«Մենք ալտերնատիվ ենք առաջարկելու այս հարցին, և մոտակա օրերին դուք դա տեսնելու եք». Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին

44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության խնդիրը եղել է «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրում: Հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ դրա անհրաժեշտությունն առաջինն են բարձրաձայնել, բայց չեն մտածել, որ դա կարող է լինել ԱԺ քննիչ հանձնաժողովի շրջանակում:

«Մոտակա օրերին առաջարկ ենք ներկայացնելու, թե ինչպես ենք մենք տեսնում պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի ձևաչափը: Այո, պետք է լինելու օրենսդրական նախաձեռնություն, բայց սա այն հարցն է, որ պետք է սրան գնալ»,- նշել է նա՝ ակնարկելով, որ հանձնաժողովը հանրային վստահության խնդիրը չի լուծելու:

«Ասելու են՝ պետական գաղտնիք է, և ընդամենը տասնքանի մարդ գալու են՝ այդ հանձնաժողովի շրջանակում ծանոթանան ինչ-որ փաստաթղթերի, հարցադրումներ անեն ինչ-որ մարդկանց, և այդ ամենը մնալու է 11-12 հոգու մեջ, և վերջ: Ի՞նչ հարց ենք մենք լուծում սրանով: Կենցաղային մի շատ պարզ օրինակ բերեմ. Պատկերացրեք՝ ինչ-որ շենք է փլվել, և շենքի բնակիչների մի մասը մնացել է փլատակների տակ, դա ուսումնասիրելու համար ստեղծվում է հանձնաժողով, թե ինչի այդ շենքը փլվեց, և հանձնաժողովի նախագահ է նշանակվում շենքի ճարտարապետը, և իր տեղակալ՝ շենքի շինարարը: Մոտավորապես այսպիսի բան է կատարվում այս հանձնաժողովի հետ: Հիմա մեզ ասում են՝ եկեք հարցադրումներ արեք, պահանջեք, էկան հարցեր տվեցին, պահանջեցին, հետո՞: Դուրս են գալու, խոսալու բան չունեն՝ պետական գաղտնիք է: Այդ թատրոնին այս ձևաչափով մենք չենք ցանկանում, բայց մենք ալտերնատիվ ենք առաջարկելու այս հարցին, և մոտակա օրերին դուք դա տեսնելու եք»,- նշել է Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս