Այս իշխանությունը ոչ միայն հայրենիքից կտորներ է հանձնում, այլև կասկածի տակ է դնում այստեղ ինքնուրույն պետություն ունենալու մեր իրավունքը․ Արա Սահակյան
Արցախում ստեղծված իրավիճակում մեղք ունեն նախևառաջ՝ իշխանությունը, հետո՝ ընդդիմությունը, և ապա միայն օտարը՝ ռուս խաղաղապահները։ Ընդդիմության խնդիրը կառավարելը չէ, այլ բացերը տեսնելն ու քննադատելն է, այս իմաստով՝ իրավիճակի սրման և զոհերի պատասխանատուն օրվա իշխանությունն է, և նրան չի կարելի ներել իր խորամանկությունները։ Մարդիկ դիտում են Հանրային հեռուստատեսություն, այն ամենուր է, և նրանց ուղեղը սկսում է նմանվել այդ արկղին, որն իշխանական և ոչ թե պետական քարոզչության համար է օգտագործվում, սա արմատական խնդիր է։ Իշխանությունը գիտի ավելին, քան մենք, մեր տեղեկությունները սահմանափակ են, և ապագայի մասին մեր դատողությունների մի մասը կռահում ու ենթադրություն է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արա Սահակյանը։
«Ադրբեջանցիներն օգտվում են այն իրավիճակից, որ աշխարհի գլուխը խառն է, փորձում են իրենց համար նոր ձեռքբերումներ ունենալ Արցախում և Հայաստանի հետ սահմանին, և դա ներվում է։ Երբ որևէ հանցանք ներվում է, այն նոր ուժով շարունակվում ու կրկնվում է։ Այս միջադեպերն առաջին կտրուկ առիթն են, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բոլոր տեսակի շփումներն ընդհատվեին, դադարեցվեին։ Մինչդեռ իշխանության տեսակետները չեն համոզում, և նման սադրանքներ էլի են լինելու։ Ադրբեջանցիներին պետք է հասկացնել, որ ստատուս-քվոյի ցանկացած խախտում բերելու է քաղաքական կարգավորման երկարաժամկետ կասեցման, աշխարհը դա պետք է հասկանա։ Բավարար չէ միայն դատապարտման խնդրանքով աշխարհին դիմելը»,- ասաց քաղաքական գործիչը։
«Մեր պաշտպանության նախարարն ավելի լավ հիմնավորեց Ներքին Հանդ թշնամու ներխուժումը, քան ադրբեջանցիները։ Այդ անձը, կոպտորեն ընդհատելով պատգամավորին, նրան «հինգերորդ շարասյուն» որակելով, մտահոգությունը որպես դավաճանություն մեկնաբանելով՝ խուլիգանություն գործեց։ Ամոթ իրեն, հազար ամոթ, որ օգտագործում է իր դիրքը և այդպես է արձագանքում։ Այս իշխանությանն ամեն օր պետք է հասկացնել, որ ինչպես կառավարական աշխատասենյակները, այնպես էլ ԱԺ-ն իր աշխատավայրն է, դա Սահմանադրությամբ է նախատեսված, նրանք պարտավոր են գալ և պատգամավորների հետ աշխատել։ Եթե այդքան ուժ ունեք՝ թուրքի ու ադրբեջանցու հետ եք երկխոսում, ինչո՞ւ ձեր հայրենակիցների հետ չեք խոսում։ Ստացվում է՝ մենք և այս իշխանությունները ոչ միայն տարբեր իրականություններում ենք ապրում, այլև տարբեր ազգային պատկանելություն և հայրենիքներ ունենք»,- նշեց Սահակյանը:
Քաղաքական գործչի կարծիքով՝ բոլորն էլ կարող են իրենց արդարացնել, սակայն իշխանությունը պետք է առաջնորդվի իր գործունեության արդյունքներով, իսկ դրանք կորստաբեր են. «Օրինակ՝ ի՞նչ ասել է՝ հայելային հետքաշում, դա մի փորձանք է, Փաշինյանը չի հասկանում ռազմական գործից, նրա խելքը չի հասնում։ Տեսնես ո՞վ է նրան խրատ տալիս, որ բացահայտ չի երևում։ Ադրբեջանի գործելակերպը հասկանալի է իրենց շահերի տեսանկյունից, ոչ մի հակասություն չկա։ Կարևորը՝ ավելի ու ավելի քիչ մարդիկ են հավատում այս իշխանության ստերին։ Միայն որպես գովեստ պետք է ընդունել այն, որ թշնամին մեզ ռևանշիստ է անվանում, քանի որ գիտի՝ մենք այս կորստյան հետ չենք հաշտվելու, մենք մեր երեխաներին ու թոռներին այդ ոգով չենք դաստիարակելու։ Երիտասարդության մեջ կա մի շերտ, որը համակրում է ընդդիմությանը, կուսակցություններն իրենց երիտասարդների հետ աշխատանքներն ակտիվացրել են, խմբերով գալիս, համակրանքով լսում են ընդդիմության փաստարկները, հասկանում են, որ ընդդիմությունը ճիշտ է»:
«Ադրբեջանը մեծապես օգտվում է թուրքական խորքային կառույցների երաշխավորություններից, որպիսին մենք չունենք։ Հայաստանում քաղաքականության մշակմանը պետք է ընդգրկել վերլուծական շրջանակներին, որոնք սցենարներ են առաջարկում։ Մեր իշխանությունը փողերն այլ ուղղությամբ է ծախսում։ Որպես պետություն՝ մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում մեր շուրջ։ Այս իշխանությունը ոչ միայն հայրենիքից կտորներ է հանձնում, այլև կասկածի տակ է դնում այստեղ ինքնուրույն պետություն ունենալու մեր իրավունքը։ Իսկ եթե դու չես կարողանում պետական ամուր ինստիտուտներ ստեղծել, որոնք գործադիրին ու օրենսդրին երաշխավորություններ կտան, ուրեմն դատապարտված ես։ Անգամ Շուշիի հռչակագրի վավերացումից հետո նրանք խորհրդարանի նախագահի կամ հանձնաժողովի մակարդակով չհայտարարեցին, որ նպատակահարմար չէ շարունակել հայ-թուրքական երկխոսությունը, և այն պետք է հետաձգել»,- ամփոփեց Արա Սահակյանը: