«Արժե ամառային արձակուրդների կրճատման հաշվին մի քիչ երկարեցնել ձմեռային արձակուրդները»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ պարբերաբար անդրադառնալու ենք հաճախակիացող այն խոսակցություններին, թե սուր շնչառական վարակների ակտիվացման հետ կապված՝ գուցե նպատակահարմար է ուսումնական հաստատություններում ընդհանրապես արձակուրդների «տեղաշարժ» կատարել, մասնավորաբար՝ դասապրոցեսը կազմակերպել հունիսին և ամառային արձակուրդը դարձնել երկու ամիս, փոխարենը մեկ ամիս հանգստանալու հնարավորություն տալ հունվարին:

Թեմայի հետ կապված՝ նախորդ անգամ «Փաստը» ներկայացրել էր առողջապահական համակարգի մասնագետի տեսակետը, որը համաձայն չէր նման առաջարկին՝ նշելով, որ վերին շնչառական ուղիների վիրուսային հիվանդությունները հակված են շատանալու աշնանը և գարնանը, ուստի ուսումնական գործընթացը հունվարից հունիս տեղափոխելով՝ ոչինչ չի փոխվելու: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանին խնդրեցինք կարծիք հայտնել այս հարցի առնչությամբ՝ կրթական տեսանկյունից:

«Խորհրդային ժամանակներից սկսած՝ ամռանը ուսհաստատություններում երեք ամիս արձակուրդ ունեինք:

Մինչդեռ, օրինակ, եվրոպական բուհերում, ուսհաստատություններում արձակուրդը տևում է 1,5 կամ 2 ամիս: Միևնույն ժամանակ, արձակուրդները հավասարաչափ բաշխվում են ուստարվա վրա: Արժե, որ մենք ևս գնանք նման փոփոխությունների, այսինքն՝ ամառային արձակուրդների կրճատման հաշվին մի քիչ երկարեցնենք ձմեռային արձակուրդներն ուսհաստատություններում:

Նման փոփոխությանը դրական եմ վերաբերվում: Տեսեք` ամռանը երեք ամիս, ըստ էության, որևէ բան չենք անում, բայց մեր աշակերտներն ու ուսանողները շատ ինտենսիվ աշխատում են մյուս ամիսներին: Այնպես որ, կողմնակից կլինեի, եթե ամառային արձակուրդների կրճատման հաշվին երկարեցվեին մյուս արձակուրդները և բաշխումը մոտավորապես հավասար կլիներ տարվա ընթացքում, ինչը հիմքեր կստեղծեր կրթության արդյունավետության բարձրացման համար»,- «Փաստի» հետ զրույցում ասաց կրթության փորձագետը»:

Տեսանյութեր

Լրահոս