Մեր կենտրոնից մոտ 30 երիտասարդ գնաց Եվրոպա, ուղեղային արտահոսք եղավ, ու նրանցից ոչ ոք չվերադարձավ. Հիմա էլ, եթե գնացին՝ էլ հետ չեն գա. ՕԴՔԳՏԿ գիտաշխատող

ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության մոտ՝ պահանջելով չեղարկել գործող 5 մասնաշենքի կենտրոնում բնակելի շենք կառուցելու որոշումը:

«Շինարարություն դեռ չի սկսվել, աշխատանքները զուտ նախագծային բնույթ են կրում: Անցած տարի ամռանը ևս այստեղ էինք՝ բողոքի ակցիայով: Տարածքում գտնվող ջրավազանը պատկանում էր պատմամշակութային հուշարձաների ցանկին, սակայն ամռանը կառավարության որոշմամբ հանվեց ցանկից, ու դրանից հետո հավանականությունն ավելի մեծ էր, որ շինթույլտվություն կտրվի կառուցապատողին: Ընդհանրապես ցանկացած երկրում գիտական կառույցների շուրջ կա համապատասխան գիտական միջավայր, և Սովետական Միության տարիներին, երբ կառուցում էին ինստիտուտը, այդ միջավայրն ապահովված էր: Տարածքում էկոհամակարգը բավականին լավ վիճակում է գտնվում, ինստիտուտների համար է նախատեսված եղել ի սկզբանե:

Շենքը, կարող է, ներդրում է ներկայացնում իրենից, ու կարող է կառավարությունը պնդել, որ այդ ներդրմանը պետք չէ խանգարել, բայց գիտական կենտրոնի աշխատանքը խանգարվում է ոչ միայն նրանով, որ գիտական միջավայրն է խախտվում, այլև շինարարության ընթացքում, հնարավոր է՝ վնասվեն այնպիսի սարքեր, որոնք տարածաշրջանում այս պահին միակն են իրականում: Այդ սարքերն անհրաժեշտ են ոչ միայն մեր ինստիտուտներին ու քիմիական կառույցներին, ավելին, շուտով բերվելու է նոր սարք, որն անհրաժեշտ է կենսաբանական, ֆիզիկայի և այլ գիտությունների համար: Անհրաժեշտ է նաև բիզնեսի համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գիտաշխատողներից Մովսես Աղեկյանը՝ հավելելով, որ այդպիսի գործառույթներ իրականացնող ինստիտուտի աշխատանքը խանգարելն այդքան էլ ռազմավարական բնույթ չի կրում, հատկապես որ, Կառավարությունը շեշտում է, որ իրենց համար ռազմավարական է այս պահին գիտության զարգացումը:

«Շենքերի բնակիչներն օրերից մեկ օր բողոքելու են, որ այդտեղ քիմիական ինստիտուտ է առկա: Միայն ֆինանսավորման փոփոխությամբ գիտության զարգացում հնարավոր չէ: Այս պահին վախ ունենք, որ հնարավոր է՝ ինստիտուտը վերջնականապես փակեն: Առանց այդ էլ ՀՀ-ում քիմիական ինստիտուտներ շատ քիչ են մնացել: Քիմիայով հետաքրքվողները քիչ են, քիմիայով զբաղվող գիտնականների տարիքը բավականին բարձր է. միջին տարիք Հայաստանում գրեթե չունենք, ու այս պայմաններում ինստիտուտին վնաս հասցնելը բավականին լուրջ ռազմավարական խնդիրներ է առաջացնելու»,- նշեց գիտաշխատողը:

Արփինե Հարությունյանը, ով կենտրոնի ավագ գիտաշխատողներից է, ցավով նշեց, որ կատարվող գործընթացները հիասթափեցնող են:

«Երիտասարդները գիտական գործունեություն ծավալելու փոխարեն՝ այստեղ կանգնած են: Մեկ, երկու, երեք, և հիասթափություն է առաջանում: Դեռ աշխատավարձը չբարձրացրած՝ արդեն այլ խնդրի առջև ենք կանգնում: Ամենօրյա պայքարի մեջ ենք: Գիտնականը, մտավոր աշխատանքը թողած՝ 100 բանի մասին է մտածում, և վերջնական պրոդուկտային արդյունքը չի կարող արդյունավետ լինել: Միշտ չէ, որ պայքարի ոգին մնում է: Գալիս է մի պահ, որ հոգնեցնում է, ու այդ պահը եղել է նաև 2007-2010թթ.: Հենց մեր կենտրոնից մոտ 30 երիտասարդ գնաց Եվրոպա, ուղեղային արտահոսք եղավ, ու նրանցից ոչ ոք չվերադարձավ: Հիմա էլ, եթե գնացին՝ էլ հետ չեն գա»,- նկատեց Արփինե Հարությունյանը:

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության մամուլի խոսնակ Նարեկ Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում անդրադարձավ գիտաշխատողների բողոքի ակցիային՝ նշելով. «Նախ և առաջ ցանկանում եմ տեղեկացնել, որ ակցիայի մասնակիցների տեղեկատվությունը առ այն, որ մեր համալիրը լինելու է իրենց տարածքից 20 մետր հեռավորության վրա՝ ապատեղեկատվություն է, քանի որ մեր համալիրն իրենց կենտրոնի գլխավոր մասնաշենքից հեռու է 47 մ, իսկ մնացած շենքերից՝ 37 մետր: Հեռավորությունները համապատասխանում է բոլոր նորմերին: Տեղեկատվությունը, թե մենք շենք ենք կառուցում, իրականությանը չի համապատասխանում, մենք կառուցում ենք էներգախնայող, էկոարդյունավետ և բազմաֆունկցիոնալ համալիր: Կառուցվելու է ժամանակակից, «կանաչ» շենք՝ էկոշինարարության բոլոր ստանդարտներին համապատասխան:

Շենքը կլինի էներգախնայող, էկոարդյունավետ, շրջակա միջավայրի համար անվտանգ: ներդրումի մասին տեղեկատվությունն ապատեղեկատվություն է, մենք իրականացնելու ենք ոչ թե 10 միլիոն դրամ ներդրում, այլ 10 միլիարդ դրամ ներդրում, որի մեծ մասը ուղղակի օտարերկրյա ներդրում է: Փոխտնօրենի խոսքն առ այն, որ այս պահին գործողությունները շարունակվում են շանտաժով, ապատեղեկատվություն է ու զրպարտություն է: «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունից որևէ մի ներկայացուցիչ շանտաժ չի արել հարևանությամբ գտնվող մասնաշենքերի որևէ ներկայացուցչի: Փոխտնօրենի խոսքերն առ այն, որ առաջին հանդիպման ժամանակ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության ներկայացուցիչը նրանց առաջարկել է ավելի շահավետ պայմաններով բնակարաններ, ու դա ներկայացնել՝ որպես կաշառք, զրպարտություն է, որի համար մեր իրավաբանները կդիմեն դատարան՝ մեր բարի համբավը վերականգնելու համար: Մեր ընկերության ներկայացուցիչները փոխանցել են տեղեկատվություն առ այն, որ մեր համալիրում բնակարանները հասանելի կլինեն նաև երիտասարդ մասնագետներին ու գիտնականներին՝ երկարաժամկետ վճարման շահավետ պայմաններով, որը ևս մեկ անգամ վերահաստատում եմ»:

Տեսանյութեր

Լրահոս