Պետական պատքը սարսափելի ծանրաբեռնվածություն է Հայաստանի վրա. Վարդան Բոստանջյան
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021թ. վերջին Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է շուրջ 9.226 մլրդ դոլար. վերջին տարում պետական պարտքն աճել է ավելի քան 1.257 մլրդ դոլարով:
Արտաքին պարտքն աճել է 583 մլն դոլարով և կազմել 6643 մլրդ դոլար, ներքին պարտքը՝ 673.9 մլն դոլարով, և կազմել 2583 մլրդ դոլար։
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հավանական չի համարում իշխանական ու մերձիշխանական շրջանակների այն հավաստիացումները, թե 2022 թվականի պետբյուջեում դեֆիցիտի ֆինանսավորման համար ներգրավվելու են ներքին աղբյուրներից գեներացվող միջոցներ և ավելի քիչ՝ արտաքին պարտք, ու փոխարենը՝ գումարներն ուղղելու են արդեն եղած պարտքի մարմանը:
«Այս իշխանություններն ի զորու չեն պարտքի ծանրաբեռնվածությունն աստիճանաբար փոքրացնել: Փաստորեն, այս 4 տարիների ընթացքում իշխանությունը, կառավարությունն ընթացիկ ծախսերը, աշխատավարձերի բարձացումը և նման այլ միջոցառումներն իրականացրել է պարտքի միջոցով: Նկատենք, որ անցյալ տարիների ընթացքում Հայաստանում կապիտալ ծախսերը թերակատարվել են, ինչն էլ նշանակում է՝ նոր եկամուտներ, նոր աշխատատեղեր, արտադրության ժամանակակից ուղղություններ չեն ստեղծվել:
Իսկ ինչ վերաբերում է պարտքի նման կառուցվածքին՝ ինչպես ՀՀ պետական պարտքն է, դա չափազանց սարսափելի ծանրաբեռնվածություն է Հայաստանի վրա, իսկ իշխանությունն արդեն ցույց է տվել, որ չի փակելու, չի կարողանալու փակել այն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Բոստանջյանը:
Ըստ նրա՝ հասարակության և պետականության հույսը պետք է լինի արհեստավարժների և իսկապես կառավարողների ինստիտուտի գոյությունը, որն այս պահին քիչ հավանական է համարում:
Տնտեսության առկա բացասական միտումները դիտարկելով նաև քաղաքական իրողությունների համատեքստում՝ Վարդան Բոստանջյանը վստահություն հայտնեց, թե Արևմուտքը Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին հայտարարություններով և աչք փակելով Հայաստանում առկա խնդիրների վրա՝ իրականում ձգտում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից:
«Ռուսաստանին դուրս մղելով՝ ցանկանում են Թուրքիայի գործոնն ուժեղացնել, որով պայմանավորված՝ այդ առաջադրանքն իրենց վրա վերցրել են կառավարողները, իսկ դա հնարավոր է միայն բացառապես պարտքը մեծացնելու ճանապարհով: Եվ այս ամբողջ միտումի պարագայում մտածել, որ մենք պարտքային բեռը կփոքրացնենք, անիրատեսական է»,- եզրափակեց տնտեսագետը: