Իսկ ընդունելու ի՞նչ կա Ադրբեջանի առաջարկած 5 կետերի մեջ. Էդուարդ Շարմազանով

«Ուղիղ կապ չունե՞ն իրենք. գլուխ էին գովում, որ ուղիղ կապ ունեն Ալիևի հետ,- Արցախում առկա իրավիճակի մասին վարչապետի հայտարարությունների վերաբերյալ լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝  նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելեց,- Թող ուղիղ կապն իր կառուցողական գործընկերոջ վրա ազդի, թե՞ բանի տեղ չեն դնում արդեն: Արցախի մեծ մասը թուրքերը վերցրին արդեն՝ վե՞րջ: Սա հումանիտար կատաստրոֆա է»:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ որևէ հույս չունի, թե այս իշխանությունները կարող են ազգապահպան կամ Արցախի ինքնորոշման իրավունքի, Արցախի ժողովրդի էլեմենտար անվտանգության խնդիրները  լուծել:

«Եթե Նիկոլ Փաշինյանը կառավարության նախորդ նիստում ասում է՝ չշտապենք գնահատական տալ, այսօր էլ շատ զգուշավոր գնահատականներ է տալիս, մենք ի՞նչ պետք է ակնկալենք:

Ինքն Արցախը գցել է ռուսների գրպանը, Ցեղասպանությունը գցել է Հայ Դատի, սփյուռքահայ գաղթօջախների վրա  և իրականացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը: Ասում են՝ հինգ կետերում, ընդհանուր առմամբ, չընդունելու բան չկա, իսկ ընդունելո՞ւ ինչ կա այնտեղ, կարո՞ղ են ասել»,- ասաց նա:

ՀՀԿ ԳՄ անդամը հավելեց, որ աշխարհաքաղաքական առկա իրավիճակում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական երկու խաղաղասիրական օրակարգի գնալն ինքնասպանություն է:

Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին դիմելու մասին հայտարարությանը՝ Էդուարդ Շարմազանովն արձանագրեց. «Արևմուտք-Ռուսաստան հակամարտության այս սրացման փուլում, փաստացի, ՄԽ համանախագահությունը չի գործում: Այս տարիների ընթացքում երբեք չի եղել, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը չունենան միասնական որոշում՝ առնվազն Ղարաբաղյան խնդրում:

Այսօր տեսնում ենք, որ այդ պետությունները, ուժային կենտրոններն Ուկրաինայում սուր հակամարտության մեջ են, և սա Ադրբեջանի համար լավագույն առիթը և լավագույն ժամանակաշրջանն է՝ օգտվելու»:

Տեսանյութեր

Լրահոս