Բաժիններ՝

«Հետ չենք կանգնելու մեր պահանջից»․ Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները գյուղամիջում քննարկում են իրենց հետագա գործողությունները

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները, որոնք դեմ են իրենց գյուղերը Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկվելուն, այսօր 17:00-ից նորից հավաքվել էին Ծովագյուղի կենտրոնական փողոցում և քննարկում էին իրենց հետագա քայլերը։

«Ժողովուրդը Ծովագյուղի դպրոցի ճանապարհին է հավաքվել, պայմանավորվում են, թե ինչ են անելու։ Մենք միանշանակ հետ չենք կանգնելու մեր պահանջից, Ծովագյուղն ու Սեմյոնովկան չե՛ն ընդգրկվելու Սևան խոշորացված համայնքի կազմում։ Քանի որ մեր 2 գյուղերից որևէ մեկը չի մասնակցել ընտրություններին, այժմ մասնագետների հետ քննարկում ենք իրավական ճանապարհով այս խնդրին լուծում տալ․․․»։

Դիտարկմանը, որ օրեր առաջ, երբ Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները փակել էին Երևան-Սևան ճանապարհը, հանդիպում էին պահանջում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան հետ, ավելի ուշ հայտնեցին, որ նախարարին 2 օր ժամանակ են տալիս, Ծովագյուղի բնակիչն ասաց․

«Այժմ այդ մասով որևէ բան չեմ կարող հայտնել։ Միայն կասեմ, որ այս պահին գյուղացիների քննարկումները շարունակվում են, թե ինչ կորոշենք, առաջիկայում բոլորը կիմանան․․․»։

Նշենք, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչների կողմից ճանապարհը փակելուն, ինչպես նաև նրանց պահանջներին, ասել է․

«Քանի՞ դեպք եք հիշում, որ ճանապարհ փակելուց նախարար գնա, գնում է համայնքի ղեկավարը, մարզպետը, լսում է բնակիչներին, նայած որ ոլորտին է առնչվում խնդիրը, փոխանցում է համապատասխան նախարարներին․․․

Այդ հարցը չի լուծվել, այդպես մնում է, սակայն կառավարությունը հարցի լուծման այդ տարբերակի նպատակահարմարությունը չի տեսնում այն տարբերակով, որն իրենք են առաջարկում՝ խոշորացման այդ մեթոդը չի կարող փոխվել»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունները բացառիկ պայմաններում էին անցել՝ ոչ մի բնակիչ չէր գնացել ընտրատեղամաս և քվեարկել` դրանով արտահայտելով իրենց դժգոհությունը՝ խոշորացման և Սևան քաղաքի հետ միավորելու կառավարության որոշմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս