Պատերազմի ժամանակ որպես գերագույն հրամանատար ձախողված Փաշինյանն իրավունք չունի մեղադրելու զինված ուժերին

Պատերազմի ժամանակ որպես գերագույն հրամանատար ձախողված Փաշինյանն իրավունք չունի մեղադրելու զինված ուժերին
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանն ասել է, որ պատերազմից անմիջապես հետո ՊՆ կազմում ստեղծվել են հատուկ ստորաբաժանումներ, որոնք զբաղվում էին պատերազմի դասերի վերլուծությամբ՝ բավականին լուրջ աշխատանք տանելով:

«Այդ աշխատանքը տեղի էր ունենում, ընդ որում, վերլուծությունը տեղի էր ունենում ոչ միայն ակադեմիական ճանապարհով՝ աշխատասենյակում նստած, այլև տեղում տեղազննումներ, դիտարկումներ կատարելով, մարդկանց հետ շփվելով՝ հասկանալու՝ գործողությունը, որը հաջող է եղել, ինչ պատճառով է եղել, որովհետև հաջող գործողություններ ենք ունեցել, և գործողությունը, որն անհաջող է եղել՝ ինչ պատճառով: Եվ ինչպես պետք է ապագայում նույն կարգի գործողություններին վերաբերվել՝ պաշտպանական, հարձակողական, հակահարձակողական: Այդ աշխատանքը կատարվում էր, ցավոք, այն մնաց անավարտ, որովհետև մեր բանակի ղեկավարությունը փոխվեց անցած տարվա մարտին»,-նշել է Չալաբյանը:

Օնիկ Գասպարյանի նախաձեռնությամբ կատարվել է 44-օրյա պատերազմի ռազմական դրվագների ուսումնասիրություն

Այսինքն, սա ընդգրկում է ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման շրջանը, և 44-օրյա պատերազմի ռազմական դրվագների և գործողությունների ուսումնասիրման այս աշխատանքները դադարեցվել են գեներալի պաշտոնազրկումից հետո:

Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 10-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված է: Սա՝ այն բանից հետո, երբ փետրվարի 25-ի առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից գլխավոր շտաբի հայտարարությունը՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով։ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկությամբ դիմեց նախագահին։

2021-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե Օնիկ Գասպարյանի ղեկավարած ԳՇ-ին վստահել, պատվիրել են արցախյան պատերազմի արդյունքների վերաբերյալ վերլուծություն-զեկույցի մշակում:

«Հենց ԳՇ-ն զեկույց էր պատրաստում պատերազմի մասին, և այս ամսվա ընթացքում պլանավորված ԱԽ նիստում շտաբը պետք է զեկուցեր պատերազմի արդյունքների մասին: Եթե մենք ցանկություն ունեինք բարդել պատասխանատվությունը գենշտաբի վրա, ապա ինչի՞ էինք տալիս՝ այդ զեկույցն իրենք պատրաստեին»,- անցած տարի մարտ ամսին «Սիվիլնեթին» տված հարցազրույցում նշել էր նա:

Գեներալ Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում հերքել էր ԱԽ-ից վերլուծություն կատարելու «պատվեր» ստանալու փաստը:

«Իրենք չեն պատվիրել, ես եմ ներկայացրել, որ մանրակրկիտ վերլուծություն է նախապատրաստվում ԳՇ-ում»,- շեշտել էր Օ․Գասպարյանը:

Այսինքն, իրականում, Օնիկ Գասպարյանի հրամանով և նախաձեռնությամբ են կատարվել 44-օրյա պատերազմի ռազմական դրվագների և գործողությունների ուսումնասիրման և վերլուծման աշխատանքները:

Օնիկ Գասպարյանից հետո, ըստ էության, ԱԽ նիստում պատերազմի վերլուծությունը պիտի ներկայացներ ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանը, որը անցած տարի այդպես էլ չի ներկայացվել:

Ավելի ուշ 168.am-ին հայտնի էր դարձել, որ Դավթյանը ինչ-ինչ սրբագրումներ և հավելումներ է պատրաստվում անել Գասպարյանի թողած պատերազմական վերլուծության մեջ:

Անցած տարվա հունիսին լրագրողների հետ զրույցում ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանն ասել էր, որ պաշտպանության նախարարի հրամանով՝ պատերազմի ընթացքը, հանգամանքները քննող հանձնաժողովը ստեղծված է. այն ակտիվ աշխատում է:

«Մենք ուսումնասիրություն անում ենք, չեմ կարծում, որ կարճ ժամկետում դրա պատասխանը տանք, որովհետև յուրաքանչյուր դրվագի, յուրաքանչյուր մեղադրանքի հետևում կանգնած են կենդանի մարդիկ, զինծառայողներ, որոնք կամ պետք է պատասխանատվություն կրեն, կամ այդպիսի մեղադրանքը պետք է մերկապարանոց չասվի: Ինքնանպատակ խնդիր չենք դրել, որ ինչ-որ մեկին մեղադրենք, մասնավորապես՝ Գլխավոր շտաբի, ՊՆ-ի համար առաջին հերթին դասեր քաղելու խնդիրն է, որպեսզի այն բոլոր թերությունները, բացերը, որոնք կային, ուսումնասիրենք և կարողանանք ըստ դրա համապատասխան որոշումներ կայացնել»,-նշել էր Դավթյանը:

Սրանից հետո մինչ օրս մեզ չհաջողվեց ԳՇ-ից պարզել՝ արդյո՞ք արդեն սկսված վերլուծությունն ամփոփվել է, թե՞ ՊՆ հրամանով ստեղծված և միայն ԳՇ պաշտոնյաներից բաղկացած հանձնաժողովում դեռ աշխատում են և փորձում ավարտին հասցնել այն:

2021թ․դեկտեմբերի 3-ին«Հրապարակին»տված հարցազրույցում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ «ԳՇ-ում նստած՝ հրաման են փոխում, նոր հրամաններ կեղծում»:

«Ես շատ բան գիտեմ, որ Ղարաբաղի շտաբի պետով-բանով դրել՝ հրամաններ են գրել: Չեն հասկանում, որ զռռում է, որ սարքած է։

Այստեղ՝ Հայաստանում էլ են զբաղվում, որովհետև որևիցե հրաման չի եղել հետքաշման կամ առաջ գնալու, հիմա պետք է ստուգել, դրանց բոլորին պատասխանատվության կանչել։ Փորձում են վերացնել հետքերը»,- նշել էր նա:

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ վստահեցնելով, որ ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Ս. Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ:

168.am-ը Գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էր՝ արդյոք Սամվել Բաբայանի հայտարարությունները ուղարկվեցի՞ն հետաքննության մարմնին:

«Ուղարկվել է ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն՝ պատերազմին վերաբերող մեծ քրեական գործի շրջանակում քննության առարկա դարձնելու։ Հիմա քննություն է իրականացվում։ Այլ մանրամասներ չեմ կարող ասել»,- մեզ հետ զրույցում նշել էր Գոռ Աբրահամյանը:

Եթե մի պահ ընդունենք, որ Սամվել Բաբայանի ասածը իրականությանը համապատասխանում է, ապա այստեղ գուցե հետաքրքրություն ունեն իշխանություննե՞րը, որպեսզի իրենց շահից չբխող հրամանների «գոյությունը» վերացնեն: Գուցե: Քննությունը կպարզի:

Անցած տարի ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պահանջել էր հրապարակել 30.09.2021 թ. ԱԽ նիստումՀՀ նախագահի լիազորությունները կատարած Արմեն Սարգսյանի և իր ելույթը ամբողջությամբ, ինչը չարվեց: Արմեն Սարգսյանն այլևս ՀՀ նախագահը չէ, և արդյո՞ք երբևիցե կիմանանք, թե ինչ հարցուպատասխան է եղել: Գուցե մի օր իմանանք:

Մի բան հստակ է՝ այսօր չկա ակտիվություն իշխանությունների և, ինչո՞ւ չէ՝ ընդդիմության կողմից՝ պարզելու 44-օրյա պատերազմի հանգամանքները, ժամանակ առ ժամանակ լսում ենք, որ այսինչ հրամանատարին մեղադրանք է առաջադրվել: Մասնավորապես, վերջերս մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ.-ն 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում` 2020թ. հոկտեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում, հրաժարվել է կատարել զինվորական ծառայության առանձին` գնդի հրամանատարի պարտականությունները, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, ինչպես նաև ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք։

Չխախտելով անմեղության կանխավարկածը, 168.am-ը պաշտոնական հաղորդագրությունից դուրս սպայի անձի վերաբերյալ այլ տեղեկություններ չի հայտնում: Մի բան, սակայն, հստակ է՝ իշխանությունները մեղքի իրենց բաժինն ունեն պատերազմից առաջ կադրային և տեղանքին ոչ ծանոթ անձանց նշանակումների համար:

Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի մեղադրելու Զինված ուժերին
Այս համատեքստում, թերևս, տեղին է մեջբերել այս մասով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի համապատասխան հատվածը:

«Ի՞նչ է նշանակում՝ բա ես ո՞նց գնայի խաղաղ լուծման, եթե ինձ զեկուցում են Անվտանգության խորհրդի նիստում, որ մենք «ոչ մի քայլ հետ» սկզբունքով ենք կռվելու: Բա իր կարծիքով ի՞նչ պետք է ասեին պատասխանատուները: Պետք է ասեին, որ հենց Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, մենք փախչելո՞ւ ենք: Բա ինքն իրեն համարում է պետության ղեկավար, ինքն իրեն համարում էր գերագույն գլխավոր հրամանատար, բա գերագույն գլխավոր հրամանատարը երկու-երեք կարևորագույն գործառույթներ ունի, որոնցից մեկը իրավիճակը գնահատելն է և որոշում կայացնելը: Բա բացի բանակի պատասխանատուներից՝ մեր պետությունն ուներ գլխավոր ռազմական տեսչություն, որի ղեկավարը գեներալ-գնդապետ է: Այսինքն՝ գեներալ գնդապետ դառնալու համար դու պետք է անցնես հսկայական ճանապարհ: Այսինքն՝ այդ թվում՝ նաև տեսչության կազմ:

Բայց բացի դրանից, նա ուներ նաև ռազմական հակահետախուզություն: Չէ՞ որ մեր պետության Ազգային անվտանգության ծառայությունում կա հատուկ մեծ կառույց, որը զբաղվում է բանակով: Ի վերջո, կա Ազգային անվտանգության ծառայությունը, որն ունի հետախուզական մեծ ստորաբաժանում: Բա այդ մարդկանց կարծիքներն ինքը հավաքե՞լ էր, այդ մարդկանց կարծիքները բոլորն այդպիսի՞ն էին, որ մենք հաղթելու ենք:

Ես չեմ ուզում արդարացնել բանակի կամ զինված ուժերի ղեկավարներին: Բացարձակապես: Ասածս մի ուրիշ բան է: Որ ինքը, ընդհանրապես, այս իշխանություններն իրավունք չունեն նրանց մեղադրելու: Այդ իրավունքը պատկանում է մեզ` բոլոր նրանց, ովքեր որևէ առնչություն չեն ունեցել այդ որոշումների կայացման գործում:

Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ այսպես են ասել: Իրեն թվում է, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ ինձ ասողներ չեն եղել, որ պետք չէ դադարեցնել, գնանք և այլն. եղել են: Հրապարակային դաշտում էլ կային այդպիսիք: Այն ժամանակ էլ, հիմա էլ կան: Ես ի նկատի ունեմ ոչ միայն հրապարակային դաշտից: Բա ղեկավարը նրա համար է, որպեսզի ընդունի որոշումներ, որ, ինչպես ասում են, իր վզով է, որ կարողանալու է դա իրականացնել»:

Ո՞րն է գերագույն հրամանատարի կարևորագույն ֆունկցիան
Հիշեցնենք, որ ավելի վաղ«Արմնյուզին» տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն առավել մանրամասն էր անդրադարձելգերագույն հրամանատարի գործառույթին և նշել, որ նա երկրորդ կարևորագույն ֆունկցիա ունի:

«Նա պարտավոր է տիրապետել իրավիճակին և իրավիճակից բխող ռազմաքաղաքական որոշումներ կայացնել: Դրա համար ինքը ունի բոլոր գործիքները, և երբ գլխավոր շտաբի պետը զեկուցում է, այդ թվում՝ պաշտպանության նախարարը իր համաձայնությունն է հայտնում, դու ուղղակի պարտավոր ես անհապաղ ստուգել այդ իրավիճակը, ունենք հատուկ ծառայություններ, ունենք գլխավոր ռազմական տեսուչ, ունենք նաև այլ գործիքներ, ստուգել այդ իրավիճակը և իրավիճակից բխող որոշումներ կայացնել»,- շեշտել էր ՀՀ երրորդ նախագահը՝ պնդելով, որ գերագույն գլխավոր հրամանատարի դերակատարությունը ակնհայտորեն ձախողված է:

Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն իր դիտարկումները Օնիկ Գասպարյանին ասած լինի անմիջապես, բայց նա հրապարակավ հայտարարեց, որ պատերազմի ժամանակ որպես գերագույն հրամանատար ձախողված Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի մեղադրելու զինված ուժերին և նրա ղեկավարությանը:

Հիշեցնենք, որ 2021-ի նոյեմբերի վերջին Օնիկ Գասպարյանը զանգահարել էր Սերժ Սարգսյանին՝ ներկայացնելով Սյունիքում տիրող վիճակը:

Տեսանյութեր

Լրահոս