«7 տեղ ունեցող 20.000-25.000 մեքենա կա Հայաստանում, և դրանք վաճառելու հարցն է բարդ». ավտոներկրողներ
Մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող անձինք շուտով պատրաստվում են «սև կիրակի» հայտարարել և վաճառել ներկրած մեքենաները։ 168.am-ի հետ զրույցում մի շարք ավտոներկրողներ հերքեցին այս տեղեկությունը:
«Երևի հումոր է, հա՞: Նման բան չկա: Սպասում ենք, որ եղանակները տաքանան, ռուսներն էլ գան, մեքենաները գնեն: Այսպես թե այնպես, սկզբից ռուսներն են եկել, ապա նոր՝ ղազախներն ու մյուսները»,- այսպես արձագանքեցին ավտոներկրողները:
«Վիճակը ողբերգական չէ. ցուրտ է, Լարսը փակ է, ռուսներն ահագին քչացել են: Ճիշտն ասած՝ անցած տարի էլ նույն ամիսներին այս վիճակն էր: Փետրվարին շատ քիչ էին թե ռուսները, թե ղազախները, հետո մարտից կամաց-կամաց սկսեցին գալ: Մի քիչ դիմանալ է պետք, պարզապես ամենավատն այն է, որ մարդիկ ամենամսյա վարկերը չեն կարողանում մարել՝ տուն, ոսկեղեն, ինչ ունեն-չունեն՝ վարկի տակ են դրել»,- հավելեցին նրանք:
Ավտոներկրողների փոխանցմամբ՝ 7 տեղանոց մեքենաների հարցն է բարդ, դրանք ավելի շատ ղազախներն էին գնում:
«7 տեղանոց մեքենաների վիճակն է շատ լուրջ, հիմա Հայաստանում 20.000-25.000 նման մեքենա կա, թե չէ՝ մյուսների դեպքում այդպես չէ: Մի 10 տոկոս տեղական շուկան կսպառի, որովհետև այլևս մեքենա չի բերվում, եղածներն էլ մաշվում են: Ղազախները, առհասարակ, մեծ՝ 7-8 հոգանոց ընտանիքներ ունեն, հետևաբար՝ 7 տեղանոց մեքենաներն էին գնում, որովհետև հարմար էին»,- նշեցին նրանք:
Ավտոներկրողները տեղեկացրեցին նաև, որ անցած շաբաթ հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Հովհաննես Ազիզյանին, զրուցել այս հարցերի վերաբերյալ: Փորձում են հարցի լուծումը գտնել: