Առաջին տեղում է Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունվարի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը: «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին տարիների գործերը։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ և անտիպ գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։
Երկրորդ տեղում է Վանո Սիրադեղյանի «Դուռը»։ Վանո Սիրադեղյանը նախորդ դարավերջի ամենատաղանդավոր և ընթերցված-սիրված արձակագիրներից մեկն է՝ այլևս դատապարտված այդպիսին մնալու։ Նրա արձակը որքան դասական, այնքան էլ ժամանակակից է։ Պատմություններ մարդկանց, նրանց մտածողության, խնդիրների, երազանքների ու ապրումների մասին։ «Դուռը» ժողովածուն ամփոփում է հեղինակի բոլոր նախորդ գրքերում («Կիրակի», «Ծանր լույս», «Շատ չհամարվի», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից», «Երկիր։ Ցպահանջ») տեղ գտած պատմվածքները՝ այսպիսով դառնալով նրա գեղարվեստական արձակի՝ ընթերցողին հայտնի ստեղծագործությունների համահավաք ժողովածու։
Երրորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի…
Չորրորդ հորիզոնականում է Աշոտ Աղաբաբյանի «Վերջին անգամ ենք ապրում» վեպը։ Վեպը լեգենդար հայորդի, ժամանակին աշխարհի ամենաուժեղ մարդը համարվող ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի բուռն ու դրամատիկ ոդիսականի մասին է։ Առաջին անգամ հայ ընթերցողը կտեղեկանա մեր պատմության «փակ» էջերի նոր բացահայտումներին, Սերգո Համբարձումյանի անհավանական թվացող փոթորկալից կյանքին, որն ուղեկցվել է Աղասի Խանջյանի, Իոսիֆ Ստալինի, Անաստաս Միկոյանի, Լավրենտի Բերիայի, Եղիշե Չարենցի, Ներքին գործերի արյունարբու Ժողկոմ Խաչիկ Մուղդուսու հետ կապված բազմաթիվ, մեր ժողովրդի համար շրջադարձային իրադարձություններով։
Հինգերորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Հուշացած ակնթարթներ» գիրքը։ Գիրքն ընկերությունից դեպի սեր տանող ճանապարհը նկարագրող մի պատմություն է, որն ընթանում է աննկատ, ու ամպերին հասած մաքուր սերն աննկատ էլ ավարտվում է՝ արդեն սառած օդում հարյուրավոր անպատասխան հարցեր, դատարկություն ու ցավ թողնելով: Գրքի էջերում հեռացումին հաջորդող փուլերն են, որոնցից և ոչ մեկը հեշտ ու անհետևանք չի անցնում, և որոնց միջով, անկախ պատճառներից ու հաշտվելու հավանականությունից, անցնում են բոլորը։ Վիպակը հիշողությունների մի ամբողջ շարք է, ապրած երջանիկ պատառիկների անվերջանալի հերթափոխ՝ շաղախված խեղդող կարոտով: Դրանից ազատվելն անհնար է, ինչքան էլ մոռանալու ցանկությունը մեծ լինի, որովհետև չհիշել փորձելն արդեն իսկ հիշել է նշանակում։
Գոհար Նավասարդյանի «Սիրելուց հետո» գիրքը վեցերորդ տեղում է։ Այն, որ սիրահարվածությունից հետո գալիս է սերը, բոլորը գիտեն, բայց թե ինչն է հաջորդում սիրուն, շատերի համար է հանելուկ: Այս վիպակը սիրո գեղեցիկ պատմություն է, որում նկարագրվում է, թե ինչ է լինում սիրելուց հետո: Գիրքը սովորեցնում է խնամել սերը, չհամարել այն ուղղակի պարտականություն կամ բեռ, որովհետև այս զգացմունքը մեռնում է, երբ հարաբերություններում վաղուց կյանք չկա և, մյուս կողմից, կարող է շունչ առնել, եթե ինքներս ուզենանք.․․ Վերջինս վիպակում հնարավոր է դառնում միայն կարոտի և կապվածության վախը հաղթահարելու շնորհիվ, որը պիտի բերեր որոշման` սիրած մարդուց հեռանալու: Վիպակում ցույց է տրված, որ հենց այդ որոշումը, ինչպես նաև պատահականությունները կամ գուցե ճակատագիրը իրենց հերթին գիտակցել են տալիս, որ յուրաքանչյուր հաջորդ րոպեն կարող է և չսկսվել, ինչը սթափեցնում է մարդուն` ստիպելով կյանքին այլ աչքերով նայել:
Յոթերորդ տեղում է Տա Թևերի «731 օր քեզ համար» վիպակը: Վիպակը 2014 թվականին բանակ զորակոչված երիտասարդի մասին է: Գիրքը նվիրված է սահմանին ծառայող զինվորին ու նրան թիկունքում հավատով սպասող հայուհուն: Հերոսն այս պահին ծառայող, արդեն զորացրված, կենդանի կամ անմահացած տղաների հավաքական կերպարն է:
Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» ութերորդ հորիզոնականում է: Ըստ հեղինակի՝ այս գրքի միջոցով առաջին անգամ ընթերցողը ծանոթանում է վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են:
Իններորդ հորիզոնականն է զբաղեցնում Վազգեն Սարգսյանի «Էս ի՞նչ եք անում, տղերք» պատմվածքների և հրապարակախոսության ժողովածուն: Գրքում Սարգսյանը գրում է. «Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում: Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի…»:
Տասներորդ տեղում է Հովիկ Աֆյանի «Կարմիր»-ը: Պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից: Տարբեր ժամանակների, պատերազմների, երազանքների ու ցավերի մասին այս պատմությունը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը երբեք չեն ավարտվում: