Կաթնամթերքի շուկայում միջինում 10-20 տոկոս թանկացում է եղել, մսի շուկայում՝ 10 տոկոս. աննախադեպ թանկացել է նաև կարտոֆիլը
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. հունվարը՝ 2021թ. հունվարի նկատմամբ) կազմել է 7.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.6%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. հունվարին՝ 2021թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 1.2-2.1%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 1.6%-ով: 2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնաճ: 2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 2.1% և 0.6%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ արձանագրվել է 36.0% և 44.1% գնաճ:
ՀԾԿՀ 30.11.2021թ. N405Ն որոշմամբ 2022թ. հունվարի 1-ից սահմանվել են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) ծառայությունների նոր սակագներ, ինչի արդյունքում վերոհիշյալ սակագներն աճել են 11.37%-ով:
Միաժամանակ, սոցիալապես անապահով բնակիչ բաժանորդների համար սակագների մակարդակը մնացել է անփոփոխ: Նշված փոփոխությունների հետևանքով խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) ծառայությունների միջինացված սակագների փոփոխությունը նպաստել է ՍԳԻ-ի ընդհանուր աճին 0.1 տոկոսային կետով:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ մատուցված ծառայությունների գներն աճել են 0.4-0.7%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վանաձոր և Կապան քաղաքներում: Մայրաքաղաքում մատուցված ծառայությունների սակագների մակարդակն աճել է 0.4%-ով
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ չեն թանկացել միայն այն ապրանքները, որոնք առաջին անհրաժեշտության չեն:
«Թանկացումներ միշտ են լինում և ամենուր, ուղղակի ամեն ինչ չափ ունի: Ցանկացած պետություն կանխատեսում է, թե ինչպիսի թանկացում կլինի, որպեսզի այն կառավարելի լինի: Երբ սկսվեց կորոնավիրուսը՝ մարդիկ սկսեցին շատ ապրանքներ գնել, եղան արհեստական թանկացումներ: Բացի կորոնավիրուսից, տնտեսության վրա ազդեց նաև 44-օրյա պատերազմը։ Խնդիր առաջացավ, քանի որ քաղաքակիրթ երկրներում թանկացումների հետ միաժամանակ՝ աշխատավարձն է բարձրացվում, նպաստը, իսկ Հայաստանում դա տեղի չունեցավ, ու դա ավելի շատ ազդեց մեր սպառողների գնողունակության վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Չիլինգարյանը՝ հավելելով, որ մեզ մոտ եղավ նաև ջրի, էլեկտրաէներգիայի թանկացում, առաջիկայում սպասում է նաև գազի թանկացում:
«Կաթնամթերքի շուկայում էլ միջինում 10-20 տոկոս թանկացում է եղել: 2021թ.օգոստոսից մինչը դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, 4-5 ամսում, կաթնամթերքը թանկացել է 15-20 տոկոսով. մածունը՝ 20 տոկոսով, թթվասերը՝ 15, կաթը՝ մոտ 10 տոկոսով: Հացամթերքը ևս թանկացավ, քանի որ ցորենը թանկացավ միջազգային շուկայում: Մեկ տարվա ընթացքում մոտ 10 տոկոսով միսը թանկացավ, նույնը՝ ձեթի, կարագի դեպքում: Աննախադեպ թանկացավ նաև կարտոֆիլը, ու այն պատճառով, որ արտադրանքն էր քիչ, եղածն էլ արտահանվում էր: 250 դրամի փոխարեն՝ 350-400 դրամով էր մեզ մոտ վաճառվում կարտոֆիլը, ու այդ նույն գնով էլ արտահանեցին ՌԴ, քանի որ այնտեղ ևս խնդիր կար»,- նշեց Կարե Չիլինգարյանը: