3500-ի փոխարեն՝ 7000 դոլար. Ավտոներկրողները դեմ են մեքենաների մաքսային գների բարձրացմանը
Մարտի 9-ին ավտոներկրողները հավաքվել էին ՊԵԿ-ի դիմաց, պատճառը, ինչպես իրենք էին վստահեցնում, մաքսային հսկիչ գների թանկացումն էր։
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ 2020 թվականից գործող մաքսային հսկիչ գներն անհասկանալի պատճառներով փոփոխությունների է ենթարկել մաքսային մարմինը:
«Այսօր, չգիտես ինչու, իրավիճակը կտրուկ փոփոխության է ենթարկվում մաքսային մարմնի կողմից: Ավտոմեքենաների մաքսային գներն ուզում են մոտ երկու անգամ թանկացնել: Ամեն մեքենա իր հսկիչ գներն ունի 2015-ից մինչև 2022 թվականը: Օրինակ, Chevrolet Malibu-ն 2015թ. 3500 դոլար էր, մաքսային մարմինները համարում են, որ սա երկու անգամ ավելացնելու են: Այսինքն, լինելու է 7000 դոլար: Սակայն, երբ Վրաստանում ձեռք ենք բերում մեքենան, այն անսարք է»,- մանրամասնեց Տիգրան Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց՝ մինչև 2023 թվականը ԵԱՏՄ տարածքում մեքենա չեն կարողանալու վաճառել. ապրանքաշրջանառությունը դադարեցված է:
«Մոտ 30.000 մեքենա 2020 թվականից կուտակել ենք ու մինչև 2023թ. հունվար դրանք ի՞նչ վիճակում կլինեն. դարձել են թափոն»,- նշեց նա:
Տիգրան Հովհաննիսյանը հայտնեց, որ մարտի 9-ին դիմում են փոխանցել ՊԵԿ-ին, լինելու է քննարկում:
Ավտոներկրողներն ավելի վաղ մեզ հետ զրույցում խոսել էին մեքենաների վաճառքի հետ կապված դժվարությունների մասին, մասնավորապես նշել էին, որ 7 տեղանոց մեքենաների հարցն է բարդ, դրանք ավելի շատ ղազախներն էին գնում:
«7 տեղանոց մեքենաների վիճակն է շատ լուրջ, հիմա Հայաստանում 20.000-25.000 նման մեքենա կա, թե չէ՝ մյուսների դեպքում այդպես չէ: Մի 10 տոկոս տեղական շուկան կսպառի, որովհետև այլևս մեքենա չի բերվում, եղածներն էլ մաշվում են: Ղազախները, առհասարակ, մեծ՝ 7-8 հոգանոց ընտանիքներ ունեն, հետևաբար՝ 7 տեղանոց մեքենաներն էին գնում, որովհետև հարմար էին»,- ասել էին ավտոներկրողները: