Բաժիններ՝

«Քանի որ նույնականացված դիեր են, ապա կարող են ունենալ անհատական գերեզմաններ»․ Անահիտ Ավանեսյանը՝ 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս դիահերձարաններում պահվող մարմինների մասին

«Ցավոք սրտի դեռ ունենք դեպքեր, երբ նույնականացումն ավարտվել է, անգամ կրկնվող հետազոտական արդյունքների պարագայում էլ ծնողները, հարազատները դեռ իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու և հուղարկավորելու»,- Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված, և 1 տարուց ավելի դիահերձարաններում պահվող մարմինների և մասունքների ճակատագրի մասին հարցին։

«Մենք պատկերացնում և հասկանում ենք, որ սա շատ ցավոտ գործընթաց է, և Քննչական կոմիտեն և մյուս պատկան մարմինները զբաղվում են, որպեսզի այս ընթացքը հնարավորինս արագ կերպով ավարտի բերենք»,- հավելեց նախարարը։

Անահիտ Ավանեսյանը հիշեցրեց, որ դեռ նախորդ տարի 100-ից ավելի քայքայված մասունքներ ուղարկվել էր արտերկիր, այսօր դրանց պատասխաններն էլ կան․

«Այդ մասունքները շատ քայքայված էին, շատ դժվար էր դրանցից ԴՆԹ առանձնացնել, մենք 100-ից մի փոքր ավելի մասունքներ ուղարկեցինք Հոլանդիա, ստացանք դրանց արդյունքները, և այդ փուլը ևս ավարտվել է։ Այս պահին, կարելի է ասել, որ նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտել ենք և ներկայում հետազոտության մեջ չունենք որևէ միջոցառում։ Շեշտեմ, որ կան նաև մասունքներ, որոնց նույնականացումն անհնար է իրականացնել, դրանք առանձին արխիվացված են, թիվ չեմ կարող հնչեցնել»։

Անդրադառնալով նախորդ տարի տեղի ունեցած սարսափելի միջադեպին, երբ զոհվածների մարմինները պոլիէթիլենային տոպրակների մեջ իրար վրա դրված էին դիահերձարաններից մեկում՝ հատակին, Ավանեսյանն ասաց, որ այսօր Հայաստանի գրեթե բոլոր դիահերձարաններում վերանորոգումներն ավարտված են, բոլոր մարմիններն ու մասունքները պահվում են հավուր պատշաճի․

«2021 թվականի ընթացքում մենք ավարտեցինք բոլոր դատաբժշկական կենտրոնների, դիահերձարանների վերանորոգման աշխատանքները և՛ Մեծամորում, և՛ Մարտունիում, և՛ Աբովյան քաղաքում, և այս պահին, կարելի է ասել, գոյություն ունեցող բոլոր դիահերձարանները համապատասխանում են անհրաժեշտ բոլոր չափանիշներին, դրանք վերանորոգված են, կահավորված են, ապահովված են սառնարանային ամբողջական կարողություններով։ Վաղուց ի վեր որևէ բեռնատարում չկան մարմիններ»։

168.amի հարցին՝ ի վերջո, ի՞նչ է լինելու այդ մարմինների և մասունքների ճակատագրերը, երբ մի դեպքում՝ ԴՆԹ-ն համընկել է հարազատի ԴՆԹ-ի հետ, սակայն վերջինները հրաժարվում են հուղարկավորել այն, մյուս դեպքում՝ ծնողները ԴՆԹ էլ չեն հանձնում՝ հույս ունենալով, որ իրենց զավակները ողջ են՝ գերության մեջ, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․

«Քանի որ դրանք նույնականացված դիեր են, ապա կարող են առանձին հստակ կերպով ապահովել ճանաչելիությունը, ունենալ անհատական գերեզմաններ, համապատասխան մարմինների խորհուրդը որոշում կկայացնի՝ հաշվի առնելով հարցի նրբազգաց և բարդ լինելը, բոլոր հանգամանքները։ Չեմ կարող ասել որևէ հստակ ժամանակ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս