Ադրբեջանը կարող է «փայ» ունենալ TRIPP նախագծում. Հայկ Մամիջանյան
«Եվս մեկ փաստ, որ Ադրբեջանը կարող է փայ ունենալ TRIPP-ի մեջ»,- այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տարածված տեսանյութով հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով իր ավելի վաղ հայտնած մտավախությանը, որ TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով՝ 74%-ի շրջանակներում:
Մամիջանյանը հիշեցրեց, որ օրեր առաջ հրապարակել էր մի փաստ, որ ադրբեջանական պետական նավթային հիմնադրամը համագործակցության հուշագիր է կնքել ամերիկյան երեք մեծ, խոշոր ներդրումային հիմնադրամների հետ, և հուշագրի ուղղություններից էին ենթակառուցվածքների զարգացումը, լոգիստիկ ճանապարհների ձևավորումը, և այլն, և այլն։
«Ես մտավախություն էի հայտնել, որ առկա է վտանգ, որ ադրբեջանական նավթային կապիտալը, փողը կարող է ներգրավված լինել TRIPP-ի ֆինանսավորման մեջ, ավելի ուղիղ տեքստով՝ Ադրբեջանը փայ ունենա TRIPP-ի մեջ։ Անկախ նրանից, որ իշխանությունները հրապարակում են փաստաթղթում նշված մասնաբաժինները Հայաստանի ու Ամերիկայի միջև, բայց Ադրբեջանը փայ էր մտնելու ամերիկյան կողմի ինվեստիցիոն ծրագրերով։
Եվ այսօր եղավ այդ մտավախության ևս մեկ հաստատում՝ Հայաստան են այցելել AECOM ամերիկյան ընկերության, որը խորհրդատվական, ինժեներական ընկերություն է, ներկայացուցիչները։
Ըստ պաշտոնական հրապարակված տվյալների՝ իրենք ուսումնասիրելու են TRIPP-ի կառուցման մանրամասները և զեկույց են ներկայացնելու։ Առաջին հայացքից ոչ մի զարմանալի բան չկա, բայց երբ անում ես շատ պարզ հետազոտություն, պարզ է դառնում, որ այն երեք ինվեստիցիոն հիմնադրամներից մեկը, որն Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի հետ կնքել է հուշագիր՝ BlackRock-ը, աշխարհի խոշորագույն ինվեստիցիոն հիմնադրամներից մեկը, հանդիսանում է AECOM կազմակերպության երկնիշ թվով ակցիաների սեփականատեր։
Առկա են բազմաթիվ ապացույցներ AECOM-ի և BlackRock-ի փոխկապակցվածության վերաբերյալ, ուստի ևս մեկ հիմնավոր կասկած, ևս մեկ խիստ հիմնավորված վտանգ, որ Ադրբեջանը փայ է ունենալու ԹՐԻՓՓ-ի ֆինանսավորման ու ինվեստիցիաների մեջ»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ ամփոփելով, որ իր այդ մտավախությունը որևէ ՔՊ-ական չի հերքել։
