«Կեղծիքներ». Ադրբեջանը կարող է «ջնջել» հայկական արվեստը եկեղեցիներից

Բաքուն հայտարարեց, ապա մասամբ նահանջեց, որ քայլեր կձեռնարկի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և շրջակայքում ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող եկեղեցիներից հայկական ժառանգության, ինչպես ինքն է անվանում, «ֆիկտիվ հետքերը» հեռացնելու համար: Այս մասին հրապարակում է պատրաստել «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը:

Նյութում ցուցադրվում են հայկական մակագրությունների և արվեստի գործերի  որոշ արխիվային լուսանկարներ: Ներկայացվում է լուսանկար հայկական Դադիվանքից՝ պատերին փորագրված խաչերով ու հայատառ գրություններով:

Հոդվածագիրը հիշեցնում է փետրվարի 3-ին Ադրբեջանի Մշակույթի նախարարության մեծ դժգոհություն առաջացրած հայտարարությունը, թե կոմիտե է ստեղծվելու, որը քայլեր կձեռնարկի գրավված տարածքներում «հայերի կողմից գրված ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը վերացնելու համար»։

Նշվում է՝ թվիթի միջոցով ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովն ասել է, որ «խորապես անհանգստացած է եկեղեցիներից հայ առաքելական գրությունները հեռացնելու #Ադրբեջանի ծրագրերով: Մենք կոչ ենք անում կառավարությանը պահպանել և պաշտպանել պաշտամունքի վայրերը և այլ կրոնական և մշակութային վայրերը»:

Հոդվածագիրն ընդգծում է, որ ադրբեջանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հնագույն հուշարձանները կովկասյան ալբանական ծագում ունեն, այլ ոչ թե հայկական, և որ արվեստի գործերը, ինչպիսին վերևի խաչքարն է, «կեղծիքներ» են:

Երբ 2021-ի մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելեց Հադրութի շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ ասաց, թե բոլոր «մակագրությունները կեղծ են, և որ դրանք գրվել են ավելի ուշ», ինչը ենթադրում է, որ եկեղեցին կովկասյան ալբանական ծագում ունի:

Եվրոպացի լրագրողը մեջբերում է պատմաբանների խոսքը, որ քրիստոնյա ալբանական ցեղերն իսկապես ապրել են ներկայիս Ադրբեջանի տարածքում, ու նրանց վերջին թագավորը սպանվել է 822 թվականին։

«1950-ականներին վիճահարույց ադրբեջանցի ակադեմիկոս Զիյա Բունյադովն առաջին անգամ առաջ քաշեց այն տեսությունը, որ հնագույն եկեղեցիները Լեռնային Ղարաբաղում կառուցվել են անհետացած ալբանական ցեղերի կողմից, այլ ոչ թե հայերի: Այդ պնդումը վերջին տարիներին ընդգծվել է ադրբեջանցի պաշտոնյաների կողմից»,- նշվում է նյութում՝ հավելելով, որ մասնագետները թերահավատ են այս պնդումների վերաբերյալ:

Հոդվածագիրը նշում է նաև, որ Բունյադովը կանգնած է եղել մի տխրահռչակ հոդվածի ետևում, որտեղ նա պնդում էր, որ հայերը նախագծել են 1988 թվականին հայերի կոտորածը՝ Ադրբեջանին վիրավորելու համար:

2021 թվականի դեկտեմբերին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Հայաստանի կողմից հարուցված գործով հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է «ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի և պղծման գործողությունները» գրավված տարածքներում։

Բայց մտավախություն կա, որ Նախիջևանից՝ ադրբեջանական էքսկլավից հայկական ժառանգությունը ջնջելուց հետո Ադրբեջանը կշարունակի գրավված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ոնչնացնել:

Տեսանյութեր

Լրահոս