Թուրք կուսակցապետ․ «Ո՞վ կարող է ասել, որ Պուտինի գլխում Կարսը, Էրզրումը և Արդահանը Ռուսաստանի պակասող մասերը չեն»

Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները, կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովում ելույթ ունենալիս, քննադատել է իշխանությունների քաղաքականությունն Ուկրաինայի հարցով։ Այս համատեքստում նաև անդրադարձել է Հայաստանին և հայկական թեմային վերաբերող հարցերի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Աքշեները նշել է, որ Թուրքիայի իշխանությունները, հավասարակշռված քաղաքականություն վարելու մասին հայտարարելով, հակառակն են անում ու երկրի արտաքին հարաբերությունները մղում անհավասարակշռության։

Ըստ Աքշեների դիտարկման՝ առավոտյան Էրդողանը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է անում իրենց պարտականությունները կատարել (Ուկրաինայի նկատմամբ), իսկ նույն օրը երեկոյան «ԵԽ-ում ՌԴ անդամակցությունն առկախելու քվեարկության ժամանակ, որտեղ միայն Հայաստանն էր աջակցել ՌԴ-ին, Թուրքիան ձեռնպահ է քվեարկում»։

Այս համատեքստում Աքշեները հետևյալ շեշտադրումն է արել․ «Պատերազմում, որտեղ երկրներն իրենց ազատության և ինքնիշխանության համար են կռվում, մենք նրանց հետ միասին ենք։ Ուկրաինայի քաղաքները, խաղաղ բնակիչների բնակության վայրերը թիրախ են դարձել։ Ստիպված ենք ասել, որ սա ակնհայտ բռնազավթման և հարձակման նախաձեռնություն է, քանի որ ՌԴ նախագահ Պուտինը չի ճանաչում Ուկրաինայի ժողովրդի կամքը, չի հարգում քաղաքական ինքնիշխանությունը։

Երբ Ռուսաստանի այս մոտեցումն ակնհայտ է, ո՞վ կարող է պնդել, որ Թուրքիայի համար նա անվտանգ է։ Ո՞վ կարող է հանգիստ ասել, որ Պուտինի գլխում Կարսը, Էրզրումը և Արդահանը Ռուսաստանի պակասող մասերը չեն»։

Տեսանյութեր

Լրահոս