Մեզ համար տարօրինակ է պարբերաբար Հայաստանից լսել Հյուսիսից եկող առասպելական հարձակումների մասին հայտարարություններ․ Լավրովը՝ Ալեն Սիմոնյանին
Ռուսաստանի համար տարօրինակ է լսել հայտարարություններ այն մասին, թե Հայաստանին ինչ-որ վտանգ է սպառնում հյուսիսից։ Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Հատկապես խոսվում է ՀԱՊԿ-ի հետ կապված սպառնալիքների մասին։ Այս համատեքստում նաև փորձ է արվում կասկածի տակ դնել մեր համատեղ պատմությունը, Հայրենական մեծ պատերազմը»,- ընդգծել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը, անդրադառնալով Երևանից հնչող հիբրիդային սպառնալիքների մասին հայտարարություններին, նշել է, որ ԵՄ-ն Հայաստանին մշտապես ընտրության առաջ է կանգնեցնում՝ լինել Ռուսաստանի հետ, թե իրենց։
Լավրովը հույս է հայտնել, որ Հայաստանում շատ լավ հասկանում են, թե ինչ է այս ամենի հետևում կանգնած, երբ ԵՄ-ն բացահայտ պատերազմ է հայտարարել Ռուսաստանին և նպատակ է դրել ռազմավարական պարտության հասցնել ՌԴ-ին:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանը գիտի Մոսկվայի հետ կապերը պահպանելու Հայաստանի պատրաստակամության մասին, սակայն դա Եվրամիությունում ոչ բոլորի սրտով է:
«Մենք Հայաստանի ղեկավարությունից հայտարարություններ ենք լսում Ռուսաստանի Դաշնության հետ կապի և համագործակցության ներկայիս մակարդակը պահպանելու շահագրգռվածության մասին, մյուս կողմից տեսնում ենք, որ արտատարածաշրջանային երկրներից ոչ բոլորին է դա դուր գալիս»,- նշել է Լավրովը՝ ավելացնելով, որ Մոսկվան երբեք չի առարկում, երբ իր գործընկերներն այլ ուղղություններով արտաքին կապեր են զարգացնում։
ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է նաև, որ Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ, բայց Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը:
