Քաղաքացիների եկամուտները նվազում են, գները՝ աճում
Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե այնպիսի տպավորություն է, որ միայն Հայաստանում է գնաճը, մինչդեռ այդ երևույթները գլոբալ խնդիր են, ու աշխարհում չկա մի երկիր, որը նախատեսվածից ավելի գնաճ չունի: Այս միտքը Փաշինյանը կրկնեց նաև Կառավարության վերջին նիստի ընթացքում՝ նշելով, որ 2021-ի ընթացքում ունեցել ենք էական գնաճ, որն ավելին է, քան նախատեսել էին պետական բյուջով, այնուհետև հավելեց, որ գնաճը, ցավոք սրտի, գլոբալ պրոբլեմ է։
Ինչ խոսք, այո, աշխարհի տարբեր երկրներ այսօր առերեսվում են գնաճի հետ։ Զարգացած երկրների դեպքում գնաճը հիմնականում պայմանավորված է լինում Կովիդ-19-ի հետևանքով կիրառված սահմանափակումներով, որոշների դեպքում՝ արտադրության արժեշղթաների խափանմամբ։ Սակայն պետք է արձանագրել, որ բարձր գնաճ արձանագրած այդ երկրների մեծամասնությունում հետճգնաժամային ժամանակահատվածում գրանցվել է նաև բարձր տնտեսական աճ, որը բացարձակ արժեքով ավելին է եղել, քան 2020 թվականի անկումը։ Այս ամենի արդյունքում մեծացել են նաև տվյալ երկրների բնակչության իրական եկամուտները։ Ինչը չես կարող ասել Հայաստանի մասին։
Հայաստանում 2021 թվականին փաստացի տնտեսական ակտիվության աճը կազմել 5.8%, որն իր բացարձակ արժեքով ավելի ցածր է, քան 2020թ. անկման ցուցանիշը։ Իսկ գնաճը թեև նախորդ տարվա դեկտեմբերին թվային պատկերով քիչ թե շատ դանդաղել է, սակայն գների աճը շարունակվում է։ ՀՀ Կենտրոնական Բանկը տարվա ընթացքում մի քանի անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճային միջավայրին արձագանքելով, որոնցից 2021թ.-ին վերջինը՝ դեկտեմբերին ևս՝ 0.5 տոկոսային կետով, սակայն ԿԲ քաղաքականությունը դեռևս չի հանգեցրել գնաճի տեմպի դանդաղմանը: Մյուս կողմից՝ Հայաստանում բարձր գնաճն ուղեկցվում է տնտեսության բավական դանդաղ վերականգնմամբ, ինչն իր հերթին՝ հանգեցնում է քաղաքացիների եկամուտների նվազմանը։ Դրան նաև գումարած ջրի, էլեկտրաէներգիայի և գազի սակագների թանկացումները։ Ակամայից վերհիշում ենք Կառավարության խոստումը Հայաստանում մինչև 2026 թվականն աղքատությունը կրկնակի կրճատելու վերաբերյալ։
12-ամսյա գնաճը նախորդ տարվա դեկտեմբերին կազմել է 7.7%, սակայն պետք է նշել, որ դանդաղումը պայմանավորված է զուտ նախորդ տարվա դեկտեմբերին գների կտրուկ աճի առկայությամբ՝ բազայի էֆեկտով: Դրա մասին է խոսում այն, որ 2021թ. դեկտեմբերին նախորդ ամսվա՝ նոյեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 1.6%-ով, ինչը նշանակում է, որ գների աճի տեմպը չի դանդաղել, իսկ 12-ամսյա գնաճի ցուցանիշի դանդաղումը զուտ վիճակագրական երևույթ է:
Պարզ չէ, թե Կառավարությունը, բացի ԿԲ քաղաքականությունից, է՞լ ինչ գործիքակազմ է կիրառելու գնաճը նվազեցնելու կամ զսպելու ուղղությամբ, հատկապես, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին՝ հայտարարել էր, որ Էկոնոմիկայի նախարարությունը գնաճի համար պատասխանատվություն չի կրում։ Միաժամանակ Կառավարությունը 2022թ.-ի համար սահմանել է 7% տնտեսական աճի նշաձող՝ հույս ունենալով, որ այդպես հնարավոր կլինի կառավարել գնաճը։ Սակայն տնտեսության վերականգնման գրեթե բացակայությունը 2022թ.-ին 7% տնտեսական աճ ունենալու կանխատեսումը դարձնում է խիստ անիրատեսական։