Երևանի օդը բավականին կեղտոտ է. ամեն ինչ ոչնչացվեց՝ չհասկանալով, որ դա ազդելու է մեր առողջության վրա. բնապահպան
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը նախորդ ամիս ներկայացրել էր Երևանի մթնոլորտային օդի որակը: Ըստ այդմ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հունվարի 4-ին, Նոր Նորքում՝ հունվարի 1-ին և 2-ին։
Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։
«Երևանում ստեղծել են կանաչապատ տարածքներ, ու այդ ամենը հաշվարկված է եղել բուսաբանների, աշխարհագետների կողմից: Նրանք օղակներ են ստեղծել Երևանի շուրջ, քանի որ կիսաանապատային գոտում է, քամիները շատ են, իսկ կանաչ տարածքները՝ անհրաժեշտություն: Ու, չըմբռնելով, թե մենք ինչ ենք անում, տարիներ շարունակ հատվել են կանաչ տարածքները, տեղը ինչ-որ շենքեր են կառուցվել: Այգիների քանակը ևս քիչ է, ու այս ամենը հանգեցրել է նրան, որ Երևանում տեղի ունեցող կլիմայական փոփոխությունները նպաստեն օդի աղտոտմանը: Հասկանալի է, որ նախկինին վերադառնալ չենք կարող, բայց ինչ-որ բան կարգավորել, իհարկե, պետք է»,- 168.am–ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Նա ընդգծեց՝ անտառապարկեր պետք է լինեն, և այստեղ համայնքների ղեկավարների ակտիվությունն է պահանջվում:
«Օրինակ, Քանաքեռ-Զեյթունում հսկա այգի ունենք, որտեղ քարի կույտ է: Պետք է ներդրում անել, որպեսզի դառնա նորմալ այգի: Այսպիսի խնդիրներ ունենք, որոնք հանգեցնում են աղտոտմանը: Ինչ վերաբերում է տրանսպորտի արտանետումներին՝ մեզ մոտ խայտառակ վիճակ է:
Հանրային տրանպորտից բացի, քաղաքացիների կողմից բերվել են օգտագործված մեքենաներ, որոնք արտասահմանում ուղղակի թույլ չեն տալիս օգտագործել: Բացի սա՝ Երևանին հարող տարածքներում կան քարի հանքեր, գաջի գործարան և այլն: Ամեն ինչ պետք է հաշվարկված արվեր, բայց չի արվել, ու հիմա փաստի առջև ենք կանգնել: Այո, Երևանի օդը բավականին կեղտոտ է: Եթե նայեք, թե Ծիծեռնակաբերդի կանաչ տարածքը նախկինում ինչպես էր ու հիմա ինչ վիճակում է՝ կզարմանաք: Նույնը՝ Դալմայի այգիների դեպքում: Ամեն ինչ ոչնչացվեց՝ չհասկանալով, որ դա ազդելու է մեր առողջության, շրջակա միջավայրի վրա»,- նշեց բնապահպանը: