Սպասումները ճնշում են փոխարժեքի շուկան. մեծանում է լարվածությունը նաև ֆինանսական համակարգում
Հայաստանի ֆինանսական համակարգը չի կարող անմասն մնալ այն ամենից, ինչ տեղի է ունենում Ռուսաստան-Արևմուտք հակասությունների շրջանակներում։ Կիրառվող պատժամիջոցների հետևանքով ճնշումը ռուսական ֆինանսական հատվածի վրա էապես մեծացել է՝ միջնորդավորված ձևով տեղափոխվելով նաև Հայաստանի ֆինանսական համակարգ։
Դա նկատելի է՝ ինչպես արժութային շուկայում, այնպես էլ՝ բանկային համակարգում։
Այս փուլում, իհարկե, ավելի շատ զգացնել են տալիս ձևավորված բացասական սպասումները։
Այդ սպասումների հետևանք է նաև վերջին օրերին դոլարի փոխարժեքի նկատվող տեղաշարժը։ Այն արտահայտվում է առք ու վաճառքի փոխարժեքների տարբերության խորացման տեսքով։ Մեծացել է փոխարժեքի մարժան։
Մինչև վերջին իրադարձությունները՝ դոլարի նկատմամբ դրամը կայուն վարքագիծ էր դրսևորում։ Հիմա էլ կարծես էական տատանումներ չկան, բայց բարձրացել է դոլարի վաճառքի գինը։ Շուկայի մասնակիցները փորձում են դիրքավորվել՝ սպասելով դոլարի հնարավոր թանկացման։
Գնման համեմատ, աճել է վաճառքի գինը՝ դոլարի պահանջարկի ակնկալվող ավելացման հետևանքով։
Վերջին տվյալներով, դոլարը գնվում է՝ 479-480, վաճառվում է՝ 488-489 դրամով։
Մարժան 8-9 դրամի շրջանակներում է։ Այնինչ՝ հանգիստ պայմաններում այն հիմնականում 2-3 դրամից չի անցնում։ Հիմա գրեթե կրկնակի բարձր է, ինչը նշանակում է, որ այս փուլում արժութային շուկայի մասնակիցների սպասումները հիմնականում դոլարի թանկացման ուղղությամբ են։
Փոխարենը՝ կտրուկ թուլացել է ռուսական ռուբլին։ Իհարկե, ռուբլին նոր չէ, որ արժեզրկվում է։ Այդ երևույթը վաղուց է սկսվել։ Նախորդ 2-3 տարիներին ռուսական արժույթը հասցրել է բավականչափ արժեզրկվել՝ ինչպես դոլարի, այնպես էլ՝ եվրոյի նկատմամբ։ Բայց ռուս-ուկրաինական ռազմական բախումից և կիրառվող պատժամիջոցներից հետո ռուբլին մտավ շատ ավելի խորն անկման փուլ։
Այդ դրսևորումներից հետո վերջին օրերին Հայաստանի արժութային շուկայում էապես մեծացել է ռուբլու տատանողականությունը, գնման ու վաճառքի տարբերությունը։ Ցանկացած պահի շուկայում հնարավոր են նոր ցնցումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շարունակվում են ճնշումները Ռուսաստանի տնտեսության ու ֆինանսական համակարգի վրա։ Կիրառվող գլոբալ և անհատական պատժամիջոցները սկսում են խնդիրներ ստեղծել։
Արժութային շուկայում նկատվող անհանգստություններն աստիճանաբար տեղափոխվում են նաև բանկային համակարգ, ինչն առավել մեծ վտանգներ կարող է ներկայացնել ֆինանսական կայունության առումով։
Ռուսական որոշ բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ կապված՝ լարվածությունը մեծացել է նաև Հայաստանի բանկային համակարգում։
Որպես այդպիսին՝ առաջինը խնդիրների հանդիպեց «ՎՏԲ-Հայաստան» բանկը։ Այն բանից հետո, երբ մայր բանկի նկատմամբ կիրառվեցին պատժամիջոցներ՝ բանկի հայաստանյան կառույցն անմիջապես իր վրա զգաց դրա ազդեցությունը։
Հաճախորդների և հատկապես ավանդատուների անհանգստությունները նման պայմաններում միանգամայն հասկանալի են։ Անկայուն և ռիսկային իրավիճակներում ձևավորվում են մտահոգություններ, որոնք ժամանակին չկանխելու դեպքում հետագայում կարող են շատ ավելի լրջագույն խնդիրների առաջ կանգնեցնել։
Թերևս, դա էր պատճառը հայտարարելու, որ «ՎՏԲ-Հայաստան»-ը պատրաստ է ամբողջությամբ բավարարել հաճախորդների պահանջները։
«Բանկը շարունակում է տրամադրել հիմնական ֆինանսական ծառայությունները՝ պահպանելով իրացվելիության և կապիտալի բարձր մակարդակ։ Կիրառված սահմանափակումները չեն ազդում հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա։ Բոլոր հաշիվներն ակտիվ են, և հաճախորդների միջոցները հասանելի են՝ ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ՝ հեռահար սպասարկման տարբերակով։ Դրանք կարելի է ամբողջությամբ օգտագործել Հայաստանի տարածքում ազգային արժույթով բոլոր գործարքներն իրականացնելու համար։ Բանկը կատարում է հաճախորդների նկատմամբ իր պարտավորությունները։ Կանխիկ միջոցների ստացումը հնարավոր է Հայաստանի ամբողջ տարածքում տեղակայված ցանկացած բանկոմատներից և գործընկեր բանկերից»,- հաշվի առնելով հաճախորդների շրջանում ձևավորված մտահոգությունները՝ շտապեց հայտարարել «ՎՏԲ-Հայաստան» բանկը։
Ստեղծված իրավիճակին արձագանքեց նաև Կենտրոնական բանկը՝ հայտարարելով, որ Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների։ Բանկն ունի բավարար իրացվելիություն և կապիտալ սպասարկելու իր բոլոր պարտավորությունները։ Բանկին հասանելի են նաև Կենտրոնական բանկի կողմից իրացվելիության տրամադրման մշտական հնարավորության գործիքները:
Սրանք, անշուշտ, պարտադրված հայտարարություններ են, որոնք նպատակ ունեն թուլացնել հաճախորդների շրջանում ի հայտ եկած անհանգստությունները։ Բայց հասկանալի է, որ դրանով չփարատվեցին բոլոր մտահոգությունները։ Պարզ է, որ հաճախորդների մի մասն այս ընթացքում փորձելու է իր միջոցներն ապահովագրել՝ այլ բանկ տեղափոխելով կամ բարձի տակ դնելով։
Հատկապես որ, ֆինանսական համակարգում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև ծագած հակասությունները կարծես չեն սահմանափակվում միայն առանձին բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով։
Սառեցման վտանգի տակ են հայտնվել Ռուսաստանի Կենտրոնական բանկի մի քանի հարյուր միլիարդ դոլարի հասնող տարադրամային ակտիվները։
Եվրամիության երկրների շրջանում կարծես կա համաձայնություն նաև ռուսական բանկերին միջազգային բանկային համակարգից անջատելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ դա մի համակարգ է, ինչի միջոցով տեղեկատվություն է փոխանցվում բանկերի միջև իրականացվող ֆինանսական գործարքների վերաբերյալ։ Դրա արդյունքում կրճատվում են՝ ինչպես գործարքների իրականացման ժամկետները, այնպես էլ՝ նվազում են ծախսերը։
Ռուսական բանկերը SWIFT-ից անջատելու դեպքում ռուսական ֆինանսական համակարգը գուցե ամբողջությամբ մեկուսացման մեջ չհայտնվի, բայց զգալի բարդություններ ու անհարմարություններ կստեղծվի բանկային համակարգի, այդ թվում՝ գործընկեր երկրների համար։
Կտուժի նաև Հայաստանի բանկային համակարգը, որը մինչ այդ էլ սկսել է զգալ ռուսական ֆինանսական համակարգից թելադրված բացասական ազդեցությունները։ Դրանք առաջիկայում կարող են շատ ավելի տեսանելի և առարկայական լինել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ