ԶՊՄԿ 15 միլիարդի ոդիսականը՝ մեկ դիպաշարով
Մարտի 1-ին Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրեց՝ քննչական վարչության վարույթում Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրեն, հանդիսացող անձը առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով կատարել է ՓԲԸ արտադրանքի՝ պղնձի խտանյութի շուկայականից էականորեն ցածր արժեքով մատակարարման գործարքներ, որի հետևանքով ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել և արդյունքում պետական բյուջե չի վճարվել 15.017.640.469 ՀՀ դրամ հարկեր և վճարներ:
Մարտի 2-ին արդեն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի՝ գնաճի, պարենային ճգնաժամի վերաբերյալ հարցերին՝ Նիկոլ Փաշինյանը կտրուկ անցում կատարեց ԶՄՊԿ-ի 15 միլիարդին՝ հետևյալ ձևակերպմամբ. «Կամ Սյունիքի մասին խոսողները։ Հեն ա՝ գլուխները կախ ընդունեցին իրենց մեղքը, ներում խնդրեցին, 15 միլիարդ էլ վճարեցին պետական բյուջե։ Էդ դո՞ւք եք խոսում Սյունիքի մասին, այ թալանչիներ»:
Թե ովքեր ընդունեցին մեղքը, ովքեր ներում խնդրեցին՝ Փաշինյանն այդպես էլ չբարձրաձայնեց՝ այսպիսով նաև լայն հնարավորություն ստեղծելով խաղարկել թեման՝ սլաքներն ուղղելով դեպի ընդդիմություն:
Մարտի 3-ին թեման իր բեմադրված շարունակությունն ունեցավ կառավարության հերթական նիստում. պատեհ առիթ էր «Պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի, մոլիբդենի և դրանից պատրաստված արտադրատեսակների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզավորման ընթացակարգը և հայտերի ու լիցենզիաների ձևերը սահմանելու մասին» հարցի քննարկումը:
«Երկու օր առաջ, կամ մեկ օր առաջ ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, որ քրեական գործի շրջանակներում, որը հարուցված էր ԶՊՄԿ կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հետ, պետական բյուջե է վերականգնվել 15 միլիարդ դրամ, որը վերջին տարիների երևի ամենախոշոր վերականգնումներից մեկն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՊԵԿ նախագահն էլ նախ նկատեց, որ, կարծես, քրեական գործի շրջանակներում ամենամեծ վերականգնումն է, ապա տեղեկացրեց՝ մեղադրանք է առաջադրվել ԶՊՄԿ-ի նախկին տնօրենին, որը մեղադրանքն ընդունել է:
Նույն օրը խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան՝ թեմային անդրադարձել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, որը 2014-2016թթ.՝ զբաղեցնում էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ադմինիստրատիվ տնօրենի, 2016թ.՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը:
Պատգամավորն ուշադրություն հրավիրեց ՊԵԿ հաղորդագրության վրա՝ հետևյալ հարցադրմամբ. «Ո՞վ է բերել-մուծել, ո՞ւմ գլուխն է եղել կախ, ու ինչի՞ հետևանքով է բերել-մուծել, ի՞նչ թալանի մասին է խոսքը, ո՞ւմ է դա առհասարակ վերաբերում։ Ես համոզված եմ, որ ՊԵԿ-ը հատուկ որևէ անուն չի հրապարակել՝ ինչով հնարավորություն է տվել Նիկոլ Փաշինյանին այս թեման բարձրացնել պոպուլիստական մակարդակի և իր հերթական ամպագոռգոռ հայտարարություններն անել»:
Թեև հաղորդագրության մեջ մատնանշված ժամկետներով և պաշտոնի մասին տեղեկությամբ «մուծողի»-ին կարելի էր իդենտիֆիկացնել, այդուհանդերձ, 168.am-ը ՊԵԿ նախագահին ուղղված գրավոր հարցմամբ ցանկացավ տեղեկանալ՝
1. Ո՞վ է ԶՊՄԿ ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրենը, որը վճարել է առաջադրված 15 միլիարդ դրամի պարտավորությունները:
2. Ովքե՞ր են թալանչիները, որոնց մասին հիշատակում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Ի պատասխան՝ ստացանք հերթապահ գրություն առ այն, որ ՊԵԿ հաղորդագրությունը վերաբերում է քննվող քրեական գործին, որի շրջանակներում տվյալները հրապարակվել են այն ծավալով, որով չխախտվի և պահպանվի քննության գաղտնիությունը:
Պարզվում է, սակայն, որ հույժ գաղտնի պահվող անունն այդքան էլ խնամքով չի թաքցվում
Այսպես, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի պաշտոնը Փաշինյանի կողմից բարձրաձայնված ժամանակահատվածում զբաղեցրել է Մհեր Պոլոսկովը, որը, ի դեպ, վերջերս վաճառել է նաև ԶՊՄԿ իր մասնաբաժինը: Պոլոսկովի` գլխավոր տնօրեն լինելու և վերջինիս մասնաբաժնի մասին պարզ է դառնում ԶՊՄԿ-ի՝ իրական սեփականատերերի հայտարարագրի ուսումնասիրությունից։
Ասում են, որ թեև սկզբնական շրջանում Փաշինյան-Պոլոսկով ջրերը, այսպես ասած՝ մի առվով են հոսել, սակայն առուն շուտով պղտորվել է, և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արդեն նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը ՊԵԿ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ. նրա նկատմամբ հայտարարվել է ներպետական հետախուզում, ըստ որում՝ այն բանից հետո, երբ Պոլոսկովն արդեն մեկնել էր Հայաստանից:
Մեր տեղեկություններով՝ Մհեր Պոլոսկովի՝ «փրկագին վճարելու», երկրից հեռանալու և միայն Հայաստանի մասշտաբով հետախուզում հայտարարելու ռիտուալը եղել է Պոլոսկովի այն ժամանակվա տեղակալ Նարեկ Ամբարյանի միջնորդությամբ և «քավորությամբ», ով նաև զուգահեռաբար հանդիսանում էր Պոլոսկովի իրավախորհրդատուն:
Հատկանշական է նաև, որ Նարեկ Ամբարյանի եղբայրը զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանն է, որը 2021 թվականի սեպտեմբերի 9-ին ազատվել է այդ պաշտոնից:
168.am-ի աղբյուրները նշում են նաև, որ 15 միլիարդ դրամի վճարումն ունի այլ պայմանավորվածություն ևս. այն է՝ դադարեցնել Պոլոսկովի նկատմամբ հայտարարված հետախուզումը, քանի որ հակառակ պարագայում՝ կհայտարարվեր միջազգային հետախուզում, ու Պոլոսկովը կարճ ժամանակում կհանձնվեր իրավապահ մարմիններին:
Ստացվում է՝ «Սյունիքի մասին խոսողներ», «թալանչիներ» փաշինյանական ձևակերպումների հասցեատերը Մհեր Պոլոսկո՞վն է: