Երկրորդ օրը մերժողների աղանդը
Պատմաբանները միասնական կարծիք չունեն, թե երբ է ձևավորվել «վաղը չէ մյուս օրը մերժողների» եկեղեցին։ Ոմանք կարծում են, թե այս աղանդը նոփ-նոր է, մի քանի տարի է, ինչ տարածվել է, ոմանք սկզբնավորումը կապում են «մութ ու ցուրտ տարիների» հետ, երբ մարդկանց մեծ խմբերի համար ամենակարևոր գործը դարձավ վաղվա սոլյարկան ու կանաչած հաց ձեռք բերելը, իսկ վաղը չէ մյուս օրը անհասանելի երազանք դարձավ, այդ պատճառով էլ՝ անիմաստ, և այս մարդիկ սկսեցին մերժել երկրորդ օրվա գոյությունը, որպեսզի ողջ եռանդով նվիրվեն վաղվա օրը ապահովելու գործին։
Պատմաբանների մեկ այլ դպրոց կարծում է, որ աղանդը ավելի վաղ ակունքներ ունի, օրինակներ են բերում, թե երբ այս եկեղեցու քուրմերը նայում էին Մեծ Զուլումին, չէին հավատում, որ այն իրենց հետ էլ է պատահելու, և, ասենք, իրենց մորթի նախորդ օրը մորթողի հետ թուղթ էին խաղում ու ժպտում։
Հնագետները չեն կարողանում գտնել տարբեր վարկածները հաստատող նյութական արժեքներ, ծիսական առարկաներ, սակայն սոցիոլոգները կարծում են, որ նման առարկաներ չեն էլ ստեղծվել, քանի որ «երկրորդ օրը մերժողների» աղանդը մերժում է կայուն նյութական արժեքների կարիքը, իրենց պետք են այնպիսի իրեր, որոնք կարող են գոյատևել ընդամենը մեկ օր։
Իսկ նրանց քրմերի պնդմամբ՝ աղանդի ծագումը շատ ավելի հին է։ Նրանք որպես եկեղեցու հիմնադիր են հռչակել Կայեն Ադամովիչին, նրան են վերագրում «Վաղը չէ մյուս օրը՝ թեկուզ ջրհեղեղ» պատգամը, որն էլ ընդունվել է՝ որպես «երկրորդ օրը մերժողների» աղանդի Տերունական աղոթք։ Աղանդի քրմերը գտել են Ծննդոց Գրքի մի ապոկրիֆ տարբերակ, որն էլ հռչակել են՝ որպես իրենց եկեղեցու Սուրբ Գիրք։ Կայենի խոսքերն էլ այս գրքից են վերցրել։
Քրմերը հայտարարում են, որ հենց «Վաղը չէ մյուս օրը՝ թեկուզ ջրհեղեղ» աղոթքն անընդհատ կրկնելու շնորհիվ է, որ իրենց ցեղը գոյատևել է հինգ հազար տարի։
Գոյատևելը համարվում է «Երկրորդ օրը մերժողների» կյանքի իմաստը։ Քրմերի Սինոդը մի քանի տարի առաջ օնթոլոգիական հարցերով հատուկ քննարկումներ ունեցավ և որոշեց կանոնիկ տեքստերում «յոլա գնալ» տերմինը փոխարինել «գոյատևելով», իսկ եկեղեցու անունն էլ «վաղը չէ մյուս օրը մերժողներից» վերանվանվեց «երկրորդ օրը մերժողների»։ Մոգերի կարծիքով՝ այս կերպ մտածողությունն ավելի է մաքրվում և բյուրեղանում։
Աղանդի իմացաբանական հիմքը համարվում է բացարձակ ողջամտությունը։ Այս տեսանկյունից վաղվա գոյությունն ակնհայտ է, վաղվա օրն ապահովելու ձգտումը՝ անքննելի և սուրբ, բայց վաղը չէ մյուս օրը՝ անհասկանալի, քանի որ այդ օրվա գոյությունն ապացուցված չէ. ինչպես աղանդավորներն են ասում. «ի՞նչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս»։ Վաղը չէ մյուս օրվա մասին կարելի է քննարկել միայն վաղը, միայն այն ժամանակ, երբ վաղը չէ մյուս օրը վաղվա հանդեպ կդառնա վաղը։
Հերձվածողներն ամեն օր լուծում են հաջորդ օրվա հիմնական խնդիրները. հաջորդ օրվա հացի, սիգարետի ու գազի (բենզինի) հարցը։ Նրանց համար թշնամիներ են բոլորը, ովքեր վաղը չէ մյուս օրվա խնդիր են լուծում, ովքեր փող են աշխատում, տուն կառուցում, կրթություն ստանում։ Թշնամի են, քանի որ նմանները հասարակությունից (իրենցից) ռեսուրսներ են խլում. եթե նման մի Պետրոս յոլա գնար (գոյատևեր) աղանդավորական օպելով և չփորձեր Ռեյնջ Ռովեր գնել, ապա այդ փողը կարելի էր բաժանել բոլորի միջև, և աղանդավոր Պողոսը հացի հետ նաև չալաղաջ կունենար։ Աղանդը չի ընդունում այն միտքը, որ կարելի է ավելի շատ աշխատել ու ինքնուրույն ապահովել սեփական չալաղաջը, այս դեպքում առաջանում է էքզիստենցիալիստական հարցը. «Ինչի՞ համար», որը «Վաղը չէ մյուս օրը՝ թեկուզ ջրհեղեղ» աղոթքի ներքո իմաստ չունի, ավելի հարմար է այս աղոթքից հետո երգել. «թալանե՜լ են»։
Տեղեկություններ կան, թե իշխանության մեջ ևս շատ են այս աղանդի ներկայացուցիչները։ Այս պնդման լուրջ հաստատումներ առայժմ չկան, սակայն իշխանությունը հերձվածողներին սիրում է և պաշտպանում։ Անգամ հատուկ օրենք է ընդունել, համաձայն որի՝ երկրորդ օրը մերժողներին «ժեխ» անվանողը բանտարկվելու է։ Իշխանությունը նաև ժամանակ առ ժամանակ աղանդավորներին պղնձադրամներ է բաշխում և դրանով ավելի սիրելի դառնում նրանց համար։
Այս ամենին գումարվում է իրենցից ավելի հարուստի, իրենցից ավելի կիրթի ու իրենցից ավելի պարկեշտի հանդեպ ատելության պետական քարոզչությունը, և ստացվում մի պարզ գործիքակազմ, որի շնորհիվ իշխանությունների համար շատ դյուրին է երկրորդ օրը մերժողների աղանդը կառավարել։ Քրմերն իշխանությունների հետ համաձայնության են եկել, որ տաղավար տոների ժամանակ աղանդավորները Կայեն Ադամովիչին զուգահեռ՝ պետք է նաև փառաբանեն Գերագույն Գլխավորին։
Հերձվածողները շատ են սիրում ընտրությունները։ Նախ՝ ընտրությունների ժամանակ որպես լոզունգ է օգտագործվում իրենց կարևոր աղոթքներից մեկը. «Վաղը կա, կա վաղը»։ Որպես այս լոզունգի ապացույց՝ ընտրությունների ժամանակ աղանդին մի քանի պղնձադրամ ավելի են բաժանում։ Հետո էլ, ընտրությունների ժամանակ բոլորը միասին երգում են իրենց սիրելի երգը. «թալանե՜լ են»։
«Երկրորդ օրը մերժող» աղանդավորը չունի անվտանգության մտահոգություն, նա միշտ էլ համոզված է, որ վաղը կա։ Եթե հանկարծ հերձվածողի մոտ իմացաբանական ֆրուստրացիա է առաջանում, և նա զգում է, որ վաղը կարող է գալ, բայց ինքն այնտեղ չի լինի, նա հիասթափվում է քրմերից և խոպան է գնում։ Խոպանը երկու տեսակի է լինում. Լոս և Բուն Խոպան։ Լոսը այնպիսի երկիր է, որտեղ երկու գետ կա՝ մեկով մեղր է հոսում, մյուսով՝ կաթ, իսկ այդ գետերի ափերը սարքած են բիսկվիտից։
Հավատացյալներին եկեղեցու մեջ պահելու համար քրմերը բացատրում են, որ Լոսը հենց Կայեն Ադամովիչի ծննդավայրն է, որ նրա հայրիկն ու մայրիկը, բացի խնձորից, նաև բիսկվիտ էին ուտում և կաթ ու մեղր խմում։
Իսկ Բուն խոպանի կեղծ, վիրտուալ գոյությունը սպառնում է հերձվածողի պատկերացումներին իրական հայրենիքի ու քրմական ճշմարտության մասին։ Բուն խոպան գնալուց հերձվածողը ստիպված է հավատափոխ լինել, քանի որ այնտեղ չեն կարողանում ապրել միայն վաղվա օրով, ստիպված են նաև վաղը չէ մյուս օրերի մասին մտածել, այսինքն՝ աշխատել։ Նաև՝ այստեղ ոչ մի էմոցիոնալ բավարարություն չես ստանում «թալանե՜լ են» երգից։
Աղասի Ենոքյան