Աղքատացել են ոչ միայն չաշխատողները, այլև աշխատողները

Ծրագրի կատարման չբացահայտվող կողմերը, որոնց մասին արժեր հիշեցնել կառավարությանը

Կառավարությունն Ազգային ժողովին է ներկայացրել իր գործունեության ծրագրի կատարման անցած տարվա տարեկան զեկույց-հաշվետվությունը։ Որպես կանոն, նման զեկույց-հաշվետվություններում կառավարությունները փորձում են հնարավորինս դրական կողմերով ներկայացնել իրենց կատարած աշխատանքները։

Բացառություն չէ նաև այս զեկույցը։ Բայց դա չէ, որ հետաքրքրում է հասարակությանը։

Թե ի՞նչ է հաջողվել անել և ի՞նչ չի հաջողվել կառավարությանը, ըստ էության, ոչ մի նշանակություն չունի։ Կարևորն այն է, թե ի՞նչ է ստացել դրանից հասարակությունը, այդ ծրագրի կատարման արդյունքում ինչքանո՞վ է բարձրացել երկրի անվտանգությունն և ինչքանո՞վ են սահմաններն ավելի պաշտպանված դարձել, ի՞նչ է փոխվել մարդկանց կյանքում՝ նրանց սոցիալական վիճակը լավացե՞լ է, թե՞ վատացել։

Այս հարցերն են, որոնք, ինչպես երեկ, այնպես էլ այսօր առավել քան հետաքրքրում է հասարակությանը։ Իսկ թե ի՞նչ կասի կառավարությունը, ի՞նչ ցուցանիշներ կներկայացնի, էական չէ։

Փաստն այն է, որ կառավարության անցած տարվա գործունեության ծրագրի կատարման արդյունքում Հայաստանի անվտանգության մակարդակն ու սահմաններն ավելի ապահով չեն դարձել, քան մեկ տարի առաջ էին։ Խնդիրներն ու մտահոգությունները, որոնք կային նախկինում, կան նաև այսօր։ Դրանք ոչ միայն չեն նվազել, մի բան էլ ավելացել են։

Չեն բարելավվել նաև մարդկանց կյանքի պայմանները, երկրում խորացել է աղքատությունը։

Հասարակության մի ստվար հատվածի եկամուտներն անհամեմատ ավելի դանդաղ են աճել, քան ծախսերը։

Սա վերաբերում է հատկապես նրանց, ովքեր աշխատում են, բայց ստանում են շատ ցածր եկամուտներ։ Այդպիսիք Հայաստանում բավական շատ են. նրանց քանակը հաշվվում է ոչ թե տասնյակ, այլ հարյուր-հազարներով։

Աղքատացել են ոչ միայն չաշխատողները, այլև աշխատողները։ Մինչ մարդկանց եկամուտները չեն ավելացել կամ շատ դանդաղ են ավելացել՝ գները կտրուկ բարձրացել են։ Պաշտոնական տվյալներով, իհարկե, միջին գնաճը Հայաստանում ավելի ցածր է եղել, քան միջին աշխատավարձի աճը, բայց դա ոչինչ չի նշանակում։

Ոչինչ չի նշանակում, որովհետև կտրուկ թանկացել են հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքները։

Եթե միջին գնաճն անցած տարի 7,2 տոկոս էր, միջին աշխատավարձի աճը՝ 7,6 տոկոս, ապա սննդամթերքի թանկացումը հասել էր 13 տոկոսի։

Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների գնաճն անցած տարի հաշվվում էր անգամներով։

Գնաճի ազդեցությունը մարդկանց սոցիալական վիճակի վրա որոշվում է ոչ թե նրանով, թե ինչքանով են էժանացել, ասենք՝ ծաղիկներն ու բույսերը կամ հյուրանոցային ու հանգստի ծառայությունները, այլ նրանով, թե ինչքանով են թանկացել հացը, ալյուրը, մակարոնեղենը, մսամթերքը, յուղերը, կաթնամթերքը, ձուն, շաքարավազը և բազմաթիվ այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ։

Որքան էլ կառավարությունը փորձի բարձր գնաճը պայմանավորել համաշխարհային գործոններով, դա ոչնչով նրան չի արդարացնում։ Եթե նույնիսկ համարենք, որ գնաճը համաշխարհային երևույթ է, որի դեմ Հայաստանը ոչինչ չէր կարող անել, ապա կառավարության խնդիրն էր՝ մտածել գնաճի ազդեցությունից մարդկանց պաշտպանելու կամ այդ ազդեցությունը թուլացնելու մասին։

Իսկ ի՞նչ է արել կառավարությունն իր անցած տարվա գործունեության ընթացքում բարձր գնաճի հետևանքներից հասարակությանը, առավել ևս՝ սոցիալական անապահով հատվածին պաշտպանելու ուղղությամբ. ո՛չ աշխատավարձ է բարձրացրել, ո՛չ թոշակ, և ո՛չ էլ նպաստ է ավելացրել։

Մի բան էլ, թոշակներն ու նպաստները, պաշտոնական տվյալներով, անցած տարի նվազել են։

2021թ. միջին կենսաթոշակը Հայաստանում կազմել է 43 հազար 279 դրամ՝ 2020թ. 43 հազար 590 դրամի փոխարեն։

Գուցե տարբերությունը մեծ չէ, բայց դա տեղի է ունեցել անցած տարվա համատարած թանկացումների պայմաններում։

Նույնը նաև նպաստների պարագայում է. 2020թ. միջին նպաստի չափը եղել է 26 հազար 634 դրամ, իսկ 2021թ.՝ 26 հազար 618 դրամ։

Չնչին է փոփոխությունը, բայց կրկին նվազման ուղղությամբ։

Դժվար չէ պատկերացնել, թե այս մարդիկ ինչպես են կարողացել իրենց գոյությունը պաշտպանել այդ գումարներով՝ նման բարձր գնաճի պայմաններում։

Անկախ նրանից, թե զեկույց-հաշվետվության մեջ ինչպիսի գունագեղ երանգներով կներկայացվի կառավարության գործունեությունը, այդ գործունեության շատ կարևոր ցուցիչներից մեկն էլ երկրի ժողովրդագրական իրավիճակն է։ Այն, թե անցած տարի քանի մարդ է լքել երկիրը։

Պաշտոնական տվյալներով՝ 2021թ. երկրից գնացել ու չի վերադարձել ավելի քան 73,5 հազար ՀՀ քաղաքացի։ Նրանք պարզապես արտագաղթել են Հայաստանից։

Նման տեմպերով արտագաղթ Հայաստանից շատ վաղուց չէր եղել։ Նույնիսկ այդքան քննադատված նախորդ իշխանության օրոք այնքան մարդ չէր հեռանում երկրից, ինչքան հեռացավ անցած տարի։ Անցած տարի արտագաղթածների թիվը կրկնակի ավելին էր, քան իշխանափոխությունից մեկ տարի առաջ էր. 2017թ. Հայաստանից գնացել ու չէր վերադարձել 36,2 հազար մարդ, անցած տարի գնաց և չվերադարձավ ավելի քան 73,5 հազար մարդ։

Տնտեսությունն էլ, կառավարության անցած տարվա գործունեության արդյունքում, մի լավ վիճակի չի եղել։ Հպարտանում են, որ աճ է եղել, ավելի բարձր, քան կառավարությունը նախատեսել էր։ Նախատեսել էր 3,2 տոկոս, ապահովվել է 5,7 տոկոս աճ։ Բայց մոռանում են, որ այդ աճը եղել է նախորդ տարվա ավելի մեծ անկման ֆոնին։ Ու, որ դրանով հանդերձ, կառավարությանը չի հաջողվել վերականգնել տնտեսության այն կորուստները, որոնք ունեցանք նախորդ ճգնաժամային տարում։ Մինչդեռ, շատ երկրներ, այդ թվում՝ տարածաշրջանային, ոչ միայն հետ բերեցին կորուստները, այլև մտան զարգացման փուլ։ Հարևան Վրաստանում էլ տնտեսական աճը կրկնակի ավելի բարձր էր, քան մեզ մոտ, չնայած Վրաստանի ՀՆԱ մեջ մեծ տեղ է զբաղեցնում տնտեսության այնպիսի ճյուղերից մեկը, որն առավել քան տուժել է համավարակի հետևանքով։

Այդ պայմաններում Վրաստանում տնտեսական աճը կազմել է՝ 10,6, Հայաստանում՝ 5,7 տոկոս։ Ու դրան կառավարությունը հասել է ներգրավված մեծ քանակությամբ պարտքերի պարագայում։ Անցած տարի երկրի պետական պարտքն ավելացավ ևս 1 մլրդ 257 մլն դոլարով։ Պարտքի աճի տեմպը գրեթե 3 անգամ բարձր էր, քան տնտեսական աճինը։

Իր անցած տարվա գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս՝ կառավարությունը, բնականաբար, այս խնդիրների մասին գերադասել է չխոսել կամ հնարավորինս քիչ խոսել։ Բայց դրանք այն խնդիրներն են, որոնք ցույց են տալիս, թե ինչքանո՞վ է արդյունավետ աշխատել կամ չի աշխատել կառավարությունը։ Այդ խնդիրներն են, որոնք առավել քան հուզում են ՀՀ երբեմնի հպարտ քաղաքացիներին, ում պայծառ ապագա էին խոստանում դեռևս 4 տարի առաջ, բայց կանգնեցրին փաստի ու փորձության առաջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս