Ինչո՞ւ է Արմեն Դանիելյանի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցվել, չնայած Գագիկ Ջհանգիրյանի և Տիգրան Սահակյանի գործադրած ջանքերին

2021թ. նոյեմբերի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը կալանավորեց Սիսիանի նախկին քաղաքապետ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին, ով ապօրինի անազատության մեջ էր պահվում ամիսներ շարունակ և 20 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակվել միայն հոկտեմբերի 14-ին:

Արմեն Դանիելյանի կայացրած կալանքի այդ որոշումից ուղիղ 24 օր հետո Սահմանադրական դատարանը (ՍԴ) վճիռ հրապարակեց, ըստ որի՝ անազատության մեջ գտնվող անձը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո չի կարող պահվել անազատության մեջ։ Այդ հարցով ՍԴ էին դիմել Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր պատգամավորները՝ իրենց գործընկերների՝ «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորներ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի հարցով։

ՍԴ որոշումից անմիջապես հետո պատգամավորներն ազատ էին արձակվել:

Վերադառնանք կալանքի նիստին: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, մի շարք աղմկահարույց որոշումներով աչքի ընկած Արմեն Դանիելյանը, ով, ի դեպ, հրաժարվել էր քովիդով վարակված ժամանակ հանձնել իր վարույթում քննվող կալանքի գործերը, որոնք անհապաղ քննության ենթակա են, Արթուր Սարգսյանին կալանավորել է առանց ամբաստանյալի և նրա պաշտպանի՝ դատական նիստին ներկայության, միայն դատախազի ներկա գտնվելու պայմաններում: Եվ սա՝ այն դեպքում, երբ անձը գտնվել է ազատության մեջ, ժամկետներով սահմանափակված չի եղել:

Հատկանշական է, որ կալանքի նիստի օր Արմեն Դանիելյանը նշանակել է՝ առանց պաշտպանական կողմին ու ամբաստանյալին ծանուցման, և հենց այդ հիմքով նաև պաշտպաններից մեկը դիմում է գրել դատավորին՝ խնդրելով հետաձգել նիստը և նշանակել մեկ ուրիշ օր: Արմեն Դանիելյանը, սակայն, նիստը հրավիրում է հենց այդ օրը ու այդ օրն էլ կալանավորում է Արթուր Սարգսյանին:

168.am-ի տեղեկություններով՝ Արթուր Սարգսյանի պաշտպանական թիմը դիմել է էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, և չնայած մեծ դիմադրությանը, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի գործադրած անօրինակ ջանքերին, կարգապահական վարույթն Արմեն Դանիելյանի նկատմամբ, այնուամենայնիվ, հարուցվել է:

Հիշեցնենք, որ նման մի որոշման համար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանն այժմ կալանավորված է և գտնվում է քրեակատարողական հիմնարկում:

Մեր տեղեկություններով՝ պաշտպանական կողմը նաև Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) Արմեն Դանիելյանի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:

Ինչ խոսք, ԲԴԽ-ն կփորձի արդեն կարգապահական վարույթի շրջանակներում «փրկել» Արմեն Դանիելյանին, սակայն դռնբաց նիստի պայմաններում շատերը շատ բան կտեսնեն ու հետևություններ կանեն:

Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբերի 15-ին փաստաբան Րաֆֆի Ասլանյանը դիմել էր ՀՀ արդարադատության նախարարին, ինչպես նաև ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դիտավորությամբ դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներ թույլ տալու համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ։

Այս վարույթի վերաբերյալ դեռևս տեղեկություն չկա:

Տեսանյութեր

Լրահոս