Գերմանիայի կանցլերը մեկնարկել է շրջագայությունը դեպի Պարսից ծոցի երկրներ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և նրան ուղեկցող պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ։ Այս մասին հայտնում է Saudi Press Agency-ն։
Գերմանիայի կանցլերը Ռիադում հանդիպել է թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի հետ։ Բանակցություններում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, համագործակցության ուղղություններն ու դրանց զարգացման հնարավորությունները։ Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Մերցը փետրվարի 4-ից կսկսի իր շրջագայությունը դեպի Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ՝ էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում համագործակցության քննարկման նպատակով։
Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ Մերցը հայտարարել էր Պարսից ծոցի տարածաշրջանի հետ ռազմավարական գործընկերությունը խորացնելու իր ցանկության մասին՝ հաշվի առնելով դրա «տնտեսական և քաղաքական կարևորությունը»։
«Մեզ նման գործընկերություններն ավելի քան երբևէ անհրաժեշտ են այն ժամանակ, երբ մեծ տերությունները գնալով ավելի են գերիշխում քաղաքականության մեջ»,- հայտարարել էր Մերցը։
Մերցի խոսքով՝ Պարսից ծոցի երկրների հետ գործընկերությունը բացում է դռներ Գերմանիայի համար՝ դիվերսիֆիկացնելու նավթի և գազի մատակարարման շղթաները։
