Կոմիտասի նման պետք է զտենք հայկականը, որ պահպանենք մեր մշակույթը․ Գոռ Սուջյան

Երգիչ Գոռ Սուջյանը շարունակում է համագործակցությունը Project LA-ի հետ: Նրա խոսքով՝ առաջիկայում նոր երգեր և տեսահոլովակներ կլինեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սուջյանը պատմել է ստեղծագործական նորությունների, Project LA–ի հետ համագործակցության, իր նոր պրոյեկտի, հետպատերազմյան շրջանում ստեղծագործելու դժվարությունների, հայկական մշակույթի հանրայնացման եւ այլնի մասին։

-Ի՞նչ նորություններ ունեք Գոռ։ Պատմե՛ք Ձեր առաջիկա ծրագրերի եւ նոր պրոյեկտների մասին։

-Project LA-ի հետ շարունակվում են նոր ստեղծագործություններ թողարկվել: Առաջիկայում նոր երգեր եւ տեսահոլովակներ էլ կլինեն։ Մի քանի օր առաջ Project LA-ի կողմից նոր տեսահոլովակ հանրայնացվեց, կարծում եմ առաջիկայում էլ կլինի: Հերթական տեսահոլովակներից է, այս անգամ Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործություններից մեկի հիման վրա: Պրոյեկտի հեղինակն է որոշել՝ որ գրողին անդրադառնալ, ես ուղղակի կատարել եմ: Բացի այդ, ես առանձին մի ծրագիր եմ մշակել՝ նոր պրոյեկտ՝ ակումբային ֆորմատով: Երկար ժամանակ հանդես էի գալիս որպես մարդ-նվագախումբ, այդ պրոյեկտում որոշեցի ներգրավել տաղանդավոր երաժիշտների։ Հիմա ինձ կարելի է տեսնել նաեւ ակումբներում։ Պրոյեկտին միացել են չորս ջութակահարներ, լարային եւ փողային կվարտետներ եւ բեք վոկալիսներ:

-Հետպատերազմյան շրջանում մշակութային կյանքը այն չէ: Ստեղծագործողի համար, նրա ուշադրության կենտրոնում, սրտին հարազատ ո՞ր թեման է: Մինչ պատերազմը եւ դրանից հետո որպես ստեղծագործող Ձեզ համար ի՞նչն է փոխվել:

-Բնականաբար, իմ ստեղծագործական կյանքում եղան փոփոխություններ, բայց պետք է շարունակել արարել ու լինել ավելի ակտիվ, քան մինչեւ պատերազմը: Ես մի երգ ունեմ թողարկած՝ պատերազմից անմիջապես հետո՝ «Պիդ կանգնինք»: Այս երգի ուղերձով կարծում եմ ամեն ինչ ասված է. մենք պետք է կանգնենք:

-Ասում են՝ երաժշտության մեջ տաղանդավոր Գոռ Սուջյանը նոտաները չի ճանաչում: Ինչպե՞ս եք կարողանում ստեղծել բարձրորակ երաժշտություն՝ առանց նոտաները ճանաչելու:

-Այո, այդպես է: Չեմ տիրապետում, որովհետեւ երկար ժամանակ միտք ունեի այլ մասնագիտություն ձեռք բերելու եւ շատ հանկարծակի որոշեցի երաժիշտ դառնալ: Վերջերս կրթություն չունենալով փորձեցի իմ բենդի համար նոտաներ գրել, համակարգչով հավաքեցի որպես գործիքավորում, իսկ իմ լավ ընկերներից մեկը այն վերածեց նոտաների։ Ապագայում, իհարկե, սովորելու միտք ունեմ։

-Ձեզ համար երգելու, երաժշտություն ստեղծելու մոտիվացիան ո՞վ է, ի՞նչն է:

-Կյանքում ամեն ինչ, ամեն ինչն էլ մուսա է, որպեսզի երաժշտություն ստեղծվի, աղբյուրն էլ Աստծուց է:

-Տարիքային տարբեր փուլերում մուսան նու՞յնն է եղել: Օրինակ, սիրո մասին անվերջ կարելի է երգել, բայց կյանքում մի շրջափուլ է գալիս, երբ սկսում ես մտորել, խորհել այլ հարցերի շուրջ, որոնք մղում են ստեղծագործելու: Մեկը գրում է, մյուսը երգում…

-Այո, տարբեր տարիքում աշխարհընկալումը տարբեր է եղել, բայց հիմնականում պահպանվել է, եթե կան արժեքներ, մնում են: Շատ մեծ բաներ չեն փոխվել, գուցե թե ոճային իմաստով․ ես սկսել եմ ռոք երաժշտությունից: Առհասարակ երաժշտությունը չեմ սիրում ոճերի բաժանել, բայց, համենայնդեպս, ավելի երիտասարդ տարիքում այլ տեմպերամենտ է եղել, հիմա ավելի ուրիշ է:

-Նշեցիք, որ չեք մտածել երաժիշտ դառնալու մասին, այդ է պատճառը, որ նոտաներին չեք տիրապետում: Այդ դեպքում ի՞նչ մասնագիտության մասին եք երազել։

-Ինձ ծնողներս հորդորում էին ընտրել այնպիսի մասնագիտություն, որով հնարավոր է գումար վաստակել, օրինակ տնտեսագետ, ծրագրավորող: Այս մասնագիտությունների մասին եմ ավելի շատ մտածել, հետո մի որոշ ժամանակ էլ՝ թատերականի, իսկ ամենավերջում կանգնեցի երաժշտության կողքին:

-Երաժիշտ դառնալու նախաշեմին ովքե՞ր են եղել Ձեր ֆավորիտները:

-Արտասահմանյան երաժիշտները շատ-շատ են: Ռոք երաժշտության մեջ՝ Քուինը, այլ ոճերում՝ Սթիվի Ուանդերը, Մայքլ Ջեքսոն եւ այլ անուններ: Հայկական երաժշտարվեստում շատ եմ ոգեշնչվել Յոհան անունով ռոք երաժիշտից, նա «Ոստան հայոց» խմբի երգիչն էր: Առաջին անգամ որպես կենդանի երգեցողություն, ակումբային ֆորմատում, իրեն եմ լսել եւ շատ ոգեշնչվել:

-2020թ․ արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը ամեն գնով փորձում է Արցախում հայկական մշակույթի հետքը վերացնել՝ մեր եկեղեցիները անվանելով աղվանական: Որպես մշակութային գործիչ, ի՞նչպես կհակազդեիք, կամ՝ ի՞նչ քայլեր կձեռնարկեիք այս գործընթացը կանխելու համար:

-Լավագույն տարբերակներից մեկն, ըստ իս, Project LA-ի հենց այն պրոյեկտն է, որը մեր հայ դասական գրողների մասին է հիշեցնում եւս մեկ անգամ՝ թե՛ երիտասարդությանը, թե՛ այն անձանց, ովքեր կլսեն այդ կատարումները: Յուրօրինակ նախագիծ է, որը ծանոթացնում է մեր գրականությանն ու մշակույթին: Երաժշտությունն էլ օգնում է, որպեսզի ավելի մեծ հետաքրքրություն առաջանա պոեզիայի հանդեպ:

-Ադրբեջանցիներ հայկական դուդուկով ժամանակակից ակումբային երաժշտությամբ միքս են անում, շատ դեպքերում երաժշտությունն անվանում են «Ադրբեջան»: Թշնամական երկիրը գողանում է մեր ունեցածն ու այն մատուցում ամբողջ աշխարհին որպես ադրբեջանական։ Երաժիշտներն այս մասով անելիք ունեն, ինչպե՞ս պայքարել, ո՞րն է ձեր կոչը ոլորտի մարդկանց:

-Միայն արարելով, որակյալը տարածելով, զտելով, ինչպես Կոմիտասը զտեց հայկականը՝ առանձնացնելով մերը: Մենք մերը պահպանելու խնդիր ունենք, եւ կարծում եմ, որ ճիշտ է արարել եւ չսահմանափակվել միայն Հայաստանով: Փորձել ամբողջ աշխարհին ներկայացնել մեր մշակույթը: Միշտ էլ Ադրբեջանը աչքի է ընկել նման քայլերով:

-Կա՞ որեւէ ստեղծագործող, ում հետ երազում եք մեկ բեմում հանդես գալու մասին:

-Սթիվի Ուանդերը, Սթինգը։

-Սիրո մեջ ամենադժվարը ո՞րն է։

-Սերը պահպանելը: Մեծ ջանքեր են պահանջվում, մարդիկ սեր ասելուց միայն պատկերացնում են էմոցիաներ: Բացի էմոցիայից սերը նաեւ որոշում է, սկզբունք, որը պետք է պահպանել:

-Մտահորիզոնը, աշխարհայացքը լայնացնելու համար լավագույն գիրքն ու ֆիլմը, ի՞նչ դիտել եւ կարդալ այսօր:

-Դժվարանում եմ, որովհետեւ ցանկացած ստեղծագործություն իր տեղն ու նշանակությունը ունի: Պետք է չսահմանափակվել, ամեն ինչ պետք է կարդալ: Ես շատ եմ կարդում Աստվածաշունչը, որովհետեւ այն գիրք է, որը սովորեցնում է այն արժեքները, որոնց մասին քիչ առաջ խոսեցի. ամենալավ սիրո նկարագիրը հենց Աստվածաշնչում է: Այնքան շատ ֆիլմեր կան, այս պահին կառանձնացնեմ «Շինդլերի ցուցակը»:

 

Տեսանյութեր

Լրահոս