Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում, բայց անօրինության դեմ լռել չի կարող․ տեր Փառեն

Հայ Առաքելական եկեղեցին չի զբաղվում քաղաքականությամբ, բայց հայ առաքելական եկեղեցին չի կարող ձայն չբարձրացնել, երբ անօրինություն է կատարվում․ քաղբանտարկյալների ազատության պահանջով ակցիայի ընթացքում հայտարարել է տեր Փառեն քահանա Առաքելյանը։

«Այսօր, թե՛ Բաքվում, թե՛ Հայաստանում, շատերը առանց որևէ հիմքի զրկված են իրենց ընտանիքներից, իրենց գործից, իրենց ծառայությունից և որով կարող էին մեզ բոլորիս օգուտ տալ։ Այսօր հայոց պատմության մեջ աննախադեպ մի իրավիճակ է, երբ բանտերում են մեր եկեղեցու չորս սրբազան հայրեր, որոնք այն մարդիկ են, ովքեր ամեն օր բարեկարգում, բարեփոխում ու զարգացնում են հայ մարդու թե՛ հոգևոր, թե՛ մտավոր, թե՛ հասարակական առողջ կյանքը»,-ասել է տեր Փառենը։

Նա նշել է, որ սրբազանները բանտում աղոթում են մեզ համար, իսկ նրանց անազատության մեջ լինելուց ժողովուրդն է վնասվում։

«Ուրեմն, մենք պարտավոր ենք մեր ձայնը բարձրացնել, և իրոք մարդու հիմնարար այն իրավունքը, որ կոչվում է ազատություն, խնդրենք և պահանջենք, որպեսզի վերականգնվի»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս