Արցախում նախկին նախագահները փորձում են վերադառնա՞լ

Արցախի ներքաղաքական կյանքում կուլիսային կամ ոչ հրապարակավ ակտիվություն կա:

Ընդ որում, 168.am-ի տեղեկություններով՝ քաղաքական ակտիվություն են դրսևորում նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: Արդյոք այս ակտիվությունը կհանգեցնի՞ քաղաքական նոր ուժի ձևավորմանը, արցախյան մեր աղբյուրներն ասացին, որ դեռ հստակ որոշում չկա:

Արցախյան ներքաղաքական կյանքում փոփոխությունների նկատմամբ, մեղմ ասած, անտարբեր չէ նաև Արցախի ՊՆ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որն իր քաղաքական կոնսուլտացիաները վաղուց է սկսել, քանի որ կարծում է, որ հատկապես արցախյան վերջին պատերազմից հետո սահմանադրական բարեփոխումներն այլընտրանք չունեն։

Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, նրան մոտ կանգնած մեր աղբյուրներն ասացին, որ դեռ պարզ չէ՝ արդյո՞ք նա կհեռանա քաղաքականությունից սահմանադրական փոփոխություններից հետո, թե՞ ոչ:

Միաժամանակ, արցախյան աղբյուրները չեն բացառում, որ Արայիկ Հարությունյանը որոշի վերարտադրվել՝ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանին աջակցելով:

Իհարկե, այսօր վաղ է ինչ-որ բան հստակ ասել, քանի որ ամեն րոպե սցենարներ կարող են փոխվել, նաև՝ ուզենք թե չուզենք, ռուսական կողմի դիրքորոշումներն իրենց դերը խաղալու են:

Մի բան հստակ է՝ եթե Արցախի նախկին նախագահները նոր ուժ ստեղծեն, և նրանց շուրջը հավաքվեն իրենց մտերիմ գեներալները, և հակառակ ճամբարում լինի Սամվել Բաբայանը, ապա հիմնական պայքարը նրանց միջև է ընթանալու:

168.amգրել էր՝ մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Սամվել Բաբայանի միջոցով հասնել Արայիկ Հարությունյանի գահընկեցությանը:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Արայիկ Հարությունյանն այլևս պետք չէ, քանի որ Արցախն արդեն դարձել է սակարկման առարկա, և փորձ է արվում, ըստ էության, թուրքերի և ադրբեջանցիների հետ բանակցություններում Արցախի հարցի սակարկման կամ առևտրի միջոցով այլ հարցերում ստանալ իր համար որոշակի բարենպաստ արդյունք:

Այս տրամաբանության շրջանակում Նիկոլ Փաշինյանը, մեզ հասած տեղեկություներով, Արցախ է գործուղել Սամվել Բաբայանին, որը թեև որպես Արցախում սահմանադրական բարեփոխումների ջատագով է գնացել, սակայն նպատակը նաև հիշատակվածն է եղել:

Ռուսական կողմը, մեր տեղեկություններով՝ չի ողջունել Նիկոլ Փաշինյան-Սամվել Բաբայան այս «օպերացիան», ավելին, անուղղակի ձևով հասկացրել են, որ անհրաժեշտության դեպքում կտրուկ միջոցների կդիմեն:

Մյուս կողմից՝ պետք է արձանագրել, որ Սամվել Բաբայանը թեպետ շատ ակտիվ է, բայց այսօր նա Արցախում չունի գոնե այն որոշակի հեղինակությունը, որն ուներ գոնե իր համակիրների շրջանում 2020թ. ընտրություններից հետո, այն 44-օրյա պատերազմից հետո անկում է ապրում:

Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 18-ին հանդիպել էր մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը նա հայտնել էր, որ առաջիկայում կստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ, որը հանրային քննարկումների առարկա կդարձնի սահմանադրական հնարավոր փոփոխությունների անհրաժեշտության հարցը:

Արայիկ Հարությունյանը շեշտել էր, որ հնարավոր սահմանադրական բարեփոխումները մշակվելու են բացառապես Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման և պետականության ամրապնդման անզիջում կուրսի շրջանակներում։

Արդեն հունվարի 19-ին հրավիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցությանը՝ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատուների մասնակցությամբ, Արցախի ղեկավարն ասել էր, որ թեև ազգային կամ կոալիցիոն կառավարության վերաբերյալ որևէ բան չեն պայմանավորվել, բայց տարբեր ուժերի առաջարկություններն ընդունելու է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28