«Թշնամին Սյունիքի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ առաջ է եկել, այս պահին նրանք գյուղից 1,5-2 կմ հեռավորության վրա են». Ներքին Հանդի գյուղապետ

Թշնամին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ առաջ է եկել և դիրքավորվել, այս պահին նրանք գյուղից 1,5-2 կմ հեռավորության վրա են։ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանը՝ նկատելով, որ այս ամենին որևէ բացատրություն չունի, բացատրությունը պետք է տա Պաշտպանության նախարարությունը։

«Ես թշնամուն չեմ հանդիպել, նրա հետ չեմ խոսել։ Դիմեք պաշտպանության նախարարությանը, այդ հարցը տվեք, թող ձեզ պատասխան տան»,- նշեց Ներքին Հանդի ղեկավարը։

Ըստ նրա՝ թշնամին առաջ գալով, իր դիտարկման ներքո է պահում գյուղի գերեզմանոցները, խմելու ջրի ակունքները։

«Իհարկե, այս ամենը բնակչության տրամադրության վրա ազդել է։ Հիմա թշնամին դիտարկում է մեր գերեզմանոցները։ Սակայն կրակոցներ չեն հնչեցրել»,- հավելեց գյուղապետը։

Նրա խոսքով՝ այս ամենը տեղի է ունեցել մարտի 3-5-ը։

«Սա արդեն խանգարում է բնակիչներին, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքներ կատարեն։ Ես չգիտեմ՝ հարցն ինչպես պետք է լուծվի, մենք սպասում ենք Պաշտպանության նախարարությանը»,- եզրափակեց Խաչատուր Բաղդասարյանը։

ՊՆ–ն ոչ միայն քայլեր չի ձեռնարկում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, այլև, ինչպես միշտ՝  փորձում է հերքել հակառակորդի առաջխաղացման մասին տեղեկությունները։

Քիչ առաջ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, թե ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են:

«Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»,- հայտնել են ՊՆ-ից:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո, Նիկոլ Փաշինյանի հրամանով, երբ հայկական զորքը հետ քաշվեց զբաղեցրած դիրքերից, 4 տասնյակի հասնող համայնքներ դարձան  սահմանամերձ, թշնամու դիրքերն այդ բնավայրերից գտնվում են՝ 150, լավագույն դեպքում՝ 300 մետր հեռավորության վրա։

 

Տեսանյութեր

Լրահոս