Փոխանակ հայրենազրկման և պարտության պատասխանատվությունն իր վրա վերցնելու՝ այս իշխանությունն աշխարհի աչքի առաջ ադրբեջանական թեզեր է առաջ քաշում. Րաֆֆի Հովհաննիսյան

44-օրյա պատերազմում պարտվել է քաղաքական և ռազմական հրամանատարությունը, առաջին հերթին՝ գերագույն հրամանատարը, պատասխանատվությունը նրանն է և ոչ թե շարքային զինվորինը: Ակնհայտ է, որ առնվազն աղետալի նոյեմբերի 9-ից հետո պետք է լիներ այլ իշխանություն։ Աննախադեպ բան է՝ այս իշխանությունն ամբողջ աշխարհին ադրբեջանական թեզեր է ներկայացնում, որոնք կասկածի տակ են դնում մեր 30 տարվա պայքարը հանուն ճշմարտության, ազգային-պետական շահերի, հարցականի տակ է դնում յուրաքանչյուր հայի և հայաստանցու գոյության իմաստը։ 168TV«#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«ՀՀ ոչ մի իշխանություն երբևէ չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանն անդամագրվել է ամենատարբեր միջազգային կազմակերպությունների՝ ընդունելով դրանց հիմնարար սկզբունքները, բայց այլ պետության տարածքային ամբողջականության ճանաչում երբեք չի ենթադրվել։ Առայսօր Թուրքիայի և Ադրբեջանի հետ որևէ պայմանագիր չկա, թեև այս իշխանությունը շատ է ուզում նման փաստաթուղթ կնքել։ Երբ այս վարչապետն ընդդիմադիր էր, ազգային կարգախոսներից ելնելով՝ դեմ էր փոխզիջումներին, հիմա ինքն իրեն հակասում է։ Փաշինյանին ամենաշատը դավաճան և հողատու կանվաներ հենց ընդդիմադիր Փաշինյանը»,- ասաց քաղաքական գործիչը:

«Եթե նախկինները միայն խոսում էին տարածքների հնարավոր վերադարձի մասին, այս իշխանությունը պատերազմի միջոցով հանձնեց հողերը։ Այս ամբողջ խոսույթը տեղի է ունենում թշնամիների և միջազգային հանրության աչքի առաջ, այսինքն՝ ահավոր հայրենազրկումից և պարտությունից, 5000 հերոսացած տղաների կորստից հետո մենք նման մակարդակի պետական դիսկուրսի մեջ ենք։ Փոխանակ այս իշխանությունը պատասխանատվություն վերցնի իր արածի համար, աշխարհի աչքի առաջ ադրբեջանական թեզեր է առաջ քաշում։ Հիմա մեզ հայկական պաշտոնական տեսակետներ են դեմ տալիս, և մենք դրա դեմ ենք պայքարում»,- նշում է Հովհաննիսյանը:

ԱԳ նախկին նախարարի կարծիքով՝ ներկայիս պաշտոնական տեսակետներն ամեն դեպքում երբևէ չեն կարող արտացոլել պետական և ազգային շահը, քանի որ դրանք ներկայացնողները պետական շահի հետ աղերս չունեն.

«Այս իշխանությունը հեռանալու արժանապատվություն չունի, վաղ թե ուշ հայ ժողովուրդը պետք է փոխի նրանց։ Դա ուղղակի ազգային անհրաժեշտություն է։ Այս իշխանությունը պիտի ունենար այդ նվազագույն արժանապատվությունը՝ հասկանալու, որ մի այլ իշխանություն է պետք՝ մեզ կայունություն և ազգային գիտակցություն բերելու, որ մենք այլոց հետ հաղորդակցվելու այս ցածր նշաձողը չունենանք»:

«Առանց նախապայմանների՝ նշանակում է՝ հենց հիմա, ոչ թե հաջորդական հանդիպումների ընթացքում, Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները նոտաներ են փոխանակում, հարաբերություններ են հաստատում, Թուրքիան սահմանը բացում է։ Թուրքիայի կառուցողականության ծխածածկույթի տակ այլ բովանդակություն կա, սա մեծ թատրոն է, որտեղ հերթական անգամ այս իշխանությունը հասարակությանը շեղում է իրականությունից, մեր պատմական ճշմարտությունից, ազգային արժեքներից, Հայոց ցեղասպանությունից, և տանում է այլ ուղղությամբ։ Հետպատերազմյան մեր թուլությունը պարտությունից հետո թելադրում է այլ իրականություն, այն մեզ ստիպում է ունենալ այլ բանակցող։ Մենք պիտի շատ զգույշ լինենք, որ հայ-թուրքական հարաբերություններում մեր շահերը չզիջվեն ավելին, քան պետք է»,- ամփոփել է ՀՀ ԱԳ առաջին նախարարը:

 

Տեսանյութեր

Լրահոս