Արցախի Եղցահողում գազ կա, փոխարենը՝ գյուղը սնուցող ջրատարն են փակել. «Փաստինֆո»
Շուշիի շրջանի Եղցահող համայնքն Արցախի այն եզակի գյուղերից է, որտեղ գազ կա։ Հայաստանից Արցախ մտնող գազատարի այդ հատվածի վրա ադրբեջանցիները հասանելիություն չունեն։
«Բերդաձորի տարածաշրջանը չեն կարողանում անջատել։ Շուշիից էն կողմ է, որ գազատարն ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած տարածքով է անցնում, գազն անջատելու հնարավորություն ունեն։ Մերը չեն կարողանում անջատել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը։
Քանի որ Եղցահողում ջեռուցման հետ կապված խնդիր չկա, գարնանային արձակուրդները երկարաձգելու անհրաժեշտություն էլ չկար։ Այսօրվանից համայնքի 18 դպրոցականներն արդեն դասի են։ «Աշակերտներն ընդամենը երկու օր չեն դասի գնացել , դա էլ ձյան առատ տեղումների, բքի պատճառով։ Այսօր վերսկսվել են դասերն էլ, երկարօրյա խմբակներն էլ»,-նշեց համայնքապետն ու հավելեց՝ շենքն էլ է ջեռուցվում, ճաշարանն էլ է աշխատում։
2020թ․ ադրբեջանական ագրեսիայից հետո սահմանամերձ դարձած Եղցահողում ևս ամենամեծ խնդիրն անվտանգայինն է՝ սկսած ճանապարհներից՝ ավարտած տներով։ Նրա փոխանցմամբ՝ բնականոն կյանքի վերադառնալու համար չեն դադարելու աշխատել։ Հիմա առաջնահերթ գյուղի խմելու ջրի խնդիրն են ուզում լուծել։ Գյուղը սնուցող ջրատարն Ադրբեջանի բռնազավթած տարածքում էր, որը, ինչպես և կանխատեսելի էր, փակել են ադրբեջանցիները։ Նոր ջրատարի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։
«Մինչև նորի կառուցումը կավարտվի, մեքենաներով ենք ջուր բերում։ Ջրային տնտեսության տրամադրած մեքենայով օրը 2-3 անգամ բերում ենք, հերիքում է»,-ասաց Հակոբյանը։ Այս ընթացքում՝ անգամ ձյան առատ տեղումների պայմաններում, ինչպես վստահեցրեց համայնքապետը, ոչ մի օր գյուղն առանց ջրի չի մնացել։
«Ճանապարհը մաքրվել է անմիջապես, հիմա մեր գյուղի ճանապարհը բաց է, ու ջուր հասցնելու խնդիր չի առաջացել ընդհանրապես»,-եզրափակեց Հակոբյանը։