«Ժող ջանի» հաշվին` Փաշինյանի նվերը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն՝ Տաթևիկ Ռևազյանի գլխավորությամբ, Երևան-Ստամբուլ առաջիկա չվերթը 36 ամսով ազատել է 10.000 դրամ «օդի տուրքից»: Այս մասին հրամանը, սակայն, ստորագրել է ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Միհրան Խաչատրյանը, որովհետև, ինչպես միշտ, Տաթևիկ Ռևազյանը Հայաստանում չէ:

Քաղավիացիայի կոմիտեն հունվարի 10-ին նաև թույլատրել է թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությանը իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ թռիչքներ, որոնք լինելու են ոչ կանոնավոր:

Նշենք, որ «FlyOne Armenia» ընկերությունը հայտարարել է, որ փետրվարի 2-ից սկսելու է շաբաթական 2 անգամ (երկուշաբթի և ուրբաթ օրերին) ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթով:

Ի դեպ, կոմիտեն հաղորդագրության մեջ նշել է՝ իբրև թե դա անում է «ուղևորների» համար: Իրականում սա մանիպուլյացիա է, քանի որ այս որոշումը Հայաստանի պետբյուջեի հաշվին ուղղակի աջակցություն է շաբաթական բազմաթիվ թռիչքներ իրականացնող ավիաընկերությանը՝ խթանելով չվերթի այդ ուղղությունը: Այդպիսով պետական բյուջեն զրկվելու է հավելյալ հարյուրավոր միլիոնների հասնող մուտքերից:

2021թ. դեկտեմբերի 27-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում ուրախությամբ տեղեկացրել էր՝ կբացվեն Ստամբուլի և Երևանի միջև չվերթները:

Մինչ այդ ադրբեջանական լրատվամիջոցներից որոշները ամենակարևոր լուրերի ցանկում էին ընդգրկել «Երևանից Ստամբուլ՝ Փաշինյանի գործընկերոջ ինքնաթիռով» հրապարակումը՝ տեղեկացնելով, որ Flyone Armenia ավիաընկերությունը կդառնա առաջին ավիաընկերությունը, որը 2015 թվականից հետո կիրականացնի Ստամբուլ-Երևան չվերթեր։

Ավելի վաղ մամուլն անդրադարձել էր «Ֆլայուան Արմենիա» (Flyone Armenia) ընկերության հետ իշխանամերձ գործարար, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կապին՝ տեղեկացնելով, որ «Ֆլայուան Արմենիան» հայ-մոլդովական նախագիծ է. ընկերության 54 %-ը պատկանում է հայկական կողմին՝ գործարար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, սակայն թղթի վրա հանդես են գալիս Սուքիասյաններին փոխկապակցված անձինք, իսկ մնացած 46%-ի տերը մոլդովական «Fly One» ավիաընկերությունն է:

Այսօր թուրքագետ Վարուժան Գեղամյանը իր հրապարակումներից մեկում ներկայացրել էր թուրքական մամուլում հրապարակված՝ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների որոշ մանրամասներ:
«Հունվարի 25-ին, թուրքական Hürriyet թերթը, հղում կատարելով արտաքին քաղաքականության հարցերով Թուրքիայի նախագահականում վերջերս տեղի ունեցած քննարկմանը, հայտնում է այն քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկվեն Հայաստանի ուղղությամբ. «Որպես առաջին քայլ՝ հստակեցվել է փոխադարձ ուղիղ չվերթներ սկսելու մասին որոշումը: Հատկապես Կարսի և Վանի մասով կատարվելիք աշխատանքներից հետո օրակարագ կգա նաև Թուրքիայի տարբեր նահանգների ուղղությամբ Հայաստանից չվերթներ կազմակերպելու հարցը: Կարծիքներ կան այն մասին, որ հատկապես Վանը հայերի համար կարող է զբոսաշրջային կենտրոնի վերածվել: Բացի այդ ծրագրվել է Կարսի մոտակայքի որոշ պատմական կառույցների, այդ թվում՝ կամուրջների ու այլ շինությունների վերակառուցումը։ Դրանք հայերի համար մեծ կարևորություն ունեն։ Իսկ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու նպատակով միաժամանակ կընդլայնվեն նաև առևտրային հարաբերությունները»,-ներկայացրել է Վարուժան Գեղամյանը:

Վերադառնանք իշխանությունների սրտի պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին, որն այսօր օգտվում է փաշինյանական կառավարության կողմից տրված բոլոր արտոնություններից:

Մանրամասներն հետո կանդրադառնանք:

Այժմ հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը՝ այդ ավիաընկերության հետ իր առնչակցության մասին ինֆորմացիան դեռևս անցյալ տարի «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքից արտատպելու համար 168.am-ի դեմ զրպարտության մեղադրանքով դատական գործընթաց է  սկսել:
Ըստ իշխանությունների սրտի գործարարի՝ մեր հրապարակումը զրպարտություն է, և, որպես փոխհատուցում, պահանջում է 2 միլիոն դրամ:

Ցինիզմը նրանում է, որ վերջերս՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է՝ «Ես բաժնետեր չեմ, բայց իմ ընտանիքից մարդիկ կան, որ բաժնետեր են»:

Ապա, գիտուն դեմքի արտահայտությամբ «լեկցիա է կարդացել».
«Դուք գիտեք, որ ես՝ որպես Խաչատուր Սուքիասյան, բաժնետեր չեմ, դուք գրագետ մարդ եք, կրթություն եք ստացել, ասում եք՝ ձեր հիմնած։ Դա իմ հիմնածը չի, բայց իմ ընտանիքից մարդիկ կան, որոնք այդտեղ բաժնետեր են, ասեք՝ ընտանիք, բայց մի ասեք՝ ձեր հիմնած, որովհետև գրագետ տարբերակը՝ ես այդտեղ բաժնետեր չեմ։ Հիմա հարցն ուղղեք՝ մեր ընտանիքին պատկանող, այս՛, որը բաժնետեր է, այն էլ պատկանող չի ամբողջը, փաթեթը չի… Դուք ինքներդ լավ գիտեք, որ մամուլում հրապարակվել է, որ Երևան-Ստամբուլ չվերթեր են լինելու, հիմա ես անդրադառնամ այդ չվերթերին։ Այսօր Թուրքիայի տարածքում ծպտյալ հայերի մասին չի խոսքը, այն հայերի մասին է, որոնք իրենց հայ են․․․ և հայկական ազգանուն են կրում, Թուրքիայում ունենք մոտավորապես 100.000 բնիկ ապրող հայեր, և ասում են՝ 100.000 էլ Հայաստանից գնացած աշխատանք փնտրող և ինչ-որ մի աշխատանքով զբաղվող հայեր կան։ Դուք ինքներդ լավ գիտեք, երբ որ արգելվել էր թուրքական ապրանքները Հայաստան, դրանք այլ երկրների միջոցով էր բերվում, որը նորից հավելյալ ծախսեր էր արվում։ Այդ ինքնաթիռները աշխատելու են Երևան-Ստամբուլ և աշխատելու են և՛ թուրքական կողմից, և՛ հայկական կողմից, ինչպես որ նախկինում աշխատել են, ոչ մի նորություն չկա, ուղղակի ինչ-որ աստիճան ցածր գներ են լինելու, որովհետև ինքը, սկզբունքը, ինչով որ այդ ավիաընկերությունը ստեղծվել է, դա լոուքոստ է՝ ցածր գներով թռիչք ունեցող ավիաընկերություն է»։

Հարգելի ընթերցող:

Հիմա այս ամենը դիտարկեք հայ-թուրքական բանակցությունների, Էրդողանի, Չավուշօղլու, Փաշինյանի ու Ալիևի հայտարարությունների ենթատեքստում: Պարզ են, չէ՞ նաև կառավարության, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի այդ որոշման նպատակները, երբ Երևան-Ստամբուլ առաջիկա չվերթի ուղևորներին 36 ամսով ազատում է 10.000 դրամ «օդի տուրքից»: Ինչո՞ւ, օրինակ, մյուս ավիաընկերությունների համար էլ նման արտոնություններ չեն սահմանում, եթե դա անում են հանուն ուղևորների: Ինչո՞ւ է մեր բոլորիս՝ պետական բյուջեի հաշվին նման թանկարժեք նվեր մատուցում Սուքիասյանի ընտանիքին և Էրդողանին:

Երեկ «Պրեսսինգ» հաղորդաշարում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Խաչատուր Սուքիասյանի և նրա նմանների գործողությունների մասին լավ ձևակերպում տվեց. «Բիզնեսը, փողը հայրենիք չունի, փողը, իսկ մեծ փողը՝ առավել ևս, ոչնչացնում է հիշողությունը. Ձեր նշած բիզնեսմենի՝ Խաչատուր Սուքիասյանի դերակատարումը հայ-թուրքական հարաբերությունների, մերձեցման գործում շոշափելի մեծ է»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս