Ինչպես է Եկեղեցի այցելելը փոխում մեր կյանքը
Քրիստոնեական կյանքի հիմքը եկեղեցին է՝ Քրիստոսի մարմինը, որի գլուխը Քրիստոսն է (Եփեսացիներ 5:23):
Եկեղեցու կարևորության և իմ կյանքում դրա անփոխարինելի դերի մասին ես զգացել եմ միայն գիտակից տարիքում։ Փոքր տարիքում իմ ձեռքից բռնած էին տանում Աստծո տուն, հասուն տարիքում` իմ մտքերն ու ցանկություններն էին ինձ այնտեղ տանում։ Ցանկացած հարց, խնդիր, մտահոգություն, որը կարող էր ինձ տանջել ու թույլ չտար հագիստ ապրել, ես փորձում էի եկեղեցում ստանալ դրանց պատասխանները։ Կարծես՝ Աստծո անմիջական միջամտության շնորհիվ ես հասկանում էի շատ հարցերի պատասխաններ, որոնցից ինքնուրույն գլուխ չէի հանում։ Հետո, ես մի շատ կարևոր բան ևս հասկացա, երբ ավելի հաճախակի էի այցելում եկեղեցի, ավելի շատ էի կապվում Աստծո հետ։ Հաճախ եմ լսել կարծիքներ, երբ ասում են՝ մենք առանց եկեղեցի այցելելու էլ կարողանում ենք Աստծո հետ լինել։ Ես իմ անձնական փորձից հասկացել եմ, որ միայն եկեղեցի այցելելով ես կարողանում դառնալ աստվածային անբացատրելի ուժի կրողը։ Աստվածային խաղաղություն և իմաստություն կարելի է ստանալ միայն Նրա տանը։ Ուստի, եկեղեցուն կառչած մնալով՝ մենք առաջին հերթին կառչած ենք մնում Աստծուց։ Առանց Աստծո տուն այցելելու, շատ դժվար է Տիրոջը մոտ գտնվելը։
Ի վերջո, եկեղեցին իր մոտ կանչելով իր ժողովրդին փորձում է հիշեցնել փրկության դեղի՝ Քրիստոսի Մարմնի և Արյան՝ Սուրբ Հաղորդության մասին. «Առե՛ք, կերե՛ք, սա Իմ մարմինն է» և «Բոլորդ էլ խմե՛ք սրանից. սա Իմ Արյունն է, որով նոր ուխտ է կնքվում Աստծո հետ և որը շատերի համար թափվում է իրենց մեղքերի թողության համար» (Մատթեոս 26:26-28):
Դրա համար եկեղեցին կոչվում է Քրիստոսի մարմին, իսկ մենք, ըստ Պողոս առաքյալի՝ անդամներն ենք այդ մարմնի։
Քրիստոս համբարձվելիս առաքյալներին ասաց. «Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28.19-20): Քրիստոս նաև մեղքերը ներելու իշխանությունը տվեց առաքյալներին` ասելով. «Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (Հովհ. 20.22-23)»։ Մարդու համար ներված լինելը շատ կարևոր իրողություն է, այո՛, մենք շատ հաճախ գնում ենք եկեղեցի, որովհետև գիտենք, որ Աստծո տանը մենք կգտնենք ներում ու չենք ստանա հանդիմանություն։