Մենք արդեն չափից շատ ենք հանդուրժել այս իշխանության կամայականությունները. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության 131-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց, որ արդեն չափից ավելի են հանդուրժել ՀՀ ներկայիս իշխանության և նրա ղեկավարի կամայականությունները։

«Ասաց՝ ինչ ուզեմ՝ կբանակցեմ, արդյունքում՝ կորցրեցինք Արցախի զգալի մասը։ Հիմա էլ ասում է՝ ես եմ իշխանությունը, ինչ ուզեմ՝ կորոշեմ, պարզ է, չէ՞, սրա վերջն ինչ է լինելու՝ պետականության կորուստ։ Արդեն բավ է, նահանջելու տեղ չունենք, սպասելու ժամանակ չունենք։

Հայ-թուրքական, այսպես ասած, հաշտեցման գործընթացը հանգեցնելու է թրքացման, այն պետք է կասեցվի։ Սա լինելու է մեր քաղաքական պայքարի ուղղություններից մեկը։ Հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկած, յաթաղանը «բայրաքթարով» փոխարինած թուրքը չի կարող Երևանի կենտրոնում զվարճանալ, իսկ մենք կենդանական բնազդով հետևենք այդ ամենին, չի ստացվելու, մոռացեք, թույլ չենք տալու»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Խոսքն ուղղելով դաշնակցական ընկերներին, Իշխան Սաղաթելյանը շեշտեց, որ գիտի, նրանք վիրավոր են, դառնացած, շատերն էլ ատամները սեղմած սպասում են որոշման, շատերն էլ քննադատում են, որ այդ որոշումն ուշանում է։ Նույնիսկ երբեմն էլ մտածում են, թե Դաշնակցությունն առաջվանը չէ, քանի որ հանդուրժում է դավաճան իշխանությանը, երկրին աղետ բերած իշխանությանը։

«Նույնիսկ թուրքի առջև ծնկի եկածները համարձակվում են ձեռք բարձրացնել ու անպատիժ մնալ։ Այն պահից, երբ Դաշնակցությունը համակերպվեց հայրենիքի կորստի հետ, հանդուրժեց դավաճաններին, այդ պահից կդադարի լինել Դաշնակցություն։ Ինչ վերաբերում է իշխանությունների լկտիություններին, մենք պարզապես չենք ուզում, որ երկիրը վերածվի քաոսի և անարխիայի։

Ւ դեպ, երբ գլխավոր մեղավորը և պատասխանատուն ասում էր՝ եթե մեղավոր է, ապա ժողովուրդն իրեն թող գնդակահարի պատերի տակ, կրկին պետք է հիշեցնեմ, որ մենք ջունգլիներում չենք ապրում, Հայաստանում պետք է լինի օրենք, դատարան, իսկ հանցագործներն իրենց պատիժը պետք է ստանան օրենքով ու ստանալու են»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս