Ֆորսմաժորային վիճակ է. մասնավոր բանկերը սպեկուլյատիվ գրոհներով մեծ փողեր աշխատեցին՝ գրոհելով դրամի և ռուբլու վրա. Ատոմ Մարգարյան

Մարտի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.75%:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԿԲ-ի այս որոշումը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Ատոմ Մարգարյանը պայմանավորեց արտաքին ուժեղ ճնշումներով:

«Գնաճային աննախադեպ ճնշումներ կան, ուստի դրամական համակարգը ակտիվացնելու և սպառողական շուկան զսպելու համար Կենտրոնական բանկն անում է այն, ինչ պետք է անի։ Ուշագրավ է, որ աննախադեպ չափով այս անգամ բարձրացվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը. նախկինում 0.25-ի փոխարեն՝ ունենք 1.25 տոկոս։

Սա նշանակում է, որ ֆորսմաժորային վիճակը է. վարկավորման շուկայում կան լուրջ ռիսկեր, ուստի ԿԲ-ն փորձում է զսպել վարկային շուկան՝ հատկապես սպառողական ու հիպոթեքային վարկավորման հետ կապված գործարքները»,- ասաց Մարգարյանը։

Տնտեսագետի խոսքով՝ ռուբլու արժեզրկման ֆոնին հայաստանյան շուկայում խաղեր են տալիս հատկապես մասնավոր բանկերը, ուստի Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը նաև նպատակ ունի զսպել այս սպեկուլյացիաները։

«Ուժեղ սպեկուլյատիվ գրոհ կա դրամի և ռուբլու վրա. դա շատ լավ երևաց մարժայի մեծ թռիչքից։ Մասնավոր բանկերը խաղեր տվեցին՝ հաշվի առնելով նաև ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների մեծ հոսքն ու փոխանակման կետերում ռուբլու ծավալների մեծ հոսքը. այստեղ է, որ մասնավոր բանկերը մեծ գումարներ աշխատեցին։ Այս գործոնները, իհարկե, դիտարկվում են Կենտրոնական բանկի կողմից, և փողը թանկացնելով՝ սպեկուլյատիվ գործարքները կարող են կասեցվել, ու շատերը կարող են կանգնել փաստի առաջ»,- ասաց Մարգարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս