Տնտեսագետը քաղաքացիներին խորհուրդ է տալիս անցնել խնայողական ռեժիմի
Այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ Հայաստանում սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 11.4%-ով, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.1% նվազում է արձանագրվել. ԱՎԾ վերջին հրապարակման ցուցանիշներն են:
Ընդհանուր առմամբ, սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2022թ. փետրվարը 2021թ. փետրվարի նկատմամբ, կազմել է 6.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն արձանագրում է՝ գնաճային միտումները շարունակական են լինելու՝ հաշվի առնելով նաև ռուս-ուկրաինական հակամարտության տնտեսական հետևանքները:
Խոսելով հակամարտության ֆոնին միջազգային շուկայում հացահատիկի գների շուրջ 70 տոկոս թանկացման մասին՝ տնտեսագետը նկատեց, որ մինչ այս հակամարտությունն էլ այս առումով խնդիրներն ակնառու էին.
«Ցորենի կտրվածքով մենք ունենք ընդգծված խնդիրներ. մինչև 44-օրյա պատերազմը շուրջ 30 տոկոս հացահատիկ մենք ստանում էինք Արցախից, այժմ այդ 30 տոկոսն արդեն դադարում ենք ստանալուց, ինչին գումարվում է այն, որ մենք հացահատիկային կուլտուրաները մեծամասամբ ներկրում ենք ՌԴ-ից, նաև՝ Ուկրաինայից:
Ստացվում է, որ այս իրավիճակը բերելու է գնաճի, առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների կտրուկ գնաճի»:
Վարդան Բոստանջյանը, իրավիճակով պայմանավորված, քաղաքացիներին խորհուրդ տվեց անցնել խնայողական ռեժիմի:
«Այսօրվա վարվող տնտեսական քաղաքականությամբ պետության պատրաստվելու խնդրի մասին ես անգամ չեմ էլ նշում, որովհետև սրանցից չի երևում, որ իրենք կարող են նախապատրաստվել ու դիմակայել: Իսկ քաղաքացիները պետք է խնայողաբար ու սահմանափակ չափերով փորձեն օգտագործել հացահատիկային կուլտուրաներից պատրաստված ամեն ինչ»,- հավելեց նա:
Տնտեսագետն ուշադրություն հրավիրեց նաև վերջին օրերին ռուբլու արժեզրկմանը զուգահեռ՝ դրամի արժեզրկման հանգամանքին՝ շեշտելով, որ արժութային շուկայի այս իրավիճակի երկարաձգումը ևս կբերի գնաճի նոր ալիքի:
Քանի որ բազմաթիվ երկրներ արդեն սկսել են վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքները՝ նպատակ ունենալով մեղմել թանկացումների ալիքը, Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Հայաստանի ԿԲ-ն ևս կբարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչին ի պատասխան՝ նա նշեց.
«Դրամային իշխանություններն այսօր մեծագույն ճիգերով փորձում են պահպանել կուրսը: Չնայած այդպես երկար դիմանալն անհնար է, և դա ակնհայտորեն բերում է ֆինանսական շուկայում ռիսկերի կտրուկ մեծացման: Իմ կարծիքով, դրամային իշխանությունները հույսները կտրել են կառավարությունից, որովհետև, ընդհանուր առմամբ, կայունության պահպանման գործում պատասխանատվության առյուծի բաժինը պետք է լիներ Կառավարությանը, և երբ կառավարությունը ոչինչ չի անում, այս պարագայում միակ միջոցը մնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը»:
Ի դեպ, ԿԲ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ հերթական ասուլիսը լինելու է մարտի 15-ին. հավանաբար հենց այդ օրը կհայտարարվի վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական բարձրացման մասին: