«Լսել ենք, որ կրակոցներ եղել են, բայց մեր տարածքում չէ». Ներքին Հանդի գյուղապետ
Մարտի 16-ին տելեգրամյան տարբեր ալիքներ գրեցին, որ թշնամին Սյունիքի մարզում դիմել է սադրանքների, որի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր։ Ըստ այդ տեղեկությունների՝ թշնամին մասնավորապես կրակել է Շիկահող, Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ։ Սակայն այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքեց այդ ամենը։
Թեև առավոտյան ՊՆ-ն տեղեկացրել էր, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ, նաև տեղեկացնելով, որ Քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանը»,- նշված էր ՊՆ հաղորդագրությունում:
Ի դեպ, նշենք, որ դեռ երեկ երեկոյան 168-am-ը գրել էր, որ Կապանի Շիկահողի մարտական դիրքերում ծառայակից ընկերների միջև սուր վեճ է տեղի ունեցել: Վեճի արդյունքում զինվորներից մեկը ծանր վիրավորում է հասցրել զինակցին, ապա ինքնասպան է եղել:
168.am-ի հետ զրույցում Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել, իրավիճակը հանգիստ է։
«Մեզ մոտ որևէ կրակոց չի հնչել, մենք լսել ենք, որ կրակոցներ եղել են, բայց մեր տարածքում չէ, Շիկահող-Ճակատեն հատվածում է եղել։ Դե, թշնամին շարունակում է իր զբաղեցրած դիրքերում մնալ, բայց շատ բաներ չեմ կարող ասել, այդ հարցերով զբաղվում է Պաշտպանության նախարարությունը։ Երեկ ՊՆ-ից մարդ էր եկել, չգիտեմ՝ ինչ կորոշեն ու ինչ կանեն»,- եզրափակեց Խաչատուր Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ մարտի սկզբին թշնամին Ներքին Հանդի ուղղությամբ առաջ է եկել և դիրքավորվել, թեև այս մասին ՊՆ-ն հերքում է, սակայն բնակիչների և գյուղապետի պնդմամբ՝ թշնամին առաջ է եկել։