«Հնարավորություն կունենամ լրացնել այդ բացը և մի փոքր հանգստանալ»․ Նաիրի Սարգսյան
Հունվարի 26-ին ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից ազատված Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով․
«Սիրելի՛ հայրենակիցներ, ինձ համար մեծ պատիվ էր հեղափոխությունից հետո զբաղեցնել հեղափոխության առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնը։ Ես աշխատել եմ մեծ սիրով և նվիրվածությամբ, հաճելի էր օգնել մարդկանց, ովքեր ինչ-որ խնդրով դիմում էին մեզ։
Վերջին 3,5 տարվա ընթացքում քիչ եմ ժամանակ հատկացրել իմ ընտանիքին և ընկերներին, հնարավորություն կունենամ լրացնել այդ բացը և մի փոքր հանգստանալ։
Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին, ինձ այս բարձր պաշտոնը վստահելու համար։ Մենք միասին անցել ենք շատ բարդ ժամանակաշրջան՝ պատերազմ, համավարակ, 2 արտահերթ ընտրություններ և այլն։
Շարունակելու եմ հավատարիմ մնալ մեր քաղաքական թիմին և աջակցելու եմ՝ ինչով կարող եմ:
Շնորհակալ եմ ինձ հետ աշխատած նախկին և ներկա բոլոր գործընկերներիս:
Շնորհակալ եմ մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր այս ընթացքում աջակցել և ուժ են տվել ինձ»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: Նաիրի Սարգսյանը վարչապետի օգնական էր նշանակվել 2018-ի հունիսի 1-ին: