«6 ամիս կդիմանանք»․ փորձագետը հորդորում է «ձգել գոտիները»

Ռուսաստանը մինչև օգոստոսի 31-ն արգելել է հացահատիկային մշակաբույսերի և շաքարի արտահանումը ԵԱՏՄ երկրներ:

Պարենային անվտանգության հարցում արտաքին աշխարհից կախվածության մեջ գտնվող Հայաստանի համար այս տեղեկությունը մտահոգություններ առաջ բերեց ոչ միայն՝ մասնագիտական ու քաղաքական, այլև՝ հանրային շրջանակներում. խանութներում հերթեր են ալյուրի, շաքարավազի ու բուսայուղի համար: Ասել է թե՝ քաղաքացիները չեն վստահում իշխանությունների հավաստիացումներին, թե ամեն ինչ վերահսկելիության սահմաններում է:

168.amի հետ զրույցում Գյուղատնտեսության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հերթական մարտահրավերը դիմագրավելու համար առանձնացրեց կարճաժամկետ ու երկարաժամկետ խնդիրներ:

«Կարճաժամկետ կտրվածքում, իհարկե, մեր նպատակն է լինելու՝ այլընտրանքային մատակարարման ուղիներ գտնել: Այդուհանդերձ, հստակեցնեմ՝ իրենք դա արել են, որ ոչ թե, օրինակ, Հայաստան ցորեն չգա, այլ՝ որովհետև կասկածներ ունեն, որ Հայաստանից ցորենը կգնեն և կվաճառեն երրորդ երկրի, հետևաբար՝ վստահության խնդիր կա: Պետք է մեխանիզմ ստեղծել, որպեսզի ռուսական կողմը տեսնի, որ Հայաստանի միջոցով դեպի երրորդ երկիր արտահանումները կասեցված են:

Ավելի ֆունդամենտալ առումով՝ երկիրն ուղղակի պետք է գյուղատնտեսական քաղաքականություն մշակի, որովհետև մենք ամիսներ է՝ նշում ենք, որ դա խնդիր է լինելու. այս իշխանությունները մատը մատին չխփեցին»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ դեռևս հունվար ամսին բարձրաձայնում էր պարարտանյութի և սերմացուի խնդիրների մասին՝ մինչդեռ կառավարությունը չի սուբսիդավորել գարնանացան սերմացուն, իսկ պարարտանյութի վերաբերյալ որոշում ընդունել է միայն մարտի 3-ին՝ այն դեպքում, երբ մարտին արդեն այդ պարարտանյութը պետք է տրվեր հողին:

«Եվ դեռ այդ պետական ծրագրով, կարծեմ, մի գրամ պարարտանյութ դեռ Հայաստան չի եկել»,- հավելեց նա:

Ճշգրտմանը, թե մատակարարման ի՞նչ այլընտրանքային ուղիներ կան այս պահին՝ հաշվի առնելով, որ հենց Ռուսաստանն է աշխարհում ցորենի առաջին մատակարարը, Գյուղատնտեսության նախկին նախարարը, որպես հնարավոր տարբերակ՝ մատնանշեց Ղազախստանը:

Անդրադառնալով պարենային մթերքի հայաստանյան անվտանգային պաշարներին՝ Արթուր Խաչատրյանը նկատեց. «Պաշարների կառավարումն իրականացվում է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, դա գաղտնի տեղեկություն է. որևէ բան չեմ կարող ասել:

Սակայն, եթե հացահատիկի մեր արտադրությունը խիստ ընկել է, մեր հույսը մնում է դրսից ներմուծումը։ Եվ չմոռանանք, որ այս իշխանությունների օրոք հանձնվեցին այն տարածքները, որոնք հացահատիկի շտեմարան էին, և, որ մեր վարելահողերի 40 տոկոսից ավելին չի մշակվում:

Եթե պետությունն ուզում է խրախուսել մշակովի վարելահողերի մակերեսի մեծացումը, պետք է ծրագրեր իրականացնի, որպեսզի մարդիկ հացահատիկ ցանեն: Չմոռանանք, որ հացահատիկը միայն հաց չէ, դա նաև կերային բազա է անասնապահության զարգացման համար:

Երբ ես նախարար էի, 2018 թվականի աշնանը փորձնական ծրագիր իրականացրի, և մենք ունեցանք հացահատիկի ցանքատարածքների մեծացում: 2019 թվականի բյուջեում 2 միլիարդ դրամ այդ ծրագրի վրա դրվեց. մի լումա չի ծախսվել»:

Հարցին, թե ինչո՞ւ ծրագիրը չի շարունակվել, մեր զրուցակիցը հակիրճ պատասխանեց. «Այդ հարցով դիմեք Նիկոլ Փաշինյանին՝ ինքը Ձեզ համապարփակ պատասխան կտա. կասի՝ որովհետև գյուղացիներն անգլերեն չեն խոսում և սպիտակ վերնաշապիկով չեն գնում դաշտ»:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագետ, պարենային հարցերով մասնագետ Սամվել Ավետիսյանի համոզմամբ՝ 6-ամսյա ժամկետի կտրվածքով Հայաստանի պահուստային ֆոնդը կբավարարի:

«Իհարկե, պաշտոնական տվյալները չեն հրապարակվում, բայց ցորենի գծով մոտավորապես 350.000 տոննա պահուստ ունենք. մեր սննդի օգտագործման տարեկան ծավալը 385.000 տոննա է: Այսինքն՝ մենք այդ 6 ամիսը կդիմանանք»,- նշեց փորձագետը՝ հղում անելով պարենային հաշվեկշռի վիճակագրությանը:

Սամվել Ավետիսյանը, այդուհանդերձ, հորդորեց «ձգել գոտիները», որովհետև, նրա գնահատմամբ, ողջ արժեշղթայում կորուստներ են արձանագրվում:

«Միայն ցորենի գծով մեր կորուստը տարեկան կազմում է 45-50 հազար տոննա: Պետք է ավելի քաղաքակիրթ ձևով վարվենք հացի հետ. ցավոք սրտի, ամեն մեկս մեր ընտանիքի օրինակով կարող ենք ասել, որ բավականին շատ հաց ենք թափում: Պետք է այդ կորուստները կարողանանք քչացնել, և հիմա գարնանացան է, պետք է աջակցել գյուղացուն, որպեսզի ավելի շատ ցորեն ցանի:

Անհրաժեշտ քայլերը միշտ էլ պետք է պետությունն իրականացնի, բայց գործ անողը գյուղացին է, դրա համար էլ պետությունը պետք է գյուղացուն աջակցի. ջրի մասին պետք է մտածվի, պարարտանյութի մասին, էլ չեմ ասում՝ շրջանառու միջոցներ տրամադրվի»,- եզրափակեց մասնագետը:

Նկատենք՝ Հայաստանը հացահատիկի հիմնական մասը ներկրում է Ռուսաստանից: Երկրում ցորենի ինքնաբավության մակարդակն ընդամենը 23-24 տոկոս է, իսկ պարենային անվտանգության հարցում արտաքին աշխարհից մեր կախվածությունը հատկապես մեծացել է Արցախում զգալի կորուստներից հետո. Արցախում նախքան ռազմական գործողություններն առկա ավելի քան 130.000 հա վարելահողերի շուրջ 75 տոկոսը մնացել է Ադրբեջանի վերահսկողության գոտում, թշնամուն են անցել նաև պտղատու այգիների, ոռոգման ջրի պաշարների, անասնագլխաքանակի, արոտների զգալի մասը:

Տեսանյութեր

Լրահոս