«Մատ էլ թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ». Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից՝ Սեյրան Օհանյանին
Ազգային ժողովում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ նախապես ներկայացնելով , որ ի թիվս բազմաթիվ թանկացումների՝ Հայաստանում ապրիլի 1-ից կթանկանա նաև գազի սակագինը։ Իսկ հետո հարցրեց՝ արդյոք ունե՞ն գնահատականներ, թե ի՞նչ հետևանքներ է ունենալու գազի թանկացումը տնտեսության վրա, արդյոք Կառավարությունը քայլեր, մեխանիզմներ մշակո՞ւմ է։
Ստամբուլյանը նաև անդրադարձավ մեկ այլ կարևոր խնդրի․
«Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների աղետալի հետևանքներն իրենց վատ անդրադարձն են ունենալու ՀՀ տնտեսության վրա։ Մասնավորապես ինձ անհանգստացնում է, թե հացահատիկի մասով ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, Ռուսաստանի դեմ խստացվում են պատժամիջոցները, եթե հերթը գա հասնի հացահատիկի խնդրին, Ռուսաստանի կառավարությունը, բնականաբար, իր քաղաքացիներին է սպասարկելու, և քանի որ դուք Արցախի շուրջ 75 տոկոսը հանձնեցիք թշնամուն, նաև թշնամուն թողեցիք հացահատիկի պաշարները։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, գոնե այս մասով մշակո՞ւմ եք, թե ՀՀ քաղաքացու անվտանգությունը ոնց եք սպասարկելու, թե՞ նորից ասելու եք, որ դուք համար մեկ պատասխանատուն եք, բայց համար մեկ մեղավորը չեք»։
Նիկոլ Փաշինյանը մոտեցավ ԱԺ ամբիոնին՝ ասելով, որ չէր պատասխանի պատգամավորի հարցին, եթե նրա հարցի մեջ չլիներ հերթական պնդումը, որ իրենք Արցախի 75 տոկոսը թողել են թշնամուն․
«Ես հիմա պաշտոնապես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից պահանջո՛ւմ եմ, որ իրենք հրապարակային դիրքորոշում արտահայտեն ի վերջո՝ Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլի, և այդպես շարունակ։ Ընդ որում, ես միանգամից նաև իմ արձագանքն եմ ասում նաև դրան, եթե Սանասար է և ոչ Կուբաթլի, ձեր լիդերները ինչո՞ւ են 20 տարի բանակցել այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, ընդ որում, դա արել են հրապարակային՝ ձեր ընդունած Մադրիդյան սկզբունքներում գրվել է՝ կետ առաջին, 7 շրջանները վերադարձվում են Ադրբեջանին։ Հիմա ասեք, այ դավաճաննե՛ր, խի՞ եք գնացել, հայրենիքը դրել սակարկությունների վրա, որ հացահատիկի գործ անե՞ք, ասե՛ք պաշտոնապես։ Եթե պաշտոնապես հաստատեք, որ Սանասար է և ոչ Կուբաթլի, ուրեմն հայրենիքի դավաճանության հոդվածով ձեր 2 լիդերների նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի, և այն, ինչ դուք ուզում եք բեմադրել մեր նկատմամբ, պետք է ձեր նկատմամբ անի։ Հերի՛ք է գաք այստեղ կոկորդիլոսի արցունքներ թափեք, հերի՛ք է կոկորդիլոսի արցունքներ թափեք․․․»։
Արձագանքելով Փաշինյանին՝ Հռիփսիմե Ստամբուլյանը նրան զգուշացրեց, որպեսզի Ազգային ժողովում մատ թափ տալով և բարձր տոնով չխոսի պատգամավորների հետ․
«Նկատի ունեցեք, որ դուք գործադիր եք և իրավունք չունեք մատ թափ տալով և բղավելով պատասխանեք այն հարցերին, որոնք բարձրացվում են մեր կողմից։ Երկրորդ, ի վերջո կպատասխանե՞ք, ՀՀ քաղաքացու համար ի՞նչ եք անում․․․ Ձեր ձայնի տոնայնությունը մի՛ բարձրացրեք, նորից եմ կրկնում, դուք գործադիր եք և պարտավո՛ր եք հանգամանալից պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք հուզում են ՀՀ քաղաքացուն»։
Փաշինյանն էլ այսպես արձագանքեց ընդդիմադիր պատգամավորի նկատողությանը․
«Իսկ էն, որ դուք օրենսդիր եք, դա չի նշանակում, որ տակից-գլխից կարաք ամեն ինչ խոսաք։ Ես ձեզ պարզ հարց եմ տալիս, ասում եմ՝ ով ինչ ասի, որ ես հո՛ղ եմ հանձնել, ես էդ մարդկանց հետ մատո՛վ եմ խոսալու ու մատո՛վ եմ խոսացել․․․»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքեց՝ Ձեր ղեկավարության ժամանակ․․․, սակայն Փաշինյանը թույլ չտվեց, որ պատգամավորն ավարտի խոսքը և ագրեսիվ տոնով արձագանքեց․
«Տո՛ ձեր ղեկավարության ժամանակ ինչ ա՞ եղել, եթե Սանասար էր, ինչի՞ էիք գնացել հանձնում, Մադրիդյան սկզբունքներում դուք եք գրել, դուք եք Պաշտպանության նախարար եղել, կանսերվի կոկոշներով դիրքերն ամրացնելով։ Ուրեմն ձեր չափն իմացե՛ք, հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, թա՛փ կտամ մատ, պետք ըլնի՝ ուրիշ բան էլ թափ կտամ․․․» ԱԺ ամբիոնից իջնելով՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում