Փոխանակ Ալիևին հարցնելու, թե ինչու է իրեն լակոտի պես պահում, Փաշինյանը նրա վիրավորական խոսքերից կարծես հաճույք է ստանում․ Պարույր Հայրիկյան
Այսօրվա իշխանությունն Արցախի ինքնորոշման իրավունքի հարցում աղետալի դիրքորոշում է որդեգրել։ Այն անձը, որը բազմիցս հրապարակավ ազդարարել է, թե Արցախի ժողովրդի կողմից ընտրված չէ և բանակցելու մանդատ չունի, մի անգամ արդեն խախտել է իր այդ խոստումը՝ ի վնաս Արցախի և հայության, այսօր էլ շարունակում է խախտել։ Այդ անձն իրավաքաղաքական որևէ իրավունք չունի Արցախի հարցում, քանի որ Արցախի ժողովրդի կողմից ընտրված չէ։ Երբ Հայաստանի իշխանությունն ընդունեց նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, այս վիճակն արդեն կանխորոշված էր։ Մինչդեռ իշխանական համակարգի իմաստն այն է, որ որևէ որոշում ընդունելուց առաջ հասկանա, թե դրան ինչ ռազմաքաղաքական հետևանք է հաջորդելու։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
«Մշտապես խոսվել է այն մասին, որ Արցախը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, և մեր հիմնավորումների հիմքում ինքնորոշման սկզբունքն է։ Անողնաշարությունն ու անհետևողականությունը, սեփական իրավունքների նկատմամբ վախվորած վերաբերմունքն ուղղակի նվեր է հակառակորդին։ Մեր հակառակորդ բռնապետությունն իրեն արդեն այնքան ապահով ու լավ է զգում, որ մեզ հինգ կետանոց պահանջներ է ներկայացնում։ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախն այսօր պատանդ է։ Եթե առանց կրակոցի տալիս ենք Քարվաճառն ու Քաշաթաղը, նշանակում է՝ Արցախը հայտնվում է պատանդի կարգավիճակում։ Ո՞ր ազգն իր հայրենիքի մի հատվածը կզիջի թշնամուն»,- ասաց քաղաքական գործիչը։
«Բանակում չծառայած, բանակից խուսափած անձը Քաջ Նազարի բախտով դարձավ գլխավոր հրամանատար և ամենավճռական պահին չարեց առավելագույնը՝ չմոբիլիզացրեց ուժերը, ինչը կարող էր անել միայն գլխավոր հրամանատարը, համընդհանուր զորահավաք չհայտարարեց։ Եթե որևէ մեկը տեղեկություն ուղարկեր Ադրբեջանին, որ հայկական կողմը թուլացել է, չենք կարող դիմադրել, նրան իբրև դավաճանի՝ կկալանավորեին։ Կատարվեց սարսափելի մի բան՝ գլխավոր հրամանատարն ինքն ասաց՝ վիճակը ծանր է, ով ինչով կարող է՝ օգնեք։ Մերօրյա պատերազմներում շատ կարևոր է հոգեբանական կողմը։ Երբ Ալիևը խուճապի մեջ էր, մտածում էր, թե հայերի զինապաշարը չի սպառվում, հանկարծ Հայաստանից նրան հուշեցին, որ շարունակի հարձակումը։ Մեր ձախողումը սկսվեց հենց այդ հայտարարությունից։ Առայսօր որևէ դավաճան չի պատժվել, այդ հայտարարությունն ընդամենը հող էր նախապատրաստում պարտության համար»,- նշեց Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդի կարծիքով՝ Ռուսաստանի ազդեցությունն այս տարածաշրջանում կարող է նվազել, քանի որ այդ երկիրը չի կարող ամեն տեղ կռվել. «Այս պատերազմում չեն կարող հաղթել ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ուկրաինան։ Օրինակ, Հայաստանն Ադրբեջանի հետ պատերազմում ոչ մի հակադարձումային գործողություն չէր էլ ծրագրել։ Եթե դու հակահարված չես իրականացնում, միայն պաշտպանվում ես, քո հաղթանակը բացառված է։ Թուրքիան մտել է ռուս-ուկրաինական պատերազմի մեջ ընդդեմ Ռուսաստանի, նրանք հակառակորդներ են։ Ռուս զինվորները տուժում են Թուրքիայի մասնակցությունից։ Աստված ոչ անի, որ Ռուսաստանը պարտվի, ինքնամեկուսանա, դառնա Հյուսիսային Կորեայի պես պետություն, մենք կցված ենք նրանց։ Բարեբախտաբար, Արևմուտքը նկատում է, որ Հայաստանը փորձում է չեզոքություն պահել այս հակամարտությունում»:
«Աշխարհի պետությունների անվտանգության երաշխիքը համագործակցությունն է, բայց նախ դու ինքդ պետք է ի վիճակի լինես կանխելու սպառնալիքները։ Հայաստանի քաղաքացին զգում է, որ սա իր տունը չէ։ Այս իշխանություններն իրենց պահում են՝ որպես հակառակորդի հաճոյակատար։ Փաշինյանը գոնե մի անգամ կարող էր, չէ՞, Ալիևին ասել՝ ինչո՞ւ ես քեզ լակոտի պես պահում, վիրավորական խոսքեր ասում, բայց նա դրանից կարծես հաճույք է ստանում, և դա բոլորիս ցավ է պատճառում։ Մենք անկախության հանրաքվեով ենք դարձել պետություն։ Եթե Հայաստանում որևէ մեկը կարող է առանց վախի խոսել պետականությունը ոչնչացնելու մասին, դա իսկապես մտահոգիչ է։ Հաշվարկն այն է, որ հայերը վախեցա՞ծ են և բոլոր իրավունքների մեջ ամենաշատը գնահատում են ապրելու իրավո՞ւնքը։ Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի քաղաքացի պատրաստելը»,- ամփոփեց Պարույր Հայրիկյանը: