44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում այս պահին արտախորհրդարանական ուժեր չկան. Անդրանիկ Քոչարյան

Արցախի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հանձնաժողովում այս պահին որևէ արտախորհրդարանական ուժ ընդգրկված չէ։

«Իհարկե, ցանկություն ունեն, որովհետև կա այդպիսի հարթակ՝ արտախորհրդարանական ուժերի, որոնք տարբեր պարբերականությամբ ունենում են հանդիպումներ, քննարկում են մեր երկրին վերաբերող խնդիրներ, նաև 44-օրյա պատերազմին վերաբերող։ Այդ ուժերի մեջ նման ցանկություն կա, բայց այդ ցանկություններն ինչ իրավական ձևաչափով կարող են դառնալ իրագործելի, դա կորոշի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը, որն այս պահից նաև քննիչ հանձնաժողովն է։ Փորձագետները և հրավիրյալները կարող են միայն իրավական որոշումների արդյունքում լինել»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Ասուլիսի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ անդրադարձավ տեղեկություններին, որ Կապանի հատվածում իշխանությունները պատրաստվում են նոր դիրքեր զիջել։

«Ես նման տեղեկատվություն առաջին անգամ եմ լսում, որ ինչ-որ մեկը Սյունիքից իրեն  զանգի, նման բան ասի։ Հիմա հայտարարություն եմ անում և դիմում ԱԱԾ-ին և իրավապահներին, որպեսզի այս փաստի առթիվ ստուգումներ իրականացնեն, և պարտավոր եք ասելու այն աղբյուրը, թե ով է  ասել, որ Սյունիքում դիրքեր են զիջվելու»,- շեշտեց պատգամավորը։

Լրագրողի հարցին՝ երաշխավորո՞ւմ է, որ Սյունիքում դիրքեր չեն զիջվելու, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Կգնաք այդ հարցը Ձեր տերերին կտաք, երաշխավորում եք, երևի Աստվա՞ծ եմ ես։ Ես այդ հարցին այլևս չեմ պատասխանի»։

Տեսանյութեր

Լրահոս