաճառեցին հայրենիքի մի մասն իրենց անձնական շահերի համար, այդ գործընթացը շարունակվում է նաև հիմա։ Ես նախընտրում եմ հիմա ամեն ինչ կորցնել, ապրել ճգնավորի ու աղքատի կյանքով, քան հայրենիք կորցնեմ ու առաջ տանեմ իմ անձնական շահերը։

Շահ կարողացել եմ հետապնդել խաղաղ պայմաններում, երբ կարողացել եմ հիմնել ինչ-որ բան, բայց այս պարագայում ես չեմ կարող համերաշխ ապրել թշնամու հետ, մինչև նրանք չվերադարձնեն մեր հողերը, ներողություն չխնդրեն իրենց գործած ոճիրների համար, չփոխհատուցեն մեր ժողովրդին։ Մինչև այս ամենը չանեն, մենք չենք կարող նրանց հետ խաղաղ ապրել»,- խոսքը եզրափակեց Հրաչ Ջաբրայանը։

Տեսանյութեր

Լրահոս