«Վազգեն Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթ հարուցողն այս դեպքում մերժի՞…». Րաֆֆի Ասլանյան
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն իր դատական նիստերով կայացրած վճիռներով վաղուց արդեն զավեշտալի պատմությունների հերոս է դարձել: Բայց որքան էլ հումորային պատմությունների առիթ դառնա վերջինիս գործունեությունը, նրա կայացրած վճիռների հետևում մարդկային ճակատագրեր են, հաճախ՝ ողբերգական:
Եվ հատկապես Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) հավերժ քննվող կարգապահական վարույթների ֆոնին, որոնց «հերոսները» բարձր վարկանիշ ու անկախության բարձրագույն մակարդակ ունեցող դատավորներն են, Արմեն Դանիելյանի գործունեությունը առհասարակ չի հայտնվում Արդարադատության նախարարության ու ԲԴԽ-ի ուշադրության կենտրոնում:
Հարկ է նշել, որ դեռևս նոյեմբերի 15-ին փաստաբան Րաֆֆի Ասլանյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին, ինչպես նաև ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դիտավորությամբ դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներ թույլ տալու համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ։
«Գուցե շատ գործընկերներ տարակուսանքով վերաբերվեն այսպիսի նախաձեռնությանը, քանի որ պատվիրված արդարադատության խորհրդանիշ հանդիսացող սույն պաշտոնյան, մատուցած ապօրինի ծառայությունների համար, դեռ գտնվում է իրական վեթինգի մասին դատարկ խոստումներ շռայլող իր պատվիրատուների ուղղակի պաշտպանության և հոգածության ներքո։ Սակայն ինքս կարծում եմ, որ մեր ակտիվ վարքագծով պետք է հնարավորինս շատ բարձրաձայնենք դատավորի անունը վարկաբեկող այս անձի կամակատար և միաժամանակ՝ անձեռնահաս էության մասին»,- գրել էր նա:
168.am-ը Րաֆֆի Ասլանյանին հարցրեց՝ կա՞ արդյոք արձագանք այդ մարմիններից:
«Դեռ ոչ մի նորություն չկա: Արդեն 25 օր է անցել, ինչ դիմել եմ: Հավանաբար փորձում են խուսանավելու եղանակը գտնել: Սակայն ես հետևողական եմ լինելու և հրապարակային կերպով համադրելու եմ մյուս կարգապահական վարույթների հետ»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:
Հարցին՝ կա՞ն արդյոք ժամկետներ, որոնց շրջանակում պետք է դիմումին պատասխան տրվի, փաստաբանը պատասխանեց՝ կոնկրետ կարգավորում չկա: «Ժամկետներ միայն վարույթը հարուցելուց հետո կան»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ ինքը միջնորդել է կարգապահական վարույթ հարուցել, ապա դրա արդյունքներով դիմել ԲԴԽ՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ։
«Վազգեն Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթ հարուցողն այս դեպքում մերժի՞….»,- եզրափակեց Րաֆֆի Ասլանյանը: