Արմեն Սարգսյանը լուրջ պատրանքներ ուներ. Սկակով
«Արմեն Սարգսյանը փորձում էր դիրքավորվել՝ որպես Փաշինյանին այլընտրանք, ինչը չստացվեց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել։ Հրաժարականի տեքստում Սարգսյանը գրել էր, որ շատ երկար է մտածել և մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:
Ըստ Սարգսյանի` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։
Սկակովի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության համար այս ծանր տարիների ընթացքում Արմեն Սարգսյանի դերը որևէ կերպ աչքի չընկավ, չերևաց, որ նա ինչ-որ դեր ունի:
«Չեմ էլ կարծում, որ նա կարողացավ որևէ դեր կատարել, չկարողացավ ինչ-որ բան անել ո՛չ Հայաստանի, ո՛չ սեփական դիրքերի ամրապնդման համար: Նա, իհարկե, ցանկանում էր, բայց չուներ լծակներ, հնարավորություններ»,- ասաց վերլուծաբանը:
Սկակովն այն կարծիքին է, որ Արմեն Սարգսյանն ուներ որոշակի պատրանքներ ողջ նախագահության ընթացքում, որ կարող է որոշ լծակներ ունենալ, թեև այդ պատրանքները լիովին անհիմն էին Հայաստանում հաստատված իշխանության բնույթի ֆոնին:
Նրա բնորոշմամբ, ներքաղաքական նույն իրավիճակը և նույն դասավորությունը նույն խնդիրներով մենք տեսնում ենք նաև Վրաստանում, երբ նախագահը որևէ կերպ չի կարողանում ազդել այս կամ այն իրավիճակի վրա:
«Բայց Արմեն Սարգսյանը, ըստ իս, կարծում էր, որ եթե նույնիսկ չլինեն բավարար լծակներ, այդ պաշտոնը, այդ դիրքը կարող է օգտագործել սեփական նպատակներից ելնելով, նա փորձում էր դիրքավորվել՝ որպես Փաշինյանին այլընտրանք, և, ինչպես երևում է, չստացվեց, ստացվել էր մարիոնետկա, ուստի հեռացավ»,- նման կարծիք հայտնեց Սկակովը:
Նա խորհուրդ տվեց այլ կամ գաղտնի պատճառներ չփնտրել այս հրաժարականի հարցում, քանի որ դրանք պարզապես չկան:
«Որևէ արտաքին պատճառ չեմ տեսնում, ո՛չ հայ-թուրքական գործընթացի, ո՛չ հայ-ադրբեջանական սահմանազատման-սահմանագծման տեսքով, քանի որ, եթե իշխանությունը ցանկանա մի բան ստորագրել՝ կստորագրի, ինչպես արել է, կարելի է որոշակի դիրք գրավել, բայց գլխավոր հարցն այն է, թե ինչ է մտածում հայ հասարակությունը այդ ամենի վերաբերյալ, այլապես դա կլինի Հայաստանի կայունության համար լուրջ սպառնալիք»,- ասաց Սկակովը: